Նիկոլ Փաշինյանը լիազորել է իր թիմակից պաշտոնյա Արմեն Կոտոլյանին ՀՀ անունից ձեռք բերված և փաստացի ՀՀ ՊՆ-ին հատկացված 700 հատ զրահաբաճկոնների համար բյուջեից վճարել կանխիկ՝ 420.000 ԱՄՆ դոլար
«Մեդիապորտը» փաստաթղթեր է հրապարակել, որից երևում է, որ պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 23-ին, Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել, որով լիազորել է ՀՀ քաղաքացի Արմեն Կոտոլյանին Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերված և փաստացի ՀՀ ՊՆ-ին հատկացված 700 հատ զրահաբաճկոնների համար վճարումն իրականացնել կանխիկ եղանակով՝ յուրաքանչյուրը 600 ԱՄՆ դոլար արժողությամբ: Այսինքն, այս նպատակով ծախսվել է 420.000 ԱՄՆ դոլար:
Ո՞վ է Արմեն Կոտոլյանը: Նիկոլ Փաշինյանն իր այս թիմակցին 2018թ. սեպտեմբերին նշանակել էր ՀՀ կառավարությանը ենթակա Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար: Դեռևս անցյալ տարի, երբ սրվում էին Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի միջև փոխհարաբերությունները, իշխանական կուլիսներում քննարկվում էր Մարությանին Կոտոլյանով փոխարինելու հարցը, քանի որ վերջինս նաև Երևանի ավագանու անդամ է: Կոտոլյանի հետ կապված որոշ մանրամասներին դեռ կանդրադառնանք առաջիկայում: Միայն նշենք, որ վերջինս Փաշինյանի ֆինանսական գործարքների առումով վստահելի անձանց շրջանակից է, այնքան վստահելի, որ նրան է լիազորել ՀՀ անունից կանխիկ եղանակով բյուջեի միջոցներից ուղիղ նման գնում կատարել պատերազմի այդ օրերին՝ շրջանցելով Պաշտպանության նախարարությունը: Այն դեպքում, երբ այդ գնումը կարող էր և պետք է աներ հենց Պաշտպանության նախարարությունը:
«Օրինակ, գնել են մեծ քանակով զրահաբաճկոններ՝ գրեթե 600 դոլարով, ով այդ գործից քիչ թե շատ տեղեկություններ ունի, կարող է չհավատալ, բայց ես գիտեմ բազմաթիվ այդպիսի օրինակներ: Թալանչին մե՞նք էինք, թող ցույց տան մի բան, որ մենք իրական արժեքից մի կոպեկ ավելի թանկ ենք գնել, թող ցույց տան, մե՞նք ենք թալանել, երբ անորակ վառելիք են տանում ու պարտադրում են, որ բանակը ընդունի ու այնուհետև օգտագործի: Բանակը «կլուբնիկով» ու ներքնաշորով դու մարտունակ չես կարող դարձնել»,- ասել էր Ս. Սարգսյանը:
Հավելենք, որ 168.am-ը փետրվարի 9-ին հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ հետևյալ հարցադրումներով.
- Պատերազմի օրերին Պաշտպանության նախարարությունը ռազմական նշանակության արտադրանքի, մարտական կամ պաշտպանական հագուստի, հատուկ միջոցների ինչ նվիրատվություններ է ստացել, ումի՞ց, ի՞նչ քանակի, ո՞ր երկրի արտադրության:
- Պատերազմի օրերին Պաշտպանության նախարարությունը ինչպիսի և ինչ քանակության ռազմական նշանակության արտադրանք, մարտական կամ պաշտպանական հագուստ (զրահաբաճկոններ, և այլն), հատուկ միջոցներ է ձեռք բերել, ո՞ր երկրներից: Եվ որքան գումար է հատկացվել պետբյուջեից դրանց ձեռքբերման համար:
- Որպես լրացում՝ խնդրում ենք մանրամասնել, թե ի՞նչ դասի զրահաբաճկոններ է պաշտպանական գերատեսչությունը որպես նվիրատվություն ստացել կամ գնել, ի՞նչ քանակի, ումի՞ց:
Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Պաշտպանական գերատեսչությունից մոտ մեկ ամիս հետո գրություն էին ուղարկել, որում որևէ հարցի չէին պատասխանել:
«ՀՀ պաշտպանության նախարարությունում ուսումնասիրվել է 2021թ. փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված՝ տեղեկություն տրամադրելու վերաբերյալ Ձեր հարցումը:
Հայտնում ենք, որ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի և 12-րդ հոդվածի, ՀՀ Կառավարության 13.03.1998 N 173 որոշմամբ հաստատված ցանկի 6-րդ կետի պահանջները»,- նշված էր գրության մեջ:
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին ամեն օր աշխարհի տարբեր ծայրերից մեր հայրենակիցները հարյուր-հազարներով զրահաբաճկոններ, սաղավարտներ, տաք վերնազգեստ, քնապարկեր, սննդամթերք, դեղորայք (այլ պարագաներ) և հսկայաքանակ գումար էին ուղարկում որպես օգնություն:
Հարց է ծագում՝ իսկ միգուցե մեր հայրենակիցների կողմից զինվորին, մեր բանակին որպես օգնություն եկած զրահաբաճկոննե՞րն են թանկ գներով «գնել» բյուջեի միջոցներով և եկամուտներ ստացել որոշ մարդիկ: Բոլորս ենք հիշում՝ այդ օրերին շատերն էին բարձրաձայնում որպես օգնություն եկած պարագաները օնլայն և առձեռն տարբերակով վաճառելու դեպքերի մասին:
Հիմա հասկանալի է նաև, թե ինչո՞ւ Պաշտպանության նախարարությունը չպատասխանեց մեր հարցերին: