Մենք ունենք ճգնաժամ` 922 օր է մնացել մեզ, եթե ոչ մի բան չանենք՝ Արցախը կորցնելու ենք. Ռուբեն Վարդանյան
«Համաշխարհային հայկական գագաթնաժողովի»՝ «Ի՞նչ ենք մենք կառուցում։ Հայաստան-սփյուռք գործակցության լավագույն օրինակները» թեմայով պանելային քննարկմանը հանրային գործիչ, գործարար Ռուբեն Վարդանյանն Արցախից միացավ տեսակապով:
Նա հույս հայտնեց, որ մյուս Համահայկական գագաթնաժողովը կանցկացվի Ստեփանակերտում, ապա զարմանքով արձանագրեց. «Մենք խոսում ենք Համահայկական Սփյուռքի համաժողովի մասին, բայց Արցախում ապրող 120 հազար մարդիկ որտե՞ղ են գտնվում. նրանք ՀՀ քաղաքացիներ են, բայց ապրում են Արցախում: Ես ուզում էի հարց տալ բոլորին՝ մենք խոսում ենք Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների մասին. Արցախը ո՞ր մասն է գրավում՝ իրենք հայաստանցի՞ են, թե՞ արդեն Սփյուռք են դարձել:
Անընդունելի եմ համարում, որ նման միջոցառման մեջ «Արցախ» բառը չի հնչել և չի հնչում»:
Ռուբեն Վարդանյանն անդրադառնալով անելիքներին՝ նկատեց, որ կարևորում է պետություն կառուցելը՝ արձանագրելով, որ դա ամենևին կենաց չէ, այլ ամենօրյա աշխատանք և պատասխանատվություն:
«Մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակը, որ ունենք, մենք ենք ստեղծել, ոչ թե մեր թշնամին. մենք ենք մեղավոր, որովհետև 30 տարի չենք փորձել անել այն, ինչ պետք է անեինք»,- ասաց հանրային գործիչը:
Արցախի և Սփյուռքի հարաբերությունների ապագայի մասին հարցադրումներին ի պատասխան՝ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ պատերազմի օրերին երբ եկել է Ստեփանակերտ, հասկացել է, որ իրավունք չունի կողքից նայելու. «Մենք ունենք Սարդարապատ, մենք ունենք ճգնաժամ` 922 օր է մնացել մեզ. եթե ոչ մի բան չանենք, մենք Արցախը կորցնելու ենք: Ես անընդունելի եմ համարում մարդկանց, որ ասում են՝ մենք ոչ մի բան չենք կարող անել: Դու՝ որպես քաղաքական գործիչ, պետական հիմնարկի աշխատող՝ կարող է՝ չկարողանաս անել, բայց որպես հայ, որպես մարդ… 115 հազար մարդ է այստեղ ապրում, որից 30 հազարը երիտասարդներ, երեխաներ են, որոնք պետք է զգան՝ մենակ չեն, որ իրենք չեն մոռացվել, որովհետև, գիտեք, ուժ չունեն. մեզ մոտ Հայրենական պատերազմ է գնում:
Դուք չգիտեմ՝ եկել եք, Երևանում ինչ եք տեսնում, ոնց եք քննարկում, մենք ունենք Հայրենական պատերազմ, կամ դուք դա հասկանալու եք, կամ՝ չեք հասկանալու, որ մեր 115 հազար հայեր, սփյուռք, արցախցի, ոնց ուզում եք՝ նշեք, տանկի առջև կանգնած են, ու մենք անտարբերությամբ մենք դա դարձնում ենք ամենամեծ վտանգը: Ճգնաժամի ժամանակ պետք է ազնիվ լինենք. իրավունք չունենք ձևական բաների: Մենք ունենք ճգնաժամ. կամ մենք այս 900 օրվա մեջ լուծելու ենք Արցախի անվտանգության հարցը, կամ գտնելու ենք ձևը, որ Արցախում մարդիկ զգան՝ մենակ չեն, ապագա ունեն, կամ մենք կորցնելու ենք հայկական աշխարհի ամենակարևոր արմատներից մեկը»:
Մանրամասները՝ տեսանյութում