«Պաշտոնի փոփոխություն է լինելու». Կոմիտաս Մուրադյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կոմիտաս Մուրադյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնին էր նշանակվել այս տարվա փետրվար ամսին:
168.am-ը փորձեց գեներալից պարզել ազատման պատճառը, ինչին ի պատասխան՝ նա նշեց. «Պաշտոնի փոփոխություն է լինելու»:
Կոմիտաս Մուրադյանն ավելին չասաց, քանի որ ոչինչ դեռ քննարկված և հաստատված չէ:
Հավելենք նաև, որ նա մեկն էր բարձրաստիճան այն զինվորականներից, ով 2016-ի ապրիլյան գործողություններից հետո այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր իր զբաղեցրած` ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում հարցադրմանը՝ 2016-ի ապրիլյան գործողություններից հետո Սերժ Սարգսյանը Ձեզ պաշտոնից ազատեց, թերացումներ իրականում եղե՞լ էին, համաձա՞յն եք այդ որոշման հետ, Կոմիտաս Մուրադյանն ասել էր.
«Թերացումներ չեն եղել, ՀՀ ԶՈւ-ում կապի վարչությունն այդ տարի դարձել է լավագույնը: Ինչպե՞ս կարող էին կապի խնդիրներ լինել: Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն աշխատում է, այդ հարցերն իրենց կարող եք տալ»:
Այսօր մեր հարցին ի պատասխան՝ գեներալն ասաց, որ Ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողովից իրեն չեն հրավիրել:
Նշենք, որ հունիսի 4-ին ավարտվել են ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի աշխատանքները: