Ի՞նչ փաստաթուղթ էր ընթերցում Գեղամ Մանուկյանը

Քիչ առաջ Ազգային ժղովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ  «Փաշինյանը ստորագրելու է նոյեմբերի 9-ից ավելի շատ զիջումով փաստաթուղթ», ապա պատռեց ձեռքին պարզած փաստաթուղթը:

Պատգամավորն իր հետ մի փաստաթղթի պատճեն էր տարել՝ նշելով, որ արդեն 2 շաբաթ է՝ մամուլում շրջում է անգլերեն մի փաստաթուղթ, որը մշակվել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի հովանավորությամբ, և որին Պրահայում հավանություն են տվել Փաշինյանն ու Ալիևը։

«Մի քանի կետանոց փաստաթուղթ, որի մասին իշխանությունները որևէ բառ չե՛ն խոսել, չե՛ն հերքել, որտեղ արձանագրվում է՝ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից, ինքնորոշման իրավունքից, մեր 30-ամյա պայքարից»,- հայտարարեց Մանուկյանը, ապա փաստաթղթից մեջբերում արեց․

Կարդացեք նաև

«Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ՝ քննարկումներ անցկացնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ։ Միայն այսքանը։

Արցախցին էթնիկ փոքրամասնություն է միայն ըստ արևմտյան ծրագրի։ Էլ ինչո՞ւ պետք է Մինսկի խումբ աշխատացնեն, բանակցություններում միջնորդ լինեն։ Հիմա՝ 30 տարուց հետո, առաջին հայկական իշխանությունն է, որը համաձայն է Արցախը հանձնելու, թշնամու բոլոր պահանջները կատարելու։ Սա՛ է մինչև տարվա վերջ ստորագրվելիք իբր խաղաղության պայմանագիրը։ Նոյեմբերի 9-ի այդքան քննադատված հայտարարությունից առավել շատ զիջումով փաստաթուղթ՝ կրկնակի կապիտուլյացիա»։

Գեղամ Մանուկյանը կոչով դիմեց համայն հայությանը՝ ասելով, որ ՀՀ գործող իշխանությունները խաղաղություն չեն բերելու․

«Սիրելի՛ հայրենակից, չի՛ բերելու այս իշխանությունը քեզ խաղաղություն, ինչպես չբերեց անցնող 2 տարիներին։ Ոչ միայն չի՛ բերելու, այլև նոր փորձանք ու փորձություն է բերելու, արդեն իսկ շարունակություն՝ Ջերմուկի, Վարդենիսի, Ներքին Հանդի, Սոթքի ողբերգության, հսկայական տարածքների՝ թշնամական օկուպացիայի։ Այսօր արդեն Հայաստանի իշխանությունը չի թաքցնում թշնամու ախորժակը՝ Տավուշի, Արարատի, Մեղրիի մի շարք բնակավայրերի նկատմամբ։ Սա պետք է կասեցնե՛լ, որ խաղաղության ցուցանակի տակ թաքնված պարտությունը, նոր պատերազմները, բռնագրավումը չթակի ամեն մեկիս դուռը՝ իմ բնակված Քանաքեռից մինչև հեռավոր բնակավայր։ Այս իշխանությունը չունի որևէ լիազորություն, մանդատ, իրավունք՝ իր ձախողումների, անկարողության պատճառով զրկել մեր սերունդներին իրենց իրավունքների տերը լինելու հնարավորությունից։ Այս իշխանությունը, Փաշինյանը չե՛ն կերտել հայոց պետականությունը, Արցախ Հանրապետությունը, որ Վաշինգտոններում, Պրահաներում մի ստորագրությամբ որոշեն, որ արցախցին, Ազատ Արցախն ընդամենն Ադրբեջանի կազմում էթնիկ փոքրամասնություն է։ Մեր ժողովրդի իրավունքների գողը, ի վերջո, պատասխան կտա։ Սիրելի՛ հայրենակից, կրկնում եմ այս ամբիոնից մի քանի շաբաթ առաջ ասածս խոսքը՝ հիմա ոչ թե Նիկոլին, այլ հայրենիքը փրկելու ժամանակն է․․․»,- իր ելույթում ասաց Գեղամ Մանուկյանը։

Ստորև ներկայացնում ենք Գեղամ Մանուկյանի նշած փաստաթուղթը և դրա թարգմանությունը.

«Եռակողմ բանակցություններում կողմերի պարտավորությունները

Վաշինգտոն DC

27 սեպտեմբերի, 2022թ.

Կողմերը պարտավորվել են կատարել հետևյալը:

  • Կողմերի արտաքին գործերի նախարարները կսկսեն ժամանակային սահմանափակում ունեցող, գրավոր տեքստի վրա հիմնված բանակցությունները՝ մինչև օրացուցային տարվա վերջ խաղաղության համաձայնագիրը ավարտելու համար։
  • Խաղաղ բանակցություններին զուգահեռ սահմանազատման կոմիտեի ներկայացուցիչները կավարտեն հայ-ադրբեջանական միջազգային սահմանների սահմանազատումը` մինչև այս տարվա վերջ։
  • Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցչի, ով կաշխատի Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ՝ քննարկումներ անցկացնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ: Ներկայացուցիչները կապահովեն թափանցիկություն միջազգային հանրությանը իրենց քննարկումների վերաբերյալ:

Կողմերը կշարունակեն վերանայել միջազգային դիտորդի դերը՝ չհակասելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, վստահություն ապահովելու Լեռնային Ղարաբաղում փոքրամասնությունների խմբերի պաշտպանության վերաբերյալ:

  • Կողմերը պարտավորվել են շարունակել ներգրավված լինել Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երթուղի ստեղծելու քննարկումների մեջ, ներառյալ Ադրբեջանի տարածքով Հայաստանի համար փոխադարձ մուտքը:
  • 2022 թվականի սեպտեմբերյան բռնությունների ժամանակ բոլոր ձերբակալվածներն առանց նախապայմանների ազատ կարձակվեն մոտ ապագայում։

Որպես կողմերի միջև քննարկումների հյուրընկալող կողմ՝ Միացյալ Նահանգները

  • Հույս են հայտնում, որ բռնության դեպքերը չեն կրկնվելու, և ակնկալում է, որ կողմերը կկենտրոնանան բանակցությունների առաջընթացի վրա, որոնք կավարտվեն մինչև տարեվերջ»,– նշված է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ վերջերս «SIL0VIKI» թելեգրամյան հարթակը գաղտնազերծել և տեղադրել էր այս փաստաթուղթը՝ գրելով, որ այն կազմել է ԱՄՆ Պետքարտուղարությունը, և որը քննարկվել է սեպտեմբերի 27-ին կայացած եռակողմ հանդիպմանը։ Խոսքը, մասնավորապես, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանի վերջերս ԱՄՆ կատարած այցի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի ունեցած Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման մասին է։

Ըստ «SIL0VIKI» թելեգրամյան ալիքի՝ հենց այս փաստաթուղթն է եղել Փաշինյանի, Ալիևի ու Էրդողանի միջև հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քննարկումների առանցքային թեման։

«Դրան մեկ հայացքը բավական է համոզվելու համար, որ սա պարտվողական ֆորմատ է Երևանի համար։ Իսկ թուրքերի և Ադրբեջանի համար սա անվերապահ հաղթանակ է։ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, տեղի հայերն իրենց իրավունքները (sic!) կարող են քննարկել միայն Բաքվի հատուկ ներկայացուցչի հետ։ Հասկանալի է, որ դրանք լինելու են ֆորմալ քննարկումներ՝ տեղի հայ բնակչության ուծացման հեռանկարով։ Հայաստանի իշխանությունները, ըստ ամենայնի, ոչ միայն պատրաստ են դրան, այլև սա համարում են իրենց ձեռքբերումը»,- գրել էր վերոնշյալ թելեգրամյան ալիքը՝ հավելելով, որ այս ամենի «բոնուս»-ն է պանթուրքիզմի երազանքը՝ Զանգեզուրի միջանցքը։ «SIL0VIKI»-ն նաև եզրակացրել էր, որ սրանք արդեն Ռուսաստանի շահերն են՝ եթե անվտանգության հարցերն այս կերպ լուծվեն, Հայաստանի «արևմտամետները» անմիջապես կբարձրացնեն Գյումրիում ռուսական ռազմակայանի նպատակահարմարության և ընդհանրապես՝ ՀՀ-ում Ռուսաստանի ներկայությունը հարցը։

 

Տեսանյութեր

Լրահոս