Օնիկ Գասպարյանի՝ ճշմարտությունն ասելու ժամանակն ու տեղը. Հանձնաժողովո՞ւմ, թե՞ դրա պատերից դուրս

Օրերս Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության նորընտիր պատգամավորների հետ հանդիպմանը քննարկել է Արցախյան վերջին պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու հարցը:

Լրագրողների հետ զրույցում ՔՊ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշել էր, որ ՔՊ-ն կարծում է՝ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում ներկայացված կուսակցություններով։

Եթե ԱԺ շրջանակում ստեղծվի այդ հանձնաժողովը, ապա այնտեղ կարող են լինել միայն խորհրդարանական խմբակցությունների անդամներ, բայց ոչ արտախորհրդարանական ուժեր:

Այսինքն, ԱԺ կանոնակարգ օրենքով անվտանգային հարցերով քննիչ հանձնաժողով ստեղծվում է ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի հենքի վրա:

Եթե փորձ են անելու ստեղծել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ժամանակին առաջարկած պարիտետային փաստահավաք խումբ-հանձնաժողովը, որին կարող են, այսպես ասած, անդամակցել նաև արտախորհրդարանական ուժեր, անկախ մասնագետներ, այս դեպքում անհրաժեշտ է կառավարության համապատասխան որոշման կամ օրենքի առկայություն:

Թե ո՞ր տարբերակը կընտրի Փաշինյանը, դա կախված է նրա հաշվարկներից՝ ո՞ր դեպքում ավելի հեշտ և «հիմնավոր» կարելի է պատերազմի պարտության մեղքը բարդել միայն ռազմաքաղաքական ղեկավարության վրա և խուսափել սեփական պատասխանատվությունից:

Գերմանիայի Հագենի համալսարանի գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը «168 Ժամի» հետ զրույցում անդրադառնալով իշխանությունների կողմից նման նախաձեռնության մասին՝ ասել է.

 «Քննիչ հանձնաժողովի գաղափարը, որը վերցված է գերմանական սահմանադրական իրավունքից, հենց խորհրդարանական ընդդիմության համար է նախատեսված, որպես նրանց ձեռքի «զենք» և հակակշիռ խորհրդարանական մեծամասնությանը, որն ինքն էլ ձևավորում է կառավարությունը, և միասին կառավարում են երկիրը: Այդ տեսանկյունից, իրոք, տարօրինակ է ՀՀ իշխանության կողմից նման նախաձեռնությունը, որովհետև իսկապես կառավարության, իշխող ուժի ձեռքում են կենտրոնացած ամբողջ իրավապահ, հետաքննող մարմինները, որոնց ֆունկցիան է հենց բացահայտել տեղի ունեցած հանցագործությունները, անօրինական դեպքերը: Հետևաբար՝ խորհրդարանական մեծամասնությունն ընդհանրապես կարիք չունի ստեղծելու քննիչ հանձնաժողով, որովհետև ինքն առանց դրա էլ կարող է ամեն ինչ պարզել: Դա որպես գործիք՝ նախատեսված է ընդդիմության համար»,- ասել է նա:

Այն, որ ռազմական, ռազմաքաղաքական ղեկավարությունը մեղքի իրենց բաժինն ունեն, ոչ ոք չի առարկում, բավական է այն, որ չեն կանխվել Փաշինյանի ինչ-ինչ ցանկություններ՝ կապված ռազմական դրվագների, օպերացիաների, անհատ զինվորականների առաջարկած օպերացիաներին ընթացք տալու հետ:

Խնդիրն այստեղ այն է, թե որքանո՞վ է այս ամենում մեղքի իր բաժինը, որպես գերագույն կամ գլխավոր հրամանատար, տեսնելու և ընդունելու հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, և որքանով են հանձնաժողովի շրջանակում ռազմական դրվագների քննությունները լինելու վրեժխնդրությունից դուրս: Ի դեպ, պատերազմի հետ կապված ավելի քան 1000 քրեական գործ կա, և սա գուցե խոչընդոտ տեսնեն հանձնաժողով ստեղծելու հարցում ԱԺ շրջանակում: Մյուս կողմից՝ մեկնաբանման հարց է:

Մի բան հստակ է՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը լինելու է առաջին և կարևորագույն թիրախը, այս թեման այսօր դարձյալ նետվեց մեդիադաշտ, թե որ կողմից, կարելի է տարբեր ենթադրություններ անել:

Ի դեպ, ընթացիկ տարվա ապրիլի 16-ին Օնիկ Գասպարյանը դիմել էր այն ժամանակվա Ազգային ժողովի նախագահին, խորհրդարանական իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին, նաև Պաշտպանության հանձնաժողովի նախագահին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով:

Այսինքն, վստահել էր, իր ասած, «բարոյազուրկ ստախոսներին», թեպետ 168.am-ի հետ զրույցում օրեր հետո ասել էր, որ ճշմարտությունը պատերազմի տարբեր դրվագների, 4-րդ օրը այն կանգնեցնելու իր առաջարկի հետ կապված, կարող է բացահայտվել միայն իշխանափոխությունից հետո: Իշխանափոխություն տեղի չունեցավ, և անգամ, եթե ստեղծվի ԱԺ քննիչ հանձնաժողով, և այնտեղ լինեն նոր խորհրդարան անցած «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների մանդատ ստացած անդամները, դա մեծ բան չի փոխի, և ոչ մի երաշխիք, որ Օնիկ Գասպարյանին չեն կալանավորի:

Ի վերջո, այնպես չէ, որ ընդդիմությունը ԳՇ նախկին պետի հետ կապված վերապահումներ չունի: Նրանք մեկ անգամ չէ, որ ասել են՝ գեներալ Գասպարյանը պետք է խոսի, և, որ նրա լռությունն ամրապնդում է Փաշինյանի դիրքերը:

Իսկ ԳՇ նախկին պետը, որպես զինվորական, այն կարծիքին է, որ պետական և ռազմական գաղտնիքները չպետք է հրապարակայնացնել, հանրայնացնել, դրանց մասին պետք է խոսել փակ դռների հետևում:

Հարցն այն է, որ Փաշինյանի իշխանության օրոք այդ «փակ դռներ» ասվածը շատ վիճելի է եղել և կա: Այսինքն, շատ կարևոր է՝ ովքեր են այդ փակ դռների հետևում նստողները, և ում ենք վստահում պետական և ռազմական գաղտնիքները:

Ապրիլյան հանձնաժողովի շրջանակում բազմաթիվ պետական և ռազմական գաղտնիքներ լսեցին մարդիկ, որոնք հեռու էին ռազմական գործից, չի բացառվում, որ «կասկածելի» շփման շրջանակներ ունեին, ուստի դեռ պետք է քննել, թե որքանով այս շրջանակում բացահայտումները մոտեցրին արցախյան վերջին պատերազմը, և որքանով այս հանձնաժողովը կամ այդ շրջանակում վստահված տվյալները «հետախուզական» առաքելություն իրականացրեց և «արտահոսեցին»:

Իսկ վերջին պատերազմում ռազմական գաղտնիքները, մութ տեղերն ավելի շատ են: Եվ հետո՝ այստեղ քննողն և քննվողը նույն իշխանությունն է: Զինված ուժերում էլ ոչ բոլորը դեմ դուրս կգան իշխանությանը, եթե անգամ ժամանակին Փաշինյանի հրաժարականի տակ են ստորագրել, բայց չէ՞ որ վտանգ կա թիրախ դառնալու, ուստի անգամ համակարգից դուրս եկածներն են չափավոր զգուշավոր կամ չափավոր քննադատող:

Իսկ Օնիկ Գասպարյանը, մի քանի կարևոր հարց կա, որին պիտի պատասխանի, օրինակ, ինչու, ամեն դեպքում, պատերազմի 4-րդ օրն առաջարկվեց կանգնեցնել պատերազմը: Գուցե պատճառը միայն պատերազմի առաջին օրերին կրած մարդկային և նյութական կորուստները չէին, այլ ռազմաքաղաքական իրավիճակը, քաղաքական ղեկավարության տրամադրվածությունը և ՀՀ-ի ղեկավարության հանդեպ արտաքին քաղաքական տրամադրվածությունը գլխավոր խաղացողների կողմից, և պատերազմը 4-րդ օրը կանգնեցնելու առաջարկը այլ ենթատեքստով կանխարգելիչ նպատակ, պատճառ կամ հիմնավորում ուներ, և նոր միայն՝ ռեսուրսների:

Արդյո՞ք ճիշտ են շրջանառվող տեղեկությունները, որ իրեն մեկուսացրել են, և ամեն բան որոշվել է ՊԲ-ում, եղե՞լ են հրամաններ, որոնք մերժել է, կամ՝ ընդառաջ գնացել:

Հարցեր, որոնց պատասխանները վաղուց պիտի տրվեին, իշխանափոխությանը սպասելով՝ փոխում ենք ճշմարտությունն ասելու միջավայրը, պատկերը:

Գուցե գործ ունենք Պաուլո Կոելիոյի «Լույսի զինվորի» հետ՝ «պատրաստվելով անհապաղ սկսել ճակատամարտը` ձևացնում է, թե իրեն պատել է նինջը և իբր ուր որ է՝ քնելու է, բայց գիտե, թե ինչ է ուզում, և իր ծրագրերը բացատրելու կարիքը չունի»:

Ժամանակը ցույց կտա:

Տեսանյութեր

Լրահոս