Վանաձորի դաժան ծեծի դեպքով, 6 օր անց, դեռևս որպես մեղադրյալ առաջադրված անձինք չկան. Համաձայնությո՞ւն, թե՞ …

Նոյեմբերի 26-ին, ըստ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանի ահազանգի, պարեկները Վանաձորում դաժան ծեծի էին ենթարկել Վանաձորի բնակիչներ, նույն ընտանիքի անդամներ 3 քաղաքացու:

Բռնության հետևանքով 2 քաղաքացի, այդ թվում նաև՝ անչափահաս երեխան, բազմաթիվ վնասվածքներով հայտնվել էին հիվանդանոցում:

Օրեր առաջ 168.am-ը «Վանաձոր» բժշկական կենտրոնում զրուցել էր ծեծված քաղաքացու հետ, ով ներկայացրել էր դեպքի մանրամասները:

«Կանդալները քցելուց հետո խփել են ինձ, ստացել եմ վնասվածքներ, ձեռքեր, ուս։ Տվել, քցել են ասֆալտին ու խփել, սաղ վնասվածքներն էդտեղից ա»,- ասել էր Ռադիկ Ավետիսյանը, ով պարեկների կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով ունի կողերի կոտրվածքներ, սալջարդեր, մարմնի վրա բազմաթիվ վերքեր:

Կարդացեք նաև

33-ամյա տղամարդը պատմել էր, թե ինչ է իրականում կատարվել նոյեմբերի 25-ին, թե ինչպես են պարեկները դաժան ծեծի ենթարկել իր եղբորորդուն, արցունքաբեր գազ փչել նրա աչքերին, դա էլ բավարար չէ, բերման ենթարկելիս՝ ոստիկանական մեքենայի մեջ, սպառնացել են, թե նրան «մանկական գաղութ են ուղարկելու»:

«Երեք  հոգով ծեծում էին երեխուն, գազ փչեցին նրա վրա։ Երեխեն էլ աչքերի հետ կապված խնդիր ունի, տեսողության հետ, ունի նաև ասթմա, երևի 100 անգամ իր կյանքը փրկել ենք։ Որ տեսա՝ մի երեք հոգով ծեծում են, ես վերցրել եմ ձեռքիս տակ ընկած գործիքը ու պաշտպանել եմ երեխու կյանքը, ասել եմ՝ մոտիկ չգաք, որովհետև գիտեմ, որ մի հատ ավելի խփելուց, մի հատ ավելի գազ փչելուց երեխեն կարող էր ընկնել կոմայի մեջ ու դուրս չգար։ Երեխուն ոստիկանության բաժանմունքից կոմայով են բերել հիվանդանոց։ Ես ոչ մեկին չեմ հարվածել։ Իմ վրա գազ են փչել, կանդալները քցել, ծեծել, գլուխս տվել ասֆալտով, քցել ավտոն, տարել բաժին։ Բաժնում նորից պարեկային աշխատողն ինձ հարվածել է։ Երեխուն էլ ճանապարհին, Լոռու մարզի պարեկային ոստիկանության պետի տեղակալը՝ Մհեր Խառատյանը, նստել է երեխու վրա, երեխեն ասել ա՝ անչափահաս եմ, խնդիր ունեմ, խնդրում եմ՝ ոչ մի բան մի արեք, նորից հարվածելով տարել է մինչև բաժին ու սպառնացել, որ՝ ես քեզ ուղարկելու եմ մանկական գաղութ․․․»,- նշել էր նա:

Ի դեպ, Հայաստանում Պարեկային ծառայության ներդրման ջատագով Դանիել Իոաննիսյանը նկատել էր, որ մտածում է՝ պատգամավորի պատմածը հորինվածք է կամ չափազանցություն, այլապես նա մանրամասն տեղեկություններ կտրամադրեր իրեն կամ «ջրի երես կհաներ տեսանյութերը»:

Դանիել Իոաննիսյանը Քրիստինե Վարդանյանին ավելի ուշ գրել էր՝ «ճշտեցի եղելությունը: Ձեր նկարագրածը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Ես կփորձեմ ուժերիս ներածի չափով անել ամենը, որ տեսանյութերը (որոնք չեն ջնջվել) հրապարակվեն, որ ձեր սուտը ջրի երես դուրս գա ու հանրությունը տեսնի, թե ինչ արարքներ եք պաշտպանում»:

Պետք է նկատել, որ Դանիել Իոաննիսյանը պաշտոնատար անձ չէ, այս վարույթով ըստ էության կողմ չէ, ուրեմն ինչպե՞ս են նրան հասանելի դարձել միջադեպի տեսանյութերը: Այս հարցի պատասխանը մինչ օրս չկա:

Հիշեցնենք, որ դատախազ Էդգար Պետրոսյանի հետ կապված միջադեպի ժամանակ էլ Դանիել Իոաննիսյանը վաղաժամ եզրակացություններ էր անում, սակայն հրապարակվեց տեսանյութը, որում պարզ երևում էր, որ Էդգար Պետրոսյանին պարեկն առևանգում է նրա իսկ տան բակից, իսկ այսօր գործը դատարանում է, իսկ պարեկը՝ մեղադրյալ։ 

Ըստ Քննչական կոմիտեի (ՔԿ) տարածած հաղորդագրության՝ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ՝ Խուլիգանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ՝ Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նկատի ունենալով, որ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիների կողմից ներկայացվել է հաղորդում իրենց ծեծի ենթարկելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի (Խոշտանգում) 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթը:

Այսօր 168.amՔննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանին հարցրեց՝ արդյո՞ք «Վանաձորի պարեկների գործով» որևէ մեկի մեղադրանք առաջադրված է, հատկապես 450-րդ հոդվածով հարուցված վարույթի շրջանակներում:

«Նշված դեպքի առթիվ նախաձեռնված երկու վարույթներով էլ դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան, դեռևս կատարվում են այն անհրաժեշտ քննչական, վարույթային գործողությունները, որոնց արդյունքներից կախված միայն կարող է լուծվել վարույթով հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը»,- ասաց ՔԿ խոսնակը:

168.am-ը կհետևի իրադարձությունների զարգացմանը՝ հասկանալու համար՝ արդյո՞ք համաձայնության են եկել ծեծվողներն ու ծեծողները, թե՞ կա մեկ այլ հանգամանք, որովհետև այն, որ դեպքից 6 օր անց այդքան ճռճռան հոդվածներով վարույթների պարագայում դեռևս որևէ մեկի որպես մեղադրյալ չեն ներգրավել, ինչ-որ բանի մասին խոսում է:

Տեսանյութեր

Լրահոս