Ի՞նչ ճակատագիր կունենա պարեկների կողմից դաժան ծեծի ենթարկված քաղաքացիների գործը՝ խոշտանգո՞ւմ, խուլիգանությո՞ւն, թե՞ …
Նոյեմբերի 26-ին Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ահազանգ է ստացել Լոռու մարզի բնակիչներից առ այն, որ նոյեմբերի 25-ին մի քանի քաղաքացիներ դաժան ծեծի են ենթարկվել Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից:
«Ըստ քաղաքացու, ում հետ զրուցեցի քիչ առաջ, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պարեկային ծառայությունը փորձել է ճանապարհն ազատել Նիկոլ Փաշինյանի շարասյան համար և այդ ընթացքում վեճի է բռնվել տարեց քաղաքացու հետ, ով պարզապես խնդրել է իր հետ հարգանքով խոսել: Խոսակցությանը միջամտել է տարեց քաղաքացու տղան, որից հետո միջադեպին միջամտել են ավելի մեծ թվով Պարեկային ծառայության աշխատակիցներ (մեկ տասնյակից ավել), ովքեր, ըստ քաղաքացու, դաժան բռնություն են կիրառել քաղաքացիական անձանց նկատմամբ` օգտագործելով նաև արցունքաբեր գազ:
Բռնության հետևանքով 2 քաղաքացի` այդ թվում նաև տարեց քաղաքացու անչափահաս թոռը բազմաթիվ վնասվածքներով, այդ թվում նաև կոտրվածքներով հայտնվել են հիվանդանոցում»,- գրել էր պատգամավորը:
Նա նաև նշել էր, որ ըստ քաղաքացու, շաբաթ օրը ոչնչացվել են նաև միջադեպը տեսագրած տեսախցիկների նյութերը, իսկ իրենց հորդորել են որևէ կերպ չբարձրաձայնել դեպքի մասին:
Գրառմանը արձագանքել էր Հայաստանում Պարեկային ծառայության ներդրման ջատագով Դանիել Իոաննիսյանը, ով մանրամասներ էր ցանկացել իմանալ Քրիստինե Վարդանյանից: Վերջինս սակայն հրաժարվել էր մանրամասներ հաղորդել Դանիել Իոաննիսյանին՝ լեգիտիմ հարցադրում անելով առ այն, թե ինչու պետք է ինքը դրանք տրամադրի Իոաննիսյանին, և, որ անհրաժեշտության դեպքում իրեն հասանելի տեղեկատվությունը կտրամադրի իրավապահներին:
Դանիել Իոաննիսյանը ի պատասխան՝ նկատել էր, որ մտածում է՝ պատգամավորի պատմածը հորինվածք է կամ չափազանցություն, այլապես ինքը մանրամասն տեղեկություններ կտրամադրեր կամ «ջրի երես կհաներ տեսանյութերը»:
Ավելի ուշ՝ ժամը 17:00-ի սահմաններում, Դանիել Իոաննիսյանը Քրիստինե Վարդանյանին գրել էր՝ «ճշտեցի եղելությունը: Ձեր նկարագրածը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Ես կփորձեմ ուժերիս ներածի չափով անել ամենը, որ տեսանյութերը (որոնք չեն ջնջվել) հրապարակվեն, որ ձեր սուտը ջրի երես դուրս գա ու հանրությունը տեսնի, թե ինչ արարքներ եք պաշտպանում»:
Ապա հարցրել էր՝ երբ տեսանյութերը հրապարակեն, պատգամավորը ներողություն կխնդրի՞, թե՞ կլղոզի:
Քրիստինե Վարդանյանը քաղաքացի Դանիել Իոաննիսյանին հորդորել էր զսպել իրեն, տարակուսել էր՝ ինչո՞ւ է նա խառնվել իրար՝ ըստ ամենայնի շեշտելով այն հանգամանքը, որ Դանիել Իոաննիսյանն այս վարույթով կարգավիճակ չունի:
Շաբաթ օրը երեկոյան «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ռեպորտաժ պատրաստեց «Վանաձոր» բժշկական կենտրոնից, ուր հայտնվել էին պարեկների կողմից դաժանորեն ծեծված քաղաքացիները:
«Արհեստանոցում երեխու հետ գործ էինք անում: Ես վաբշե չգիտեմ՝ ինչ է եղել, ինչ չի եղել: Երեխու հետ գործ անելուց տենամ՝ 7-8 էկիպաժ պարեկներից եկան: Թափին, կալոնկա ու սաղ իջան: Ես էն եմ հիշում, որ երեխեն ասում ա՝ մի խփեք, ինքը հիվանդ ա, աչքերի հետ էլ խնդիր ունի, լիքը վախտ իրան մահանալուց փրկել ենք, կոմայից հանել ենք… Էն տեսա, որ երեխու վրա գազ են փչում: Թափել են, մի 3-4 հոգով երեխուն տալիս են: Դրանից հետո ես իմ գործողությունները չեմ հիշում: Ու էն եմ հիշում բաժնում, որ արդեն ինձ ձեն են տվել: Գլուխս՝ ասֆալտով, կողերս էլ, 5 մատս ջարդած ա, թևեր, ոտքեր, ուսեր…Բայց մի 25-30 հոգով հա գազ էին փչում, հա խփում: Երեխեն էլ ասում էր՝ ես հիվանդ եմ, ինձ մի խփեք, նորից խփում են: Խեղդվում էր երեխեն, զոռով ստեղ բժիշկները կոմայից հանել են երեխուն: Մինչև հիմա լավ չի, ինքն անչափահաս երեխա ա»,- իրավիճակի իր տարբերակն էր ներկայացրել պարեկների կողմից ծեծված Ռադիկ Ավետիսյանը:
Վերջինիս որդին, ով նույնպես մարմնական վնասվածքներ ուներ, նշեց՝ դեպքի վայրին մոտեցել է այն ժամանակ, երբ տեսել է՝ հորն ու հորեղբորը քաշքշում են, հետո աչքերին ինչ-որ բան են փչել ու ծեծել. էլ բան չի հիշում:
«Մեկ էլ ավտոյի մեջ են մի երկու հատ խփել, որ տանում էին բաժին, ու բաժնում ուշքս գնաց: Ասթմա ունեմ դեղերի նկատմամբ: Ինչ-որ փչել էին… Լավ չէի, այդտեղից տեղափոխեցին այստեղ»,- ասաց 17-ամյա վանաձորցին՝ նշելով, որ իրեն ոստիկաններն են բերել հիվանդանոց:
Պատանու խոսքով՝ ինքը պարեկներին մեքենայի մեջ ասել է, որ անչափահաս է, բայց էլի խփել են:
168.am-ին դեպքի առնչությամբ այսօր ոստիկանությունից ասացին, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն:
Իսկ դատախազությունից էլ հայտնեցին, որ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ նոր Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, ինչպես նաև 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Հոդված 452. Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը:
1. Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Հոդված 297. Խուլիգանությունը
1. Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից:
168.am–ի տեղեկություններով՝ քրեական վարույթ կհարուցվի նաև 450-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով:
450. Խոշտանգում
1. Պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է 5. անչափահասի նկատմամբ, 7. մի խումբ անձանց կողմից:
168.am-ն, իհարկե, հետևողական կլինի այս գործի բոլոր հանգամանքների վերաբերյալ, բայց մինչ այդ Քրիստինե Վարդանյանին «Եթե տեղյակ լինեիք օրենսդրությունից, ապա կիմանայիք, որ թե տեսանյութերը երբ ու ոնց են ջնջվում։ Բայց դե դուք ուր` օրենքներին ծանոթ լինելն ուր» ասող Դանիել Իոաննիսյանին խորհուրդ ենք տալիս խոսել Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված հղի Սոնա Մնացականյանի հոր շահերի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ, ով մանրամասն նրան կբացատրի ու կտեղեկացնի՝ ապացույցները երբ ու ոնց են ջնջվում:
Դանիել Իոաննիսյանին տեղեկացնենք, որ 168.am-ի հետ զրույցում Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը, ավելի վաղ նշել էր, որ գործով որոշ ապացույցներ ոչնչացվել են: Իսկ Րաֆֆի Ասլանյանը նկատել էր՝ գործի համար առանցքային, էական նշանակություն ունեցող, առանձին անձանց արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու համար կարևոր նշանակություն ունեցող ապացույց է ոչնչացվել:
Ինչ վերաբերում է Դանիել Իոաննիսյանի պնդումներին, թե ամեն ինչ այնպես չէ, ինչպես Քրիստինե Վարդանյանն է ներկայացրել, և վերջինիս էլ հարցնում էր, թե նա ինչ կանի, երբ տեսանյութերը հրապարակվեն, պետք է նկատել, որ Դանիել Իոաննիսյանը պաշտոնատար անձ չէ, այս վարույթով ըստ էության կողմ չէ, ուրեմն ինչպե՞ս են նրան հասանելի դարձել միջադեպի տեսանյութերը:
Այս հարցի պատասխանը հենց իրենից էլ ցանկանում էինք ստանալ, սակայն Դանիել Իոաննիսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց. Հեռախոսազանգերին վերջինս չպատասխանեց:
Հարցին՝ ինչպե՞ս կարող էր Դանիել Իոաննիսյանը հասանելիություն ունենալ խնդրո առարկա տեսանյութերին՝ հաշվի առնելով պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գրառման տակ գրած նրա մեկնաբանության բովանդակությունը, Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ասաց՝ տեղեկացված չեմ՝ ինչ տեսանյութի հրապարակման մասին է խոսքը, հետևաբար՝ չեմ կարող մեկնաբանել։