Միայնակ պարեկը դատախազ Էդգար Պետրոսյանին առևանգում է նրա սեփական առանձնատան բակից. բացառիկ տեսանյութ
Երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» կայքը, ինչպես նաև մերձիշխանական այլ լրատվամիջոցներ, իրար հերթ չտալով՝ տարածում էին տեղեկություն այն մասին, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը մեքենան հարբած վիճակում վարելու և պարեկներին դիմադրելու համար ձերբակալվել է։
Ավելի ուշ դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ Էդգար Պետրոսյանն ազատ է արձակվել, քանի որ ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ:
Պարեկային ծառայության ներդրման ջատագով Դանիել Իոաննիսյանը սա համարեց դատախազության կողմից ԽԾԲ-ական մոտեցում, թե իբր իրենց կոլեգային չեն ցանկացել նեղացնել:
«Գիշերը պարեկները կանգնեցրել են Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանին և պարզել, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Դատախազ Պետրոսյանը, սակայն, դիմադրություն է ցույց տվել, որի արդյունքում պարեկները ստիպված են եղել կիրառել ձեռքի արցունքաբեր գազ ու ձեռնաշղթաներ, որից հետո դատախազը ձերբակալվել է: Այս պատմության էպիկ մասն այն է, որ մեկ այլ դատախազի որոշմամբ՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած դատախազ Էդգար Պետրոսյանն ազատ է արձակվել, իսկ նրա ձերբակալումը որակվել «ապօրինի»:
Այսպիսով, Հայաստանում կա պարեկային ծառայություն, որի համար մեկ է, թե խմած վարորդն ով է, բայց չկա դատախազություն, որը զերծ է ԽԾԲ-ական ավանդույթների պաշտպանությունից»,- գրել էր նա՝ չմոռանալով նշել, որ Էդգար Պետրոսյանն ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրն է:
Դանիել Իոաննիսյանը, իհարկե, չէր հիշել՝ ինչպես էր իր գովերգած Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանը 2021 թ․ նոյեմբերի 21-ին ոչ սթափ վիճակում իր վարած Toyota Corolla ավտոմեքենայով Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհին վթարի ենթարկվել՝ դուրս եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջվել։
Ումրշատյանի հետ մեքենայում եղել էր նաև նրա կինը, որը վթարի հետևանքով տեղափոխվել էր հիվանդանոց, բարեբախտաբար՝ լուրջ վնասվածք չէր ստացել։ Այս մասին «Հրապարակն» էր գրել, ում հետ զրույցում, ի դեպ, վերջինս չէր հերքել վթարի փաստը:
Դատախազության արձագանքը չուշացավ: Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը շատ չոր էր արձագանքել Դանիել Իոաննիսյանին՝ նշելով, որ Դանիել Իոաննիսյանը ո՛չ այդ դեպքի ականատեսն ու վկան է, ո՛չ տիրապետում կամ կարող էր տիրապետել վարույթի նյութերին, ոչ էլ առհասարակ որևէ առնչություն կարող է ունենալ տեղի ունեցածի հետ՝ նման անպատասխանատու «փաստագրումներ» անելու, ամբողջ համակարգի հեղինակության հետ խաղալու համար:
«Քննությանը չխոչընդոտող որոշակի փուլում Դատախազությունը կհրապարակի դեպքի տեսանյութը և շատ հնարավոր է՝ պարոն Իոանիսյանը զղջա իր ներկայիս մերկապարանոց հայտարարությունների համար՝ ստիպված լինելով տեսագրության մեջ մատնացույց անել պարեկին և դատախազին վերագրվող իբրև թե արարքները, նաև գուցե, ապատեղեկատվություն տարածելու համար խիստ անհարմար դրության մեջ դնի իրեն նման տեղեկատվություն տվողներին»,- գրել էր նա:
168.am–ը տիրապետում է տեսանյութին, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ միայնակ պարեկն Էդգար Պետրոսյանի սեփականություն հանդիսացող տարածքից, առանձնատան բակից տառացիորեն առևանգում է վերջինիս:
Տեսանյութի ուսումնասիրությունից էլ պարզ է դառնում, որ պարեկը, ով ի պաշտոնե պետք է օրինական գործողությունների կողմնակից լինի ու առաջնորդվի օրենքի տառով, գալիս է ու Էդգար Պետրոսյանին իր առանձնատան բակից գողանում, տանում է: Ըստ մամուլում հրապարակված լուրերի՝ Էդգար Պետրոսյանը ոչ թե հրաժարվել է կանգնել, այլ ասել է՝ վատ է զգում, թող գա իր հետևից, մինչև տեղ հասնի, ու կարող են կազմել արձանագրությունը:
Պարեկը մեր տեղեկություններով՝ իսկապես մենակ է եղել ու կատարել է ոչ իրավաչափ գործողություններ: Դատախազը բացատրել է՝ իր արարքներում դիտավորություն չկա, սակայն պարեկին թերևս հասու չի եղել իրավական տերմինաբանությունը:
Փաստացի պարեկը միայնակ, ինչպես իր անձնական մեքենայով, սակայն, բնականաբար, ծառայողական մեքենայով, այնինչ պարեկները պետք է երկու հոգով ծառայություն իրականացնեն, գալիս է, ու քանի որ միայնակ առևանգել չէր կարող դատախազին, կիրառում է արցունքաբեր գազ:
Այս տեսանյութում, ինչպես նկատելի է, հերքվում է Դանիել Իոաննիսյանի և իշխանական մեդիայի վարկածը:
Մանրամասները՝ տեսանյութում