Ինչ է ակնարկում Անդրանիկ Քոչարյանը Տիրան Խաչատրյանին, կամ` Արծրուն Հովհաննիսյանի՝ տակտիկական նահանջների մասին

168.am-ը շարունակում է 44-օրյա պատերազմից 2 տարի հետո հիշեցնել ուշագրավ դրվագները՝ օրերով` քաղաքական, ռազմաքաղաքական, ռազմական տեսանկյունից՝ ներկայացնելով, մասնավորապես, երկրի ղեկավարության, իշխանական շրջանակների որոշ հայտարարությունները, հարցազրույցները, ֆեյսբուքյան գրառումները, որոնց այսօր հատկապես արժե հետադարձ հայացք գցել՝ հասկանալու համար բազմաթիվ երևույթներ:

Այսօր առանձնացրել ենք 2020-ի հոկտեմբերի 19-ին և 20-ին տեղի ունեցած դեպքերը:

Մասնավորապես, երկու տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 20-ին, երբ դեռ պատերազմն ընթացքի մեջ էր, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը կարժանանան ՀՀ Ազգային հերոսի կոչման, քանի որ «հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը»:

«Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»,- շեշտել էր Փաշինյանը:

Ավելի ուշ, երբ ԳՇ-ն հայտարարություն տարածեց՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկեց Տիրան Խաչատրյանին հրաժարվել ՀՀ Ազգային հերոսի կոչումից, որին, ի դեպ, Տիրան Խաչատրյանը գտնում է, որ արժանի էր, իսկ Ազգային հերոս լինելը խորհրդանշող «Հայրենիք» շքանշանը և ՀՀ նախագահի պատվոգիրը չի էլ ստացել:

«Երբ Օնիկ Գասպարյանն ինձ ասել է, որ Տիրան Խաչատրյանին պետք է տալ Ազգային հերոսի կոչում, որովհետև ինքն այնտեղ հիմա միջոցներ է ձեռնարկում, որպեսզի հակագրոհ կազմակերպի և այլն, դա պետք է քաջալերվի, ես չեմ էլ քննարկել։ Ասել եմ, որ եթե այսօր պետք է դա արվի, որպեսզի ռազմի դաշտում հաջողություններ գրանցենք, ես դա կանեմ։ Եվ այսօր Տիրան Խաչատրյանը, ասենք, վեր է կենում ու իմ հասցեին ամենավերջին բաներն է ասում։ Բայց ես ուրիշ բան եմ ասում, եթե Տիրան Խաչատրյանը գտնում է, որ ես այդ գնահատականին եմ արժանի, թող իրեն տված Ազգային հերոսի կոչումից հրաժարվի, որովհետև եթե արժանապատիվ սպա է և գտնում է, որ այն մարդը, որն իրեն հերոսի կոչում տալու որոշումը ստորագրել է և այդ մարդը ոչ մի բան չի հասկանում, ուրեմն՝ ինքը պետք է հրաժարվի այդ կոչումից»,- 2021-ի ամռանն ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Անդրանիկ Քոչարյանի ակնարկը՝ Տիրան Խաչատրյանին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» հետ զրույցում՝ հարցին, թե Նիկոլ Փաշինյանի օրոք բանակում կադրային ջարդ սկսվեց և լավագույն կադրերը հեռացվեցին, պատասխանել է, որ լավագույն կադրերի մասին խոսել է Սեյրան Օհանյանը, Սերժ Սարգսյանը և այլն, այնուհետ հիշել է Տիրան Խաչատրյանին և պատերազմի ժամանակ նրա պատասխանատվության մասին:

«44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն ուսումնասիրում է լավագույն կադրերի թողած ժառանգությունը բոլոր ուղղություններով՝ ԳՇ-ից սկսած, զորամիավորումների վերլուծությունների համադրմամբ վերջացրած: Լավագույն կադրերի դեպքում ինչու չունեցանք լավագույն արդյունքը: Դեռ գլխատված չէին, բոլոր լավագույն կադրերը մասնակցել են 44-օրյա պատերազմին, հատկապես՝ հարավում և Տիրան Խաչատրյանի գլխավորությամբ՝ նախկին դաշնակցական, որ թողնում ես, էկրանի առաջ մեծ-մեծ խոսում է, և նույնիսկ հայտարարում է, թե քննիչ հանձնաժողով չի գալու, դրանք ով են: Բայց չէ՞ որ, պարոն Խաչատրյան, դուք էիք հարավի զորամիավորման ղեկավարը եղել, ո՞նց չեք գալու»,- շարունակել է իշխանական պատգամավորը:

Ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանը ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի անունը տվել էր նաև «Իսկանդերի» կիրառման, այսպես ասած, ձախողված պլանի համատեքստում:

«Քննիչ հանձնաժողովի ձեռքում է գտնվում Օնիկ Գասպարյանի կողմից հաստատված «Իսկանդերի» կիրառման պլանը, որը բացարձակ չի համապատասխանում իր ասածին: Ընդ որում, դա ստորագրված է նույն Գասպարյանի կողմից, տվյալ փաստաթուղթը կազմել է իր տեղակալ Տիրան Խաչատրյանը, իր օպերատիվ վարչության պետը: Իսկ էդ պլանը, որ ներկայացնենք, երբ մասնագետները նայեն, կտեսնեն, որ Օնիկ Գասպարյանը կամ չի հասկացել՝ ինչ է հաստատել, որովհետև տվյալ սպառազինությունը նախատեսված էր լրիվ այլ հարվածային գործողության և այլ թիրախների համար: Իսկ ինքը թիրախներն ընտրել էր շատ անհասկանալի վայրում և անհասկանալի հեռավորության վրա»,- շեշտել էր իշխանության ներկայացուցիչը:

168.am-ի հետ զրույցում գեներալ Խաչատրյանը արձագանքել էր, որ «այդ արտահայտություն անողը, թե ով է պլանավորում, ով է պլանը հաստատում, ով է կիրառման թույլտվություն տալիս, բացարձակ անգրագետ է, գոնե ռազմական ասպարեզում»:

«Որովհետև, եթե զրոյից մի փոքր բարձր տեղեկացված լիներ, էդ հիմարությունները դուրս չէր տա: Իսկ ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի նախկին պետին կամ ինձ, երևի էդ ձևով մեզ ինչ-որ բա՞ն են ուզում ասել»,- ասել էր Տիրան Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողով գնալուն, ապա ԳՇ պետի նախկին տեղակալը նշել էր, որ երբ լինի անկողմնակալ, արդար քննող հանձնաժողով կամ ինչ-որ խումբ, ապա մենք պատրաստ ենք բոլոր մանրամասներով, բացատրություններով ներկայացնել:

«Մենք հիմա քննչական վարչությունում շատ հարցերի պարզաբանումներ տալիս ենք, որովհետև ինչ-որ գործի հետ կապված նյութը, որը պետք է ընթացք ստանա, դրան պետք է ծանոթ լինեն փաստաբանները: Եվ այդ առումով որոշակի օբյեկտիվություն կարող է լինել: Իսկ այն հանձնախումբը, որը ղեկավարում են ոչնչի չտիրապետողները, կամ մարդիկ, որոնք ընդամենն իրենց տեղի համար են վեր ընկած, դրանց հետ խոսելու բան չկա»,- մեզ հետ զրույցում վստահեցրել էր Տիրան Խաչատրյանը:

Այն, որ հարավային ուղղությամբ եղել են նահանջներ, դա անվիճելի է, բայց պետք է զինվորականությունը մի օր պարզաբանի՝ ինչու, իհարկե, թույլատրելիության սահմանում: Գուցե քննչական մարմինների հետ «գործերն» ավարտելուց հետո ինչ-որ բաներ հայտնի դառնան՝ հաշվի առնելով, որ Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովը կարող է էլ ավելի ակտիվանալ, և տարբեր մեղադրանքներ լսենք:

Ի դեպ, չի բացառվում, որ Տիրան Խաչատրյանին ՀՀ Ազգային հերոս տալու մեջ ևս ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին մեղադրեն, դրա համար Նիկոլ Փաշինյանը դեռ մեկ տարի առաջ հիմքեր էր ստեղծել:

Նահանջը պարտություն չէ

2020-ի հոկտեմբերի 20-ի իրադարձությունների համատեքստում չպետք է մոռանալ պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, իսկ հիմա Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովում փորձագետ աշխատող Արծրուն Հովհանիսյանի գրառումները:

Նա նախ դժոխք էր խոստանում Ալիևին, ամոթանք տալիս ՀՀ-ում որոշ մարդկանց, որից այնքան ոգևորվել էր Աննա Հակոբյանը:

Իսկ Ադրբեջանի ղեկավարությունը, որը պատերազմից 2 տարի անց Կովսականում օդանավակայան է բացել այսօր, այդ օրերին խոսում էր Կովսականը գրավելու և Խուդաֆերին կամրջի վրա Ադրբեջանի դրոշը բարձրացնելու մասին:

«Մոնիտորների հետևը պահ մտած, հեշտ է խորհուրդներ տալ, եթե ուզում եք, մտեք պայքարի մեջ ու տեսեք, որ որևէ բան չենք թաքցնում։ Խնդրում եմ, բնագծեր մի նշեք, Իշխանաձոր կլինի, Խուդաֆերին կլինի, թե այլ բնակավայր, մենք ասել ենք՝ բարի գալուստ դժոխք, ուր էլ մտնեն, եթե փորձեցին նկարվելուց զատ այլ բան ստանալ այդ վայրում, իրենց համար դժոխք է սկսվելու։ Պատերազմի ընթացքում լինում են նաև նահանջներ, դա խուսանավման ձև է, դա լինում է խուսանավման կամ ծուղակ գցելու նպատակով»,- արձագանքում էր Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելին, ըստ շրջանառվող լուրերի, ադրբեջանական ստորաբաժանումները Խուդաֆերինի կամրջից Կովսական ընկած 25 կիլոմետրն անցել էին ընդամենը երկու օրում, մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում էր պնդել՝ խոսքը ոչ թե ադրբեջանցիների ձեռնարկած լայնածավալ հարձակման, այլ սակավաթիվ դիվերսիոն խմբերի կարճատև ներթափանցումների մասին է։

«Ադրբեջանական ԶՈՒ հաճախ դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբեր, թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր (որտեղ լինում են բնակիչներ, կամ չեն լինում, կամ բնակավայրեր, որոնք ընդհանրապես բնակեցված չեն էլ լինում շատ վաղուց), այնտեղ նկարահանվում են և տարածում են այդ լուրերը։ Դա առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ ցավալիորեն ազդում են նաև մեր հանրության վրա։ Ես խնդրում եմ բոլորիդ, հորդորում եմ նման լուրերը մեր դաշտ չբերել, չքննարկել», –2020 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարում էր Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Արդեն հոկտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսին, ի վերջո, պաշտոնական Երևանը հայտարարեց հարավային ուղղությամբ իրավիճակի կտրուկ փոփոխության մասին։

«ՊԲ ստորաբաժանումները իրենց գրագետ, հմուտ գործողությունների շնորհիվ ձեռնարկել են համապատասխան միջոցներ և հետ են մղել հակառակորդի հարձակումը։ Հակառակորդը սկսել է նահանջել։ Վերջին ժամերի դրությամբ հակառակորդը նահանջել է Խուդաֆերինի ջրամբարի կողմը»,- հայտնեց Հայաստանի ՊՆ մամուլի այն ժամանակվա խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Եվ հենց այս ֆոնին Արծրուն Հովհաննիսյանը գրեց՝ նահանջը դեռ պարտություն չէ: «Նահանջը պարտություն չէ, 1918-ին էլ կար նահանջ, 1941թ. էլ կար նահանջ, 1992թ. էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։ Էլի է լինելու հաղթանակ»:

Օրեր հետո տեղեկություն տարածվեց, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին այցելել է երկրի սահման՝ Խուդաֆերինի շրջակայք։ Տեղեկությունը Սալամին հայտնել էր Twitter-ի իր միկրոբլոգում։

Արցախի նախագահականից էլ նշել էին, որ Բաքուն ձգտում է վերահսկողության տակ վերցնել Իրանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Խուդաֆերինի ջրամբարը, և եթե Ադրբեջանը հասնի այդ նպատակին, փաստացի կտիրանա Իրանի վրա ճնշում գործադրելու հզոր լծակին և անպայման դրանից կօգտվի:

Թե՛ վերևում նշված, և թե այլ պատերազմական դրվագների մասով դեռ պատասխաններ պիտի տան՝ Արծրուն Հովհաննիսյանից, ԳՇ նախկին ղեկավարությունից մինչև Նիկոլ Փաշինյան, քանի որ հայաստանյան հակասական տեղեկությունները՝ ադրբեջանականի հետ համադրմամբ, իրանական որոշ շրջանակներում շփոթության տեղիք էին տվել, հատկապես Խուդաֆերինի հետ կապված:

Իսկ հոկտեմբերի 21-ին հայտարարեց՝ «տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական կառավարման մարմիններ, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ՝ բոլորը պետք է ձևավորեն ինքնապաշտպանական ջոկատներ և բոլոր այդ ջոկատները պետք է գործեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո»: Դրանից 2 օր առաջ՝ հոկտեմբերի 19-ին, Փաշինյանը հարցադրում էր առաջ քաշել՝ «կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը և անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին»:

Ինչ է նշանակում՝ ջոկատներ չստեղծվեցի՞ն, թե՞ ամեն ինչ սխալ արվեց, գուցե ամեն ինչ պարզ էր, պարզապես պետք էր արկածախնդրության գնալ, երբ հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստում բոլորը համաձայն էին՝ պատերազմը պետք է կանգնեցվի:

Սրանք հարցեր են, որոնց Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի…

Տեսանյութեր

Լրահոս