
Զելենսկին հաստատել է պաշտպանական ծախսերի ավելացումը 7,78 միլիարդ դոլարով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որով ազգային անվտանգության և պաշտպանության պետական բյուջեի ծախսերը մեծացվում են 324,7 միլիարդ գրիվնայով (մոտ 7,78 միլիարդ դոլար)։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։
Միջոցները կհատկացվեն Ուկրաինայի զինված ուժերին, զենքի ձեռքբերմանը, Ազգային գվարդիային, Պետական հատուկ կապի ծառայությանը և այլ ուժային մարմիններին։
Գերագույն ռադան այս օրենքն ընդունել էր հոկտեմբերի 21-ին։
Ինչպես նշել է Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն, օրենքը կօգնի կատարել պարտավորությունները հայրենիքի պաշտպանների նկատմամբ և ապահովել աշխատավարձերի ժամանակին վճարումը։
Նրա խոսքով՝ սառեցված ռուսական ակտիվներից ստացված տոկոսները կծախսվեն պաշտպանության վրա։
«Ի վերջո, մենք այս միջոցների մի մասը՝ 294.3 միլիարդ գրիվնան, տրամադրում ենք «Արտահերթ եկամուտների արագացման» (ERA) վարկերի եվրոպական մասի միջոցով՝ չվերադարձվող վարկ, որը հիմնված է սառեցված ռուսական ակտիվներից ստացված տոկոսների վրա», – հավելել է նա։