Կարևոր հիշեցումներ՝ Անդրանիկ Քոչարյանին
168.am-ը գրել էր, որ իշխանությունը՝ ի դեմս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, փորձում են հիմա էլ կասկածի տակ դնել ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի՝ ՀՀ Ազգային հերոսի կոչմանն արժանի լինելու հանգամանքը:
Ավելին, փորձում է դրանում ևս մեղավոր հռչակել ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, ինչի մասին ավելի վաղ գրել էինք: Մինչ այս, նույն Անդրանիկ Քոչարյանը գեներալներին մեղադրում էր «Իսկանդերի» կիրառման պլանը ձախողելու մեջ:
Բայց այս օրերին մի լրատվամիջոցից մյուսը շտապող Անդրանիկ Քոչարյանը սրանով չի սահմանափակվել, և չնայած 4.5 տարի երկրի կառավարման ղեկն իրենց ձեռքում է, շարունակում են 44-օրյա պատերազմում կրած պարտության, պատերազմից առաջ, ընթացքում և դրանից հետո դիրքերում տիրող պատկերի համար մեղադրել նախկիններին, փորձում են նաև դիմել նոր մանիպուլյացիաների, որոնցից առանձնացրել ենք մի քանիսը:
«Օհանյանի գիծը» թուրքին հանձնածները խոսում են նախկինների պահածոների բանկաներից, որոնք սրբորեն պահում են
Անդրանիկ Քոչարյանը դարձյալ հայտարարում է, թե նախկինները կոռուպցիան մտցրել են բանակ և խղճուկ վիճակի հասցրել այն:
Մասնավորապես, «Ազատության» եթերում օգտատերերից մեկի՝ իրենց ուղղված դիրքերի կահավորման վերաբերյալ հարցին, թե՝ չե՞ք կարծում, որ շինարարական ամբողջ ներուժը պետք է ուղղվեր առաջնագծի, 2-րդ, 3-րդ գծերի պաշտպանական կառույցների կառուցմանը, և, որ այդ աշխատանքների տապալման հետևանքով են կորուստները, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է, թե այդ հարցը նախկիններին պիտի ուղղել, որովհետև մինչև իրենց՝ դիրքերը չունեին կահավորանք, իսկ այսօր իրենք ինժեներական որակյալ աշխատանքներ են իրականացնում:
«Նախկինում առաջնագծի կառուցվածքները շատ դեպքերում չունեին համապատասխան կահավորանքը, այլ հիմնականում կահավորված էին Սեյրան Օհանյանի հայտնի՝ պահածոների բանկաներով»,- շարունակել է Քոչարյանը:
Այս համատեքստում ստիպված ենք նորից հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանի պահած բանակում ոչ միայն հանդիպում են պահածոների բանկաները, ընդ որում՝ ժանգոտած, այլև մեքենայի անիվները:
Ի դեպ, դրանք հանդիպում են նախկիններից ժառանգություն մնացած դիրքերում, որովհետև Նիկոլ Փաշինյանի շնորհիվ հաճախ գործ ունենք, այսպես ասած, դիրքային այլ պատկերի՝ պայմանական շփման գծերի հետ:
Միգուցե Անդրանիկ Քոչարյանը չի կարդացել երբեմնի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի՝ «Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ» վերտառությամբ հոդվածը, որտեղ իր առաջնորդը, քառօրյա պատերազմից հետո, մասնավորապես, նշում է.
«Չորսօրյա պատերազմից հետո առաջնագծում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում: Առաջին հերթին, իհարկե, տեխնիկական հագեցվածության իմաստով: Պաշտպանության բանակի առաջնահերթություններից մեկը, ակնհայտորեն, առաջնագիծը կապի այլընտրանքային համակարգերով ապահովելն է, որոնք կաշխատեն նոր սկզբունքով և որակով: Գաղափարը հետևյալն է՝ ռադիոկապի և լարային կապի գործող միջոցներին պետք է ավելանան նաև ռադիոկապի և լարային կապի ամենաարդիական միջոցներ: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ չորսօրյա պատերազմից հետո հարյուրավոր կիլոմետր ժամանակակից կապի գծեր են անցկացվել առաջնագծի երկայնքով: Մի քանի դիրքերում կապի նոր միջոցներն ամբողջությամբ գործարկված էին, և կապի նորամուծության ամենակարևոր իմաստն այն է, որ ՊԲ հրամանատարին հնարավորություն կտա արագ կապվել առաջնագծի մի քանի հարյուր հենակետերից յուրաքանչյուրի հետ և ուղիղ խոսակցություն ունենալ՝ առանց հակառակորդի կողմից լսվելու վտանգի: Համակարգը պետք է զարգանա այնպես, որ առաջնագծի ողջ վիզուալ ինֆորմացիան իրական ժամանակում հասանելի և տեսանելի լինի բարձրագույն հրամանատարությանը և գլխավոր շտաբին:
Հաջորդ ամենակարևոր նորությունն այն է, որ առաջնագծի ողջ երկայնքով տեղի է ունեցել գիշերային դիտարկման սարքերի տեղադրում: Հիմա արդեն գրեթե բոլոր դիրքերը կահավորված են այդպիսի սարքավորումներով: Նույնքան կարևոր է, որ առանց բացառության բոլոր դիրքերում ի հայտ են եկել գիշերային նշանոցով զենքեր, ինչը հնարավորություն է տալիս գիշերային ժամերին հենց զենքի նշանոցով ֆիքսել և չեզոքացնել թիրախը: Այսուհանդերձ, պետք է արձանագրել, որ գիշերային նշանոցով զենքերը դիրքերում շարունակում են մնալ լայնորեն պահանջված: Ընդհանուր առմամբ, տարբեր տիպի ու խորության դիտարկման սարքավորումների տեղադրման աշխատանքները շարունակվում են, և բանակի հրամանատարության հավաստմամբ՝ համակարգը ամբողջական կդառնա առաջիկայում»:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կորցրել է այնպիսի դիրք, որտեղ զինվորի անվտանգության համար նախկինները թունելներ էին կառուցել: Եվ անգամ ադրբեջանական կողմն էր զարմացել այդտեղ ստեղծված հնարավորություններից:
2022-ի մարտի 9-ին «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում ադրբեջանցի գեներալ-մայոր, Հայրենական պատերազմի (2020-ի Արցախյան պատերազմ.- Մ.Պ.) հերոս Քյանան Սեիդովն անդրադարձել է Ֆիզուլիի և Աղդամի մարտերին, որոնք, ըստ նրա, ծանր են եղել:
Այդ համատեքստում ադրբեջանցի գեներալը խոսել է նաև անհաղթահարելի «Օհանյանի գծի» մասին՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ ասել է՝ «Օհանյանի գիծ» կամ պատնեշ:
«Այդ տարածքում, իրապես, ինժեներական կառույցներ կային, որոնք հակառակորդը անվանել էր «անհաղթահարելի Օհանյանի գիծ»: Ի՞նչ ասել է՝ Օհանյանի գիծ»: Այսօր ցանկացած մարդ կարող է տեսնել այդ գիծը, տեսնել և հասկանալ, թե 28 տարի հակառակորդը ինչ աստիճանի նախապատրաստական աշխատանք է տարել: Բառի բուն իմաստով կառուցվել են մի քանի պարիսպներ, ամրաշինական կառույցներ՝ տակտիկական նորմատիվները մի քանի անգամ գերազանցող: Հսկայական աշխատանք է կատարվել, ինչը բարդացնում էր ցանկացած տեխնիկայի, անգամ՝ hետևակի շարժն ու անցումը:
Այսինքն, թշնամին լրջորեն պատրաստվել էր: Մարտական դիրքերը, երկարաժամկետ կրակային կետերն ամրացվել էին երկաթբետոնե կոնստրուկցիաներով, պատրաստվել էին պարիսպներ, հակատանկային խրամատներ և ոչ պայթյունավտանգ արգելափակոցներ, ամուր ինժեներական կառույցներ, իսկ գերիշխող բարձունքներում տեղադրվել էր տեսադիտարկման համակարգ: Պատկերացրեք, որ այդ արգելափակոցների պաշտպանության համար թշնամին տեղադրել էր նաև մեծաքանակ հակատանկային միջոցներ: Սա անխուսափելիորեն բարդացնում էր տեխնիկայի և անձնակազմի շարժը՝ այդ խոչընդոտների հաղթահարման ժամանակ»,- մանրամասնել էր ադրբեջանցի գեներալը:
Հրթիռների և հրանոթի արկերի հայտնի գործերի «հեղինակները» խոսում են նախկինների՝ բանակ կոռուպցիա մտցնելու մասին
Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա խնդիրն այն է, որ այսօր դրանք երբեմն գուցե ավելին են: Բավական է հիշել հրթիռների և հրանոթի արկերի հայտնի գործերը, որոնց մատակարարումը, տարբեր տեղեկություններով, հենց Նիկոլ Փաշինյանի օրոք են եղել:
Այս համատեքստում ևս մի քանի դրվագ հերթական անգամ հիշեցնենք Փաշինյանի թիմի կարկառուն ներկայացուցչին:
Այսպես՝ 2020թ. նոյեմբերին մամուլում փաստարկված հրապարակումներ եղան, որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բոլորովին պատահական և ազգանվեր նպատակներով չէ քննադատության թիրախ դարձրել ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, «Պատրոն Դավո» մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանին:
Ըստ հրապարակումների՝ Անդրանիկ Քոչարյանի նպատակներն իրականում և բացառապես անձնական շահադիտական են, և նույնիսկ պատերազմի օրերին փորձել է անձնական շահ ունենալ։
Մասնավորապես, Քոչարյանն իր ծանոթ գործարարի միջոցով փորձել է զենք մատակարարել բանակին, որը մի քանի անգամ թանկ է եղել, իսկ երբեմն էլ՝ կիրառման համար ոչ այնքան պիտանի։
Եվ միայն այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ջանքերով են այդ փորձերը կանխվել են։ Մեր ձեռքի տակ են այդ չկայացած գործարքի փաստաթղթերը, պաշտոնական գրագրությունը, փորձագիտական եզրակացությունը, որի հիման վրա էլ մերժվել է զենքի մատակարարման առաջարկը։
Կանադահայ գործարար Րաֆֆի Քեոհնելյանն իրեն պատկանող «CAVRO LIMITED» ընկերության միջոցով Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի հոկտեմբերին կոմերցիոն առաջարկ էր ներկայացրել՝ մոտ 120 միլիոն եվրոյի ընդհանուր արժողությամբ մի շարք զինատեսակներ մատակարարելու վերաբերյալ, ընդ որում՝ ՊՆ-ին ներկայացված առաջարկում պարտադիր կետ էր նշել, որ համաձայնության դեպքում նշված գումարի 45 տոկոսը պետք է ինքը ստանա կանխավ՝ կանխիկ կամ փոխանցումով։ Սակայն նախարարությունում քննարկել էին և գործարարին պատասխանել, որ առաջարկը ոչ նպատակահարմար են գնահատում։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գրություն էր ուղղել ՊՆ նյութատեխնիկական ապահովության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Աֆրիկյանին և պարզաբանել, թե ինչու է ոչ նպատակահարմար։
«1 Դատելով ՍՌՏ-ի արտադրության տարեթվից, կարելի է եզրակացնել, որ առաջարկվող ՏՈՌ-Մ1 համալիրի շահագործման ռեսուրսը մոտենում է ավարտին՝ մնացել է մեկ տարի, իսկ արժեքը 2 անգամ գերազանցում է 2020 թ․ նոր գործարանային արտադրանքի գինը։ 2 ՏՕՍ-1 «ԲՈՒՐԱՏԻՆՈ» համակարգը մարտավարատեխնիկական բնութագրերով զիջում է ԶՈՒ սպառազինությունում առկա ՏՕՍ-1Ա «ՍՈԼՆՑԵՊՅՈԿ» համակարգերին, ինչպես նաև խնդիր կարող է առաջանալ հետագայում դրանց չկառավարվող ռեակտիվ արկերի ձեռքբերման գործընթացում»,– նշված էր գրության մեջ։
Մեկ այլ գրության մեջ Օնիկ Գասպարյանը նշել էր, որ «առաջարկվող զենքի մեկ միավորը 2020 թվականի ընթացքում իրենք ձեռք են բերել «շուրջ 6,5 անգամ առաջարկվողից էժան գնով» և այլն, և այլն»:
Թղթակցի հետ զրույցում գործարար-բարերար Րաֆֆի Քեոհնելյանը խոստովանել էր, որ ինքն ու Անդրանիկ Քոչարյանը վաղեմի ծանոթներ են:
«Ես Անդրանիկ Քոչարյանին վաղուց եմ ճանաչում»։ Հետաքրքրվեցինք զենքի վաճառքի և ՊՆ-ին իր ներկայացրած առաջարկի մասին։ «Իրենք հարց էին տվել (նկատի ունի ՊՆ-ն), ես պատասխանել եմ, բայց ձգձգել են, ոնց որ ինձ խաբել են մի քիչ, ժամանակս խլել են»։ Ինչո՞վ են խաբել։ «Ավելի ճիշտ՝ ձգձգել են»,- ասաց նա, ապա նշեց, որ սա հեռախոսով զրուցելու թեմա չէ, ու ընդհատեց զրույցը։ Մենք տեղեկացանք, որ այս առաջարկները Անդրանիկ Քոչարյանն անձամբ է միջնորդել ՊՆ ղեկավարությանը՝ զանգահարել ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների»,- գրել էր «Հրապարակը»։
Դեռ չենք հիշատակում մեկ անձից կատարված «բանակային» գնումները, և այս համատեքստում հարկ է հիշեցնել նաև զրահաբաճկոնների հայտնի դեպքը, որի մասին մի քանի անգամ գրել է 168.am-ը, երբ, մասնավորապես, պատերազմի օրերին` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, պետբյուջեից Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ կանխիկացվել էր ավելի քան 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ կանխիկացումը կատարվել էր հայտնի «Շիշ բռնող» մականունով իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբոր՝ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի և այլոց միջոցով։
Նաիրի Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անունից, կանխիկ վճարման եղանակով ձեռք էր բերել 3000 հատ զրահաբաճկոն՝ յուրաքանչյուրը 240 ԱՄՆ դոլար արժողությամբ: Այսինքն, այս նպատակով պետբյուջեից Նաիրի Սարգսյանին կանխիկ տրամադրվել է 720.000 ԱՄՆ դոլար:
Բացի այս, Նաիրի Սարգսյանին Փաշինյանը լիազորել էր, որ նա ՀՀ քաղաքացի Սուրեն Վիրաբյանի միջոցով ձեռք բերի 293 հատ ջերմատեսիլ նշանառու Thunder TH35 սարք: Երկրորդ՝ «ԷՅ.Ի.ԱՅ ԳՐՈԻՊ» ՍՊԸ տնօրեն՝ Ալֆրեդ Աբեդի միջոցով լիազորվել էր գնել 20 հատ DJI Matrice 300 RTK Drone ԱԹՍ՝ լրացուցիչ հզոր տեսախցիկով և լրացուցիչ մարտկոցով:
Վերադառնալով զրահաբաճկոնների թեմային՝ հավելենք, որ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը որոշում էր կայացրել նաև, որով լիազորել էր ՀՀ քաղաքացի, իր թիմակից Արմեն Կոտոլյանին Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերված և փաստացի ՀՀ ՊՆ-ին հատկացված 700 հատ զրահաբաճկոնների համար վճարումն իրականացնել կանխիկ եղանակով՝ յուրաքանչյուրը 600 ԱՄՆ դոլար արժողությամբ: Այսինքն, այս նպատակով ծախսվել է 420.000 ԱՄՆ դոլար:
Նիկոլ Փաշինյանը պիտի ժամանակին հայտնաբերեր «դատարկ» պահեստները
Անդրանիկ Քոչարյանը վերոնշյալ հարցազրույցում ասում է նաև, որ «պահեստները դատարկ էին, դրանք պիտի լինեին անհրաժեշտ պարագաներով»:
«Բացում ենք պահեստները աշխարհազորի օգտագործման համար, պարզվում է՝ պահեստները դատարկ են»,- պնդել է նա:
Եթե մի պահ ընդունենք, որ դա իրականություն է, ապա այդ ժամանակ գործող «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ Կառավարության լիազորություններին վերաբերող 7-րդ հոդվածը սահմանում էր, որ գործադիրը պատասխանատու է զինված ուժերի և այլ զորքերի ֆինանսավորման, սպառազինման, բնակավորման համար, զորահավաքային նախապատրաստության վիճակի, ինչպես նաև՝ նյութական պահուստում անհրաժեշտ ապրանքների չնվազեցվող պաշարների ստեղծման՝ ձեռքբերման, ֆինանսավորման, ամբարման, կուտակման, պահպանման, թարմացման և ապաամրագրման ծրագրերի մշակման:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը այս առումով նախապես կամ ժամանակ առ ժամանակ պիտի ստուգումներ իրականացներ:
Այստեղ հարկ է հատուկ Անդրանիկ Քոչարյանի համար կրկին մեջբերել Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թ. դեկտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած հայտնի հայտարարությունը․
«Օրինակ, պատմում են մի այսպիսի դրվագ, թե ինչպես ջոկատը կամ միավորումը գնացել և փորձել է սպառված զենք-զինամթերքը համալրել։ Եվ տալիս են կոնկրետ անձի անուն, ով իրենց հրաժարվել է զենք տալ, և իրենք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստի դռները զինվելու համար՝ տեսնելով, որ այդ պահեստն ամբողջությամբ լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով և զինամթերքով»:
«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանին ՔԿ-ից ասել էին, որ այս փաստով «քրեական վարույթի ներկայիս փուլում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան»:
Ի դեպ, պահուստների դատարկ լինելուց խոսող Անդրանիկ Քոչարյանին հիշեցնենք՝ Ալիևը հայտարարել էր, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմում ոչնչացրել են 4-5 միլիարդ դոլարի Հայաստանի ռազմական տեխնիկա:
Անդրանիկ Քոչարյանը գուցե պատասխանի հարցին, թե ինչո՞ւ զենք-զինամթերքը շատ դեպքերում պահեստներից չի էլ հանվել:
Անդրանիկ Քոչարյանը լավագույն հրամանատարներից ազատումը «փաթեթավորում» է Ապրիլյանի զեկույցով
Նախկինում Ապրիլյան պատերազմի, այս պահին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մանիպուլյացիոն նոր քայլերի է դիմում. նա հայտարարել է, որ Ապրիլյան չհրապարակված վերջնական զեկույցի որոշակի դրվագներով պայմանավորված եղել են պաշտոնանկություններ, և, որ գոյություն ունի հսկա ցանկ:
Հետաքրքիր է, որ այդ «հսկա ցանկից» Անդրանիկ Քոչարյանը որևէ անուն չհնչեցրեց:
Փոխարենը մենք մի քանի անուն հիշենք: Եվ այսպես՝
2016-ի Ապրիլյան պատերազմից հետո նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոններից ազատեց ՀՀ ԶՈՒ երեք բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ալիկ Միրզաբեկյանին` պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին` զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից։
Ինչ արեց Նիկոլ Փաշինյանը. իշխանափոխությունից հետո նա Արշակ Կարապետյանին նախ նշանակեց իր խորհրդական, այնուհետ Պաշտպանության նախարար, քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության հետ կապված խնդիրներ չեն եղել, երկրորդ՝ զինված ուժեր վերադարձվեց նաև գեներալ Կոմիտաս Մուրադյանը՝ ստանձնելով տարբեր պաշտոններ, այս պահին էլ նա համակարգում է:
Նիկոլ Փաշինյանը, սակայն, իշխանափոխությունից հետո հասավ նրան, որ ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվի գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը (2018, դեկտեմբեր), իսկ ավելի ուշ նույն պաշտոնից ազատվեց նաև Կարեն Աբրահամյանը (2020, փետրվար)՝ իբր ՊԲ-ում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի ֆոնին:
Իսկ Ապրիլյան պատերազմի ժամանակ ՊԲ 10-րդ ԼՀԴ հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պարտականությունները զբաղեցրած Ջալալ Հարությունյանը կադրային վերելքներ ունեցավ և 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ նա ՊԲ հրամանատարն էր արդեն:
Կադրային այս հարցերի մասին երկար կարելի է խոսել, ինչպես նաև այն մասին, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց գերազանց դրսևորած և թշնամու պլանները ձախողած զինվորականները 44-օրյայի ժամանակ, չգիտես՝ ինչու, ձախողվեցին և անցնում են քրեական տարբեր գործերով:
Սա մանրամասն քննարկման թեմա է: Ինչ վերաբերում է դիրքերի կահավորմանը, ապա, այո, պիտի օգտագործվեին բետոնե կոնստրուկցիաներ, տեխնիկայի քողարկման համար ժամանակակից մեթոդներ պիտի կիրառվեին, ժամանակ առ ժամանակ դրանց տեղակայման վայրերը պիտի փոխվեին, խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները ոչ միայն այս «պիտի»-ները չեն արել, այլև մսխել են, կորցրել նախկինների ձեռքբերումները՝ դիրքեր, զորամասեր, սպառազինություն և այլն:
Ավելին, Փաշինյանը սահմանամերձ է դարձրել և թուրքին «նստեցրել» է նախկինների ժամանակ տուրիստական համբավ ունեցող բնակավայրերում…