75.000 դրամով նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է բերել փոքր բիզնեսի փակման, կամ անցմանը ստվերին. Վաչե Գաբրիելյան
Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը վստահեցնում է՝ 2022 թվականին արձանագրված 14.1 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ, ինչի հետևանքով էլ ունենք սպասարկման, ֆինանսական ծառայությունների, անշարժ գույքի և հյուրընկալության ոլորտում աննախադեպ ֆինանսական հոսքեր։
Այս տեսակետը Վաչե Գաբրիելյանը հայտնեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ ընդգծելով.
«Այնպես որ, ասել, որ այս թիվը ամբողջապես Կառավարության աշխատանքի արդյունքն է, սխալ է, բայց ասել, որ Կառավարությունը սրա հետ կապ չունի, ևս սխալ է, որովհետև գործադիրն իրականացրել է քայլեր, որոնք նպաստել են նման տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենալուն»։
Ըստ Գաբրիելյանի՝ հենց ռուս-ուկրաինական հակամարտության՝ հայաստանյան տնտեսության վրա թողած ազդեցության հետևանքով է, որ հիմա ունենք ավելի բարձր տնտեսական աճ, քան թույլ է տալիս մեր տնտեսության ներուժը։
«Դրա հետևանքով է նաև, որ մենք շուկայում ունենք որոշակի տաքացում՝ մասնավորապես, փոխարժեքի արժեզրկում, սպասարկման ոլորտում աշխատավարձի աճ՝ կենտրոնացված միայն Երևանում»,- ասաց Վաչե Գաբրիելյանը՝ շեշտելով՝ արձանագրված 14.1 տոկոս տնտեսական աճի շարժիչ ուժը ծառայությունների ոլորտն է։
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրված 14.1 տոկոս տնտեսական աճը պայմանավորեց մենաշնորհների, օլիգարխիայի և կոռուպցիայի հաղթահարմամբ՝ դա համարելով իրենց գործունեության գլխավոր ձեռքբերումը, Վաչե Գաբրիելյանն արձագանքեց՝ առանց հաշվարկների դժվարանում է նման դատողություններ անել։
«Առանց որևէ հաշվարկի դժվարանում եմ նման դատողություններ անել. 14.1 տոկոս աճի մեջ դա որևէ կերպ արտացոլված չէ. չունենք գնահատականներ, որ, օրինակ, հյուրանոցային և ֆինանսական ոլորտում ունեցել ենք մոնոպոլ ազդեցություններ ունեցողներ, կամ, օրինակ, արագ է աճել ՏՏ ոլորտը, որտեղ մենք դոմինանտ խաղացողներ չունենք, ներքին շուկան էլ մոնոպոլիզացված չէ, այնպես որ, թե ի՞նչ պատճառահետևանքային կապեր են տեսել, ես չեմ կարող ասել. ինքս այս արագ աճող ճյուղերի հետ կապված նման գործոններ չեմ տեսնում,- ասաց Գաբրիելյանը՝ շեշտելով,- Կան գլոբալ ռիսկեր դեպի Հայաստան փողի հոսքի և՛ շարունակականության, և՛ դադարեցման դեպքում»։
Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկանը խնդիրներ մատնանշեց նաև 2023 թվականի բյուջեի նախագծում: Դրանցից մեկը, օրինակ, վերաբերում էր նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ դարձնելու մասին Կառավարության որոշմանը, որը, ըստ մեր զրուցակցի՝ ճիշտ չէ, որովհետև հաշվի չեն առնվել մի շարք նրբություններ։
«Այն ակնկալիքը, որ պետությունը դնում է մասնավոր ոլորտի վրա՝ ասելով՝ դուք տվեք 75 հազար դրամ աշխատավարձ, ինչը ենթադրում է, որ պետությունն այդ 75 հազարը կարող է չտալ, կամ ունենալ հաստիքներ, որոնք կարող են չլրացվել, խնդրահարույց է. Կառավարության այդ քայլին գնալու նպատակը բյուջեի վրա ծախսեր չավելացնելն է՝ բեռը թողնելով մասնավոր ոլորտի վրա։ Մյուս կողմից՝ Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին հաշտվության համաձայն՝ տարբեր են աշխատավարձերի բարձրացումը Երևանում և մարզերում, որոնք զգայուն են ֆինանսավարկային, անշարժ գույքի, ՏՏ ոլորտի հատվածներում։ Թեև միջին աշխատավարձերը բարձրացել են, բայց դա բաշխված է անհավասար. հիմնականում աշխատավարձերն աճել են Երևանում, հետևապես՝ հարց է առաջանում՝ արդյո՞ք մարզերում կկարողանան նվազագույն աշխատավարձը բարձրացնել: Խնդիրներ կան, որոնց հետևանքով, օրինակ, փոքր բիզնեսները կամ կփակվեն, կամ կանցնեն ստվեր։ Նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամով բարձրացնելու հետևանքով մարզերում կարող են ձեռնարկությունները փակվել, հետևապես վաղաժամ էր նվազագույն աշխատավարձի բարձրացումը, հատկապես, որ դա արվում է մասնավորի միջոցներով»,- իր մտահոգությունները ներկայացրեց Վաչե Գաբրիելյանը։
Նա մտահոգիչ համարեց նաև այն, որ 2023 թվականի բյուջեում մատնանշված չէ, թե, օրինակ, ինչ է անելու Կառավարությունը երկիր եկող այս ծավալի ֆինանսական հոսքերի հետ՝ կիրառելով իր ֆիսկալ գործիքները։
«Այդ կարևոր հարցի պատասխանը, թե մեծ ֆինանսական հոսքերի պայմաններում ինչպես է Կառավարությունն ապահովելու մրցունակությունն այնպես, որ մենք արտադրական պոտենցիալ չկորցնենք, բյուջեի նախագծում չկա»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում