«3 հոգով ծեծում էին երեխուն, սպառնացել են՝ մանկական գաղութ ուղարկել»․ Վանաձորում պարեկների կողմից բռնության ենթարկված տղամարդը մանրամասներ է ներկայացնում միջադեպից

Վանաձորում պարեկների կողմից դաժան ծեծի ենթարկված 17-ամյա տղան դեպքից միայն 4 օր անց է դատաբժշկական փորձաքննության ենթարկվել: Պապիկի՝ Ռաֆիկ Ավետիսյանի օգնությամբ մի կերպ քայլելով այցելում է նաև իր կյանքը փրկած հորեղբորը՝ Ռադիկ Ավետիսյանին:

Ավետիսյանների պաշտպանի հորդորով՝ ո՛չ 17-ամյա տղան, և ո՛չ էլ նրա պապիկը միջադեպի վերաբերյալ որևէ բան չեն խոսում: Պաշտպանը ևս հրաժարվեց մեկնաբանություն տալ։

Այնուամենայնիվ 168.amին հաջողվեց զրուցել Ռադիկ Ավետիսյանի հետ, որն ամենաշատն է տուժել պարեկային ծառայության աշխատակիցների գործողություններից։ 33-ամյա տղամարդն արդեն 4-րդ օրն է՝ գտնվում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում․

Կարդացեք նաև

«Կանդալները քցելուց հետո խփել են ինձ, ստացել եմ վնասվածքներ, ձեռքեր, ուս։ Տվել, քցել են ասֆալտին ու խփել, սաղ վնասվածքներն էդտեղից ա»։

Չնայած, որ Ռադիկը պարեկների կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով ունի կողերի կոտրվածքներ, սալջարդեր, մարմնի վրա բազմաթիվ վերքեր, բժիշկները նրա առողջական վիճակը համարում են «բավարարին մոտ»․

«Ավետիսյան Ռադիկը մեզ մոտ ընդունվել է ձախից 6-9-րդ կողի կոտրվածք ախտորոշմամբ։ Ներկա պահին գտնվում է ստացիոնար բուժման մեջ, ստանում է դեղորայքային բուժում։ Վիճակը մոտ է բավարարի»,- մեզ հետ զրույցում ասաց «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկ Տիգրան Ազրոյանը։

33-ամյա տղամարդը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչ է իրականում կատարվել նոյեմբերի 25-ին, թե ինչպես են պարեկները դաժան ծեծի ենթարկել իր եղբորորդուն, արցունքաբեր գազ փչել նրա աչքերին, դա էլ բավարար չէ, բերման ենթարկելիս՝ ոստիկանական մեքենայի մեջ, սպառնացել են, թե նրան «մանկական գաղութ են ուղարկելու»․

«Երեք  հոգով ծեծում էին երեխուն, գազ փչեցին նրա վրա։ Երեխեն էլ աչքերի հետ կապված խնդիր ունի, տեսողության հետ, ունի նաև ասթմա, երևի 100 անգամ իր կյանքը փրկել ենք։ Որ տեսա մի երեք հոգով ծեծում են, ես վերցրել եմ ձեռքիս տակ ընկած գործիքը ու պաշտպանել եմ երեխու կյանքը, ասել եմ՝ մոտիկ չգաք, որովհետև գիտեմ, որ մի հատ ավելի խփելուց, մի հատ ավելի գազ փչելուց երեխեն կարող էր ընկնել կոմայի մեջ ու դուրս չգար։ Երեխուն ոստիկանության բաժանմունքից կոմայով են բերել հիվանդանոց։

Ես ոչ մեկին չեմ հարվածել։ Իմ վրա գազ են փչել, կանդալները քցել, ծեծել, գլուխս տվել ասֆալտով, քցել ավտոն, տարել բաժին։ Բաժնում նորից պարեկային աշխատողն ինձ հարվածել է։ Երեխուն էլ ճանապարհին, Լոռու մարզի պարեկային ոստիկանության պետի տեղակալը՝ Մհեր Խառատյանը, նստել է երեխու վրա, երեխեն ասել ա՝ անչափահաս եմ, խնդիր ունեմ, խնդրում եմ՝ ոչ մի բան մի արեք, նորից հարվածելով տարել է մինչև բաժին ու սպառնացել, որ՝ ես քեզ ուղարկելու եմ մանկական գաղութ․․․»։

Անդրադառնալով Քննչական կոմիտեի երեկ տարածած հաղորդագրությանը, որտեղ, ի դեպ, կատարվածն այլ կերպ է ներկայացվում, մասնավորապես նշվում է, որ՝ ««Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանության աշխատակցի հրահանգներին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո ոստիկանության աշխատակիցներից մեկը վարչական իրավախախտումն արձանագրելու համար մոտեցել է վարորդին, սակայն բենզալցակայանի տարածքում գտնվող քաղաքացին մոտեցել և խոչընդոտել է ոստիկանության աշխատակցի օրինական գործողություններին: Մոտեցել են նաև այլ քաղաքացիներ, որոնցից մեկը ձեռքով հարվածել և հայհոյել է դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներից մեկին», Ռադիկ Ավետիսյանն ասաց, որ մետաղյա ձողն ինքն է վերցրել, բայց դա եղել է միայն այն ժամանակ, երբ տեսել է, թե ինչպես են մի քանի հոգով ծեծում իր եղբորորդուն, սակայն նշեց, որ դա զուտ պաշտպանողական քայլ է եղել, և, որ ինքը որևէ մեկին չի հարվածել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս