Փաշինյանի՝ «կանսերվի կոկոշների» և այդ մասին խոսելու բարոյական իրավունքի մասին
Նիկոլ Փաշինյանը և իր թիմի անդամները, միմյանց հերթ չտալով, սկսել են հիշել նախկին իշխանությունների օրոք դիրքերում հանդիպող «կանսերվայի բանկաները», կամ, ինչպես իրենք են ասում՝ «կանսերվի կոկոշները»:
Նախևառաջ, ի գիտություն բանակում չծառայած Նիկոլ Փաշինյանի և նրա ռազմական գործից հեռու թիմի անդամների՝ ստիպված ենք ասել, որ այդքան քարկոծվող «կանսերվի կոկոշները» ժամանակին լուրջ խնդիր լուծել են:
Այնպես, ինչպես արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմը դիմել է տարբեր հնարքների, օրինակ, թելեր կամ շատ բարակ պարաններ են անցկացրել օդում, որ փաթաթվեն թշնամու ինքնաթիռներին, և դրանք «վայր ընկնեն»: Եվ խնդիրը հաջողությամբ լուծել են:
Հիմա, բնականաբար, ինքնաթիռների անկումն ապահովող կամ խոցող այլ՝ ժամանակակից միջոցներ են կիրառվում: Այսինքն, այսօր «կանսերվայի բանկաների» ժամանակներն անցել են, բայց ինչ-որ ժամանակահատվածում դրանք որոշակի և լուրջ հարցեր են լուծել:
Իսկ դիրքերում, այսպես ասած, անվտանգային այլ մեթոդների կիրառման, ժամանակակից տեխնիկական հագեցվածության հարցին հատուկ ուշադրություն սկսեցին Պաշտպանության բանակում (ՊԲ) և ՀՀ Զինված ուժերում (ԶՈՒ) դարձնել 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո:
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ինքն անձամբ էր սրան ականատես եղել և այս մասին գրել «Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ» վերտառությամբ հոդվածում: Այն ժամանակ Արցախի և Հայաստանի նախկին իշխանություններն ընդդիմադիր պատգամավորներից, ռազմական փորձագետներից և լրատվամիջոցներից թաքցնելու բան չունեին:
«Չորսօրյա պատերազմից հետո առաջնագծում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում: Առաջին հերթին, իհարկե, տեխնիկական հագեցվածության իմաստով: Պաշտպանության բանակի առաջնահերթություններից մեկը, ակնհայտորեն, առաջնագիծը կապի այլընտրանքային համակարգերով ապահովելն է, որոնք կաշխատեն նոր սկզբունքով և որակով: Գաղափարը հետևյալն է՝ ռադիոկապի և լարային կապի գործող միջոցներին պետք է ավելանան նաև ռադիոկապի և լարային կապի ամենաարդիական միջոցներ: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ չորսօրյա պատերազմից հետո հարյուրավոր կիլոմետր ժամանակակից կապի գծեր են անցկացվել առաջնագծի երկայնքով: Մի քանի դիրքերում կապի նոր միջոցներն ամբողջությամբ գործարկված էին, և կապի նորամուծության ամենակարևոր իմաստն այն է, որ ՊԲ հրամանատարին հնարավորություն կտա արագ կապվել առաջնագծի մի քանի հարյուր հենակետերից յուրաքանչյուրի հետ և ուղիղ խոսակցություն ունենալ՝ առանց հակառակորդի կողմից լսվելու վտանգի: Համակարգը պետք է զարգանա այնպես, որ առաջնագծի ողջ վիզուալ ինֆորմացիան իրական ժամանակում հասանելի և տեսանելի լինի բարձրագույն հրամանատարությանը և գլխավոր շտաբին:
Հաջորդ ամենակարևոր նորությունն այն է, որ առաջնագծի ողջ երկայնքով տեղի է ունեցել գիշերային դիտարկման սարքերի տեղադրում: Հիմա արդեն գրեթե բոլոր դիրքերը կահավորված են այդպիսի սարքավորումներով: Նույնքան կարևոր է, որ առանց բացառության բոլոր դիրքերում ի հայտ են եկել գիշերային նշանոցով զենքեր, ինչը հնարավորություն է տալիս գիշերային ժամերին հենց զենքի նշանոցով ֆիքսել և չեզոքացնել թիրախը: Այսուհանդերձ, պետք է արձանագրել, որ գիշերային նշանոցով զենքերը դիրքերում շարունակում են մնալ լայնորեն պահանջված: Ընդհանուր առմամբ, տարբեր տիպի ու խորության դիտարկման սարքավորումների տեղադրման աշխատանքները շարունակվում են, և բանակի հրամանատարության հավաստմամբ՝ համակարգը ամբողջական կդառնա առաջիկայում»,- 2016 թվականին ծավալուն իր հոդվածում գրել էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նաև այլ հարցերում է բանակային կարիքների լուծումը դրվում բարձր տեխնոլոգիական ռելսերի վրա:
Նույն այցի ժամանակ հարցեր էին բարձրացվել, թե բազմաթիվ ամերիկահայեր և ֆրանսահայեր օգնություն են ուղարկել իրենց խողովակներով, բայց դրանք առաջնագիծ չեն հասել: Ինչին ի պատասխան՝ այդ ժամանակ Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը բացատրել էր, որ, օրինակ, մի սփյուռքահայ իր նախաձեռնությամբ ինֆրակարմիր ճառագայթով աշխատող հեռադիտակների խմբաքանակ է գնել և ուղարկել Արցախ, բայց դրանք առաջնագիծ չեն հասել, որովհետև պարզվել է՝ դրանց ճառագայթումը կիրառողին տեսանելի է դարձնում ադրբեջանցի դիպուկահարների համար:
«Որևէ սարք, սարքավորում չի կարող առաջնագծում գործարկվել, առանց համապատասխան կառույցների կողմից թեստի ենթարկվելու: Շատերը մտածում են, որ եթե սարքը թանկարժեք է, ուրեմն ամենաօգտակարն է: Մինչդեռ կան բազմաթիվ պարամետրեր, որոնք վիճարկում են այս պնդումը»,- այն ժամանակ ասել էր գեներալը:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2020-ի արցախյան պատերազմի օրերին դրսի մեր հայրենակիցները ռազմական նշանակության տարբեր ապրանքներ ուղարկեցին, որոնք տեղ չհասան: Նիկոլ Փաշինյանն այս մասին, բնականաբար, չի խոսի:
Վերադառնանք մեր բուն թեմային և դիրքերում «կանսերվայի բանկաներին», արդեն վերևում նշեցինք, որ դրանց կիրառումը որոշակի ժամանակահատվածում արդարացված է եղել:
Երկրորդ՝ եթե անգամ դրանք կիրառվել են, երբ արդեն արդիական չէին, ապա Նիկոլ Փաշինյանը երեք տարի ժամանակ ուներ դրանց կիրառումը դիրքերում բացառելու համար: Բայց դրա փոխարեն՝ գերադասեց դրանցով դիրքերի «հանձնումը»:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կորցրել է այնպիսի դիրք, որտեղ զինվորի անվտանգության համար նախկինները թունելներ էին կառուցել: Եվ անգամ ադրբեջանական կողմն էր զարմացել այդտեղ ստեղծված հնարավորություններից:
2022-ի մարտի 9-ին «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում ադրբեջանցի գեներալ-մայոր, Հայրենական պատերազմի (2020-ի Արցախյան պատերազմ.- Մ.Պ.) հերոս Քյանան Սեիդովն անդրադարձել է Ֆիզուլիի և Աղդամի մարտերին, որոնք, ըստ նրա, ծանր են եղել:
Այդ համատեքստում ադրբեջանցի գեներալը խոսել է նաև անհաղթահարելի «Օհանյանի գծի» մասին՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ ասել է՝ «Օհանյանի գիծ» կամ պատնեշ:
«Այդ տարածքում, իրապես, ինժեներական կառույցներ կային, որոնք հակառակորդը անվանել էր «անհաղթահարելի Օհանյանի գիծ»: Ի՞նչ ասել է՝ Օհանյանի գիծ»: Այսօր ցանկացած մարդ կարող է տեսնել այդ գիծը, տեսնել և հասկանալ, թե 28 տարի հակառակորդը ինչ աստիճանի նախապատրաստական աշխատանք է տարել: Բառի բուն իմաստով կառուցվել են մի քանի պարիսպներ, ամրաշինական կառույցներ՝ տակտիկական նորմատիվները մի քանի անգամ գերազանցող: Հսկայական աշխատանք է կատարվել, ինչը բարդացնում էր ցանկացած տեխնիկայի, անգամ՝ hետևակի շարժն ու անցումը:
Այսինքն, թշնամին լրջորեն պատրաստվել էր: Մարտական դիրքերը, երկարաժամկետ կրակային կետերն ամրացվել էին երկաթբետոնե կոնստրուկցիաներով, պատրաստվել էին պարիսպներ, հակատանկային խրամատներ և ոչ պայթյունավտանգ արգելափակոցներ, ամուր ինժեներական կառույցներ, իսկ գերիշխող բարձունքներում տեղադրվել էր տեսադիտարկման համակարգ: Պատկերացրեք, որ այդ արգելափակոցների պաշտպանության համար թշնամին տեղադրել էր նաև մեծաքանակ հակատանկային միջոցներ: Սա անխուսափելիորեն բարդացնում էր տեխնիկայի և անձնակազմի շարժը՝ այդ խոչընդոտների հաղթահարման ժամանակ»,- մանրամասնել է ադրբեջանցի գեներալը:
Երրորդ՝ նախկին իշխանություններին դիրքերը «կանսերվի կոկոշներով» կահավորելու համար մեղադրում է մի մարդ, երկրի մի ղեկավար, որը պատերազմից հետո ամիսներ զինվորին պահել է ցելոֆանե, կտորե վրանների տակ, և ավելի ուշ որոշ տեղերում տնակներ են տեղադրվել: Տնակների տեղադրման գործընթացը, թերևս, ավարտված չէ, համենայնդեպս, 2021-ի դեկտեմբերին:
Չորրորդ՝ նախկիններին դիրքերը պատշաճ չկահավորելու մեջ մեղադրում է երկրի մի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյան անունով, որը պատերազմի թեժ օրերին ընկած՝ ժողովրդից զրահաբաճկոն, սաղավարտ, տաք վերարկուներ էր խնդրում, որ առաջնագիծ կամ հավաքակայան տանեն:
Մինչդեռ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ Կառավարության լիազորություններին վերաբերող 7-րդ հոդվածը սահմանում է, որ գործադիրը պատասխանատու է զինված ուժերի և այլ զորքերի ֆինանսավորման, սպառազինման, բնակավորման համար, զորահավաքային նախապատրաստության վիճակի, ինչպես նաև՝ նյութական պահուստում անհրաժեշտ ապրանքների չնվազեցվող պաշարների ստեղծման՝ ձեռքբերման, ֆինանսավորման, ամբարման, կուտակման, պահպանման, թարմացման և ապաամրագրման ծրագրերի մշակման:
Ի դեպ, 2021-ի դեկտեմբերի 30-ին ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանը նախընտրել էր Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այցելել նախկին իշխանությունների օրոք կառուցված, ամրապնդված և անսասան մնացած դիրքեր՝ հյուսիսարևելյան սահմանագոտում:
Եվ որքան էլ հաղորդագրության մեջ ասվում էր, թե Ալեն Սիմոնյանը մասնակցել է նորակառույց դիրքերից մեկի բացման արարողությանը, փաստը մնում է փաստ՝ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող դիրքերը, տարածքներն ամուր են նախկին իշխանությունների շնորհիվ: Եվ այստեղ ոչ թե տարածքային կորուստներ են եղել, այլ ընդլայնումներ, բարելավումներ, մասնավորապես, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի:
Իսկ այն, որ հետո չեն լինի տարածքային կորուստներ, չենք կարող երաշխավորել, հատկապես, երբ 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարության նախնական տարբերակում Տավուշի մասին կետ է եղել, որը հետո թեև հանվել է, բայց Տավուշի մարզի տարածքային զիջումների հարցը մնացել է «թղթի վրա»: Բայց սա այլ խոսակցության թեմա է:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո չի այցելել Արցախ և 3-րդ բանակային կորպուս: Սա մի կողմից՝ վատ է, քանի որ երկրի ղեկավարի վերաբերմունքի մասին է խոսում, մյուս կողմից՝ լավ է, քանի որ նման այցերից հետո լավ զարգացումներ չեն լինում:
Ավելին, պատերազմից 1,5 տարի հետո դեռ Նիկոլ Փաշինյանի պահած բանակում կարելի է հանդիպել հնամաշ համազգեստով, մի քանի համար մեծ «բուշլատ» հագած զինվորների: Ավելին հաճախ սաղավարտը, համազգեստը և զրահաբաճկոնը գունային առումով իրար հետ չեն «խոսում»՝ տարբեր «օպերաներից» են, էլ չասենք համազգեստի ոչ պատշաճ կրման մասին: Եվ եթե պատերազմի օրերին սա ինչ-որ տեղ հասկանալի էր, ապա պատերազմից հետո սա անընդունելի է: Թեպետ պատերազմի օրերին զրահաբաճկոն չունենալու պատճառով զինվորի մահը դատապարտելի է, որի պատասխանատուն իշխանություններն են, Նիկոլ Փաշինյանը, որը չի կարողացել պատերազմի մեջ գտնվող երկրում համապատասխան չափի գնումներ ապահովել:
Ի վերջո, «կանսերվի կոկոշնե՞ր» էին նախկինում կիրառում, թե՞ բարակ պարաններ, կարևորն այն էր, որ նախկինները ելակով խաբելով՝ գիտակցություն չէին բթացնում ու հողեր չէին հանձնում, այլ հողեր գրավում էին և ապահովում Արցախի և Հայաստանի քաղաքացու անվտանգությունը, իսկ վտանգի դեպքում էլ՝ սարսափած՝ բունկերից բունկեր, պադվալից պադվալ չէին վազում՝ վախը խեղդելով ալկոհոլի տարաների մեջ: