Հիշելով ընդդիմադիր և Զինված ուժերը Նիկոլ Փաշինյանից պաշտպանող Էդմոն Մարուքյանին

ՀՀ հատուկ հանձնարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ ԱԺ-ում ունեցած իր հարցուպատասխանը, ընդ որում, տեսագրությունը «Հայկական ժամանակինն» էր՝ «Վիգեն Սարգսյանը դեմ է, որ բանակի գնումները բացառապես կատարվեն հայկական արտադրողից» վերտառությամբ, որտեղ, ի դեպ, մանիպուլյացիոն տարրեր կան:

Խոսքն այստեղ վերաբերում է բանակի գնումները հայաստանյան արտադրողներից տարեկան պաշտպանական բյուջեի առնվազն 2 տոկոսի չափով ավելացման պահանջի օրենքով ամրագրմանը, ինչը ամրագրված էր նաև «Ելք» դաշինքի 2017-ի ԱԺ ընտրությունների նախընտրական ծրագրում:

Վիգեն Սարգսյանը տեսանյութում պատասխանում է, որ ավելանալու է զինված ուժերի համար գնվող միջոցների քանակը տեղական արտադրողներից, այդ թվում՝ մարտական հերթապահության կազմակերպման համար:

«Բայց օրենքով նման սահմանափակում ֆիքսելը կնշանակեր ոչ արդյունավետ դաշտի ստեղծում, որը կարող է ազդել արդյունավետության վրա, մյուս կողմից, դանդաղեցնել մեր տեղական արտադրողների մրցակցության մեջ առաջ շարժվելու ձգտումը: Մենք մեր արտադրողների հետ աշխատում ենք որպես գործընկերներ՝ հուշելով նրանց այն ոլորտները, որոնք առաջնահերթ են և որտեղ կարող են անել ավելին: Ձգտում ենք, որ օր առաջ հնարավոր լինի էլ ավելի շատ ձեռք բերել մեր տեղական արտադրողից: Ցավոք սրտի, օրենքով չեն կարգավորվում և օրենքը չի լուծում դրա արդյունավետ կիրառման հարցը»,- շարունակում է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ կարևորելով գին-որակ համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով սահմանափակ ռեսուրսները:

Կարդացեք նաև

Հետաքրքիր է՝ քանի անգամ է Էդմոն Մարուքյանը վերը նշված պահանջը դրել Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջ, որովհետև բառացիորեն նույն ձևակերպումը չկա «Լուսավոր Հայաստանի» 2021թ. քաղաքական ծրագրում:

Երկրորդ՝ ինչո՞ւ ՀՀ հատուկ հանձնարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանից չի պահանջում զարգացնել ռազմաարդյունաբերությունը, ԱԹՍ-ների արտադրությունը, որն ինչ-որ չափով կարող է լրացնել զինված ուժերի կարիքները, և մենք ստիպված չենք լինի այլ երկրներից այսօրվա չափ կախվածության մեջ լինել:

Ի դեպ, 168.amանդրադարձել էր հայկական արտադրության ԱԹՍ-ներ պատվիրել-չպատվիրելու խնդրին, փորձել էինք ՊՆ-ից ճշտել՝ կա՞ արդյոք պատվեր, սակայն այդ տեղեկությունը պետական գաղտնիք էր համարվել:

Խոսքը 2011-ին կայացած զորահանդեսին ցուցադրված «Կռունկ» անօդաչու թռչող սարքի մասին է, որի կառուցվածքի հիման վրա ավելի ուշ մասնագետները ստեղծել էին «X-55» հետախուզական ԱԹՍ-ն, որի նախագծման աշխատանքները սկսվել էին 2012 թվականին, իսկ առաջին փորձարկումն ու շահագործումը կատարվել էր 2014-ին:

Փորձագետների կարծիքով, այն, ըստ էության, իր խնդիրը վատ չի կատարել, այդ թվում՝ 2016-ի քառօրյայի ժամանակ:

Մոսկվայում կայացած «Բանակ-2017» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսում ցուցադրվեց արդեն «X-55»-ի մոդեռնիզացված տարբերակը՝ X-55M կամ «ԱՐՄԻ-55Մ», որը նախատեսված էր հետախուզության և կրակի կառավարման համար:

Մեր տեղեկություններով, վերը նշված անօդաչու սարքերը կիրառվել են նաև հուլիսյան դեպքերի ժամանակ և վերջին պատերազմում:

Ավելին, «ArmHitec-2016» զենքի և սպառազինության ցուցահանդեսի ժամանակ հայկական «Արագած» ընկերությունից հայտնել էին, որ հակատանկային «Ֆագոտ» համակարգի համար նախագծել և պատրաստել են ջերմադիտարկման սարք, որը հնարավորություն էր տալու 5500 մետրի վրա նկատել հակառակորդի տեղաշարժը, իսկ 3500 մետր հեռավորության վրա՝ հակառակորդի զրահատեխնիկայի շարժը:

Ընկերությունն արտադրել էր նաև շուրջօրյա դիտարկման սարք, որը ևս հնարավորություն էր տալիս արդեն 3500-4000 մետր հեռավորության վրա դիտարկել հակառակորդի տեղաշարժը, հասկանալ՝ հակառակորդը զինվա՞ծ է, թե՞ ոչ:

Արդյոք համալրվե՞ց այս սարքերով բանակը, այդպես էլ չիմացանք:

Սա երկար քննարկելու թեմա է, որին ավելի ուշ և մանրամասն կանդրադառնանք:

Իսկ հիմա Էդմոն Մարուքյանին իր իսկ մասնակցությամբ մի քանի դրվագներ էլ հիշեցնենք:

Մոտ մեկ տարի առաջ ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը «Ֆակտորին» տված հարցազրույցում 44-օրյա պատերազմի համատեքստում մի քանի ուշագրավ միտք էր արտահայտել՝ փորձելով, ըստ էության, զինված ուժերը, Գլխավոր շտաբը պաշտպանել Նիկոլ Փաշինյանից: Այստեղ նա, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանից ապացույցներ էր պահանջում, որ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանները, ինչպես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Այս մասին Էդմոն Մարուքյանը նաև գրառում էր կատարել.

«Ինչո՞վ Օնիկ Գասպարյանը չհամապատասխանեց, եթե գեներալի կոչումը և շտաբի պետի պաշտոնը տրվել էին Նիկոլ Փաշինյանի կողմից:

Ինչո՞ւ գեներալ Գասպարյանի զեկույցները լսելի չեղան:

Ե՞րբ կներկայացվեն ապացույցներ, որ Օնիկ Գասպարյանը հայտնի հայտարարությունը հրապարակելիս գործել է Սերժ Սարգսյանի հրամանով»,- ֆեյսբուքյան գրառման մեջ հարց էր բարձրացրել Մարուքյանը:

Իսկ «Ֆակտորին» տված հարցազրույցում նախկին ընդդիմադիր, այսօր արդեն Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը նաև ասել էր.

«Ասում են՝ մենք սաղ ճիշտ ենք արել, բայց էն գեներալները, ավագ լեյտենանտները, կապիտանները… Բանակի նկատմամբ 1300 քրեական գործ կա հարուցված, էդ 1300 քրեական գործերից որևէ մեկով անցնո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը՝ որպես գլխավոր հրամանատար: Որևէ դիվանագետ անցնո՞ւմ է այդ 1300 քրեական գործերով, որ բանակցություն է տապալել: Արտաքին քաղաքականությունն ամենակարևոր քաղաքական կոմպոնենտն է, դա տապալվել է, նոր եղել է պատերազմ: Հիմա ո՞վ է եղել տապալողը»:

Արդյո՞ք Էդմոն Մարուքյանը դեռ այս կարծիքին է, հայտնի չէ, գուցե՝ կռահելի, մենք սիրով կլսենք նրա պարզաբանումը, եթե ցանկանա, որում վստահ չենք այսօր… Փաստ է այն, որ Էդմոն Մարուքյանի հնչեցրած մտքերը փոփոխվում են՝ ըստ զբաղեցրած պաշտոնի և քաղաքական նպատակահարմարության:

Տեսանյութեր

Լրահոս