Ի՞նչ է թաքցնում Ռուստամ Բադասյանը
Հայտնի պատճառներով՝ հարկային եկամուտների կատարողականն այս տարի բարձր է։ Բյուջեի եռամսյակային համամասնություններով տարեսկզբի 9 ամիսների համար ի սկզբանե նախատեսված շուրջ 1 տրիլիոն 335 մլրդ դրամի փոխարեն՝ հավաքվել է 1 տրիլիոն 412 մլրդ դրամ։
«Սա պատմական ռեկորդ է. հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 77 մլրդ դրամով»,- ասում է Պետեկամուտների կոմիտեի նախագահը։
Բայց թաքցնում է, որ տարեսկզբին հաստատված եռամսյակային համամասնությունները տարվա ընթացքում ճշգրտվել են, վերանայվել ու բարձրացվել։
Ճշգրտումը կապված է տնտեսական գործընթացների ու այլ գործոնների հետ։
Դա նորություն չէ, այդպես է արվում ամեն տարի՝ հաշվի առնելով այդ տարվա տնտեսական զարգացումները։ Օրինակ՝ 2020թ., երբ տնտեսական անկման հետևանքով նվազեցին նաև բյուջեի հարկային եկամուտները, դրանք ճշգրտվեցին նվազման ուղղությամբ։
Այս տարվա համար պետական բյուջեով նախատեսված էր 7 տոկոս տնտեսական աճ։ Դրա հիման վրա էլ հաշվարկվել էին բյուջեի հարկային եկամուտները։ Բայց տնտեսական աճն ավելի բարձր է. առաջին կիսամյակում այն կազմեց 11 տոկոս, 4 տոկոսային կետով ավելին, քան նախատեսված է բյուջեով։
Տարեկան կտրվածքով ևս կառավարությունն ակնկալում է, որ տնտեսական աճը կլինի 11 տոկոս։ Այդ հավելյալ աճը ենթադրում է լրացուցիչ հարկային եկամուտներ։ Դրա հիման վրա էլ ճշգրտվել են բյուջեի հարկային եկամուտները։
Ճշգրտված պլանի համաձայն՝ տարեսկզբի 9 ամիսներին բյուջեի հարկային եկամուտները պետք է կազմեին ոչ թե 1 տրիլիոն 335 միլիարդ, այլ 1 տրիլիոն 368,6 մլրդ դրամ։
Այդ պարագայում կստացվի, որ բյուջեի եկամուտները 9 ամսում ոչ թե 77 միլիարդով, այլ 43,5 միլիարդով են գերակատարվել. ճշգրտված պլանը եղել է 1 տրիլիոն 368,6 մլրդ դրամ, ստացվել է 1 տրիլիոն 412,1 միլիարդ։
Երբ ժամանակին հարկային մուտքերը նվազում էին, բյուջեով նախատեսված ցուցանիշները թերակատարվում էին ու հարկային եկամուտները ճշգրտվում էին նվազման ուղղությամբ, համեմատությունները ճշգրտված պլանի հետ էին կատարում։ Հիմա որոշել են, որ բյուջեի համամասնություններով ի սկզբանե նախատեսված ցուցանիշների հետ պիտի համեմատեն կատարողականը, որովհետև այդ դեպքում գերակատարումն ավելի մեծ է երևում։
Սա մանիպուլյացիա է, որին շատ հաճախ են դիմում իշխանությունները՝ հասարակության վրա տպավորություն գործելու համար։
Ի դեպ, 9 ամիսների կտրվածքով Պետեկամուտների կոմիտեի նախագահի հայտարարած 77 մլրդ դրամի «գերակատարումը» տարվա կտրվածքով կնվազի. կառավարությունը կանխատեսում է, որ տարեվերջին այն կդառնա 76,1 մլրդ դրամ։
Սա նշանակում, որ տարեվերջի 3 ամիսներին բյուջեի հարկային եկամուտների ու պետտուրքերի աճի տեմպը կդանդաղի։
Այդպես է, որովհետև հարկային եկամուտների կատարումների ու գերակատարումների վրա այլևս դադարելու է արտահայտվել մետաղների արտահանման վրա նախորդ տարվա սեպտեմբերից դրված պետտուրքի ազդեցությունը։ Այն յուրաքանչյուր ամիս բյուջե լրացուցիչ շուրջ 5 մլրդ դրամ է բերում։ Քանի որ նախկինում չկար այդ հարկատեսակը, տարեսկզբին այն էական ազդեցություն էր թողնում հարկային եկամուտների կատարողականի վրա։ Սեպտեմբերից այդ ազդեցությունը չեզոքանում է ու մինչև տարեվերջ, դատելով կառավարության կանխատեսումներից, այլևս հարկային եկամուտների նոր «գերակատարումներ» չեն սպասվում։
Կառավարությունն ակնկալում է, որ այս տարի կհավաքվի 1 տրիլիոն 920 մլրդ դրամի հարկային եկամուտ։ Այն ապահովելու համար տարեվերջի 3 ամիսների մուտքերը պիտի կազմեն 508 մլրդ դրամ։ Կատարելու դեպքում, ֆինանսների նախարարությունը հաշվարկել է, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կբարելավվի 0,4 տոկոսով և կկազմի 23,2 տոկոս։
«2022 թվականի առաջին ութ ամիսներին հարկման բազաների բարձր աճի և 2021 թվականի հարկային օրենսդրության փոփոխությունների պայմաններում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են բարձր տեմպերով՝ շուրջ 25,2 տոկոսով: Այդ պայմաններում, 2022թ. հարկային եկամուտների սպասվող ցուցանիշը ճշգրտվել է դեպի վեր՝ հասնելով 1,920 մլրդ դրամի, որի պայմաններում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատ կբարելավվի 0,4 տոկոսային կետով՝ հասնելով 23,2 տոկոսի»,- արձանագրված է 2023թ. պետական բյուջեի նախագծում։
Իրականում, իհարկե, ստացվում է հարկեր-ՀՆԱ 23,1 տոկոս ցուցանիշ, բայց որոշել են կլորացնել ու ստանալ 23,2 տոկոս։
Հիշեցնենք, որ անցած տարվա հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 22,7 տոկոս էր։
Կապահովվի՞ այս տարվա ակնկալիքը, թե՞ ոչ, դեռ ժամանակ կլինի տեսնելու։ Ամեն դեպքում, դրան թերահավատորեն է նայում Կենտրոնական բանկը։ Այստեղ կարծում են, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը նույնիսկ կնվազի՝ պայմանավորված հարկերի նկատմամբ ՀՆԱ առաջանցիկ աճով։
Համախառն ներքին արդյունքի մեջ հարկերի հավաքման ցուցանիշի բարելավումը Հայաստանի տնտեսության ամենացավոտ խնդիրներից մեկն է։ Այն ընդհանրապես շատ դանդաղ է բարելավվում։ Թվում է, թե ունենք հարկերի հավաքագրման չափազանց լավ արդյունք, բայց միջինժամկետ, անգամ երկարաժամկետ հատվածում հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական բարելավումներ հիմնականում չենք ունենում։
2019թ. հետո, հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ավելացումը, այն էլ, եթե իրականանա այս տարվա համար նախատեսված 0,4 տոկոսային բարելավումը, երեք տարվա կտրվածքով կկազմի ընդամենը 0,8 տոկոսային կետ։ Միջինը տարեկան 2,6 տոկոս։
Դեռ հարց է, թե ի՞նչ կմնա դրանից հաջորդ տարի՝ հաշվի առնելով այն բազմաթիվ խնդիրները, որոնց առաջիկայում կարող է բախվել տնտեսությունը։ Քիչ չեն դեպքերը, երբ ունենում ենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշի զրոյական բարելավում։ Այնպես, ինչպես եղավ 2020թ.։
Այս տարի, իհարկե, ունենք հարկային եկամուտների բարձր կատարողական, բայց պետք է հաշվի առնել, որ դրան մեծապես նպաստել են հարկային օրենսդրության փոփոխություններն ու բարձր գնաճը, ինչպես նաև այն նոր միջավայրը, որում մեր տնտեսությունը հայտնվել է՝ իրենից անկախ պատճառներով։
Գնաճի ազդեցությունը հարկային եկամուտների վրա դժվար է միանշանակ գնահատել, բայց այն բավական մեծ է։ Այդ ազդեցությունը արտահայտվում է տարբեր հարկատեսակներից, և հատկապես ԱԱՀ-ից ստացվող մուտքերի տեսքով։
Զարմանալի չէ, որ այս տարի ունենք ԱԱՀ մուտքերի բարձր աճ՝ անցած տարվա 9 ասում եղել էր 383 մլրդ դրամ, այս տարի՝ 468 միլիարդ։ Ավելացել է 85 միլիարդով։ Դրա մի մասը եղել է բարձր գնաճի հաշվին ու, որպես անուղղակի հարկ, այն վճարել է սպառողը, իր գրպանից՝ ապրանքների գների բարձրացման տեսքով։ Նույնը նաև հարկային օրենսդրության այն փոփոխությունների դեպքում, որոնք վերաբերում են ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի բեռի բարձրացմանը։ Դրանք լրացուցիչ հարկային եկամուտներ են բերել բյուջե, բայց էլի սպառողների գրպանի հաշվին։
Հարկային օրենսդրության առանցքային փոփոխություններից մեկն էլ, որը հարկային բեռի բարձրացման միջոցով մի քանի տասնյակ միլիարդի մուտք է ավելացրել բյուջեում, մետաղների արտահանման լիցենզավորումն է ու արտահանման տուրքի կիրառումը։
Սրանք այն ոչ բոլոր գործոններն են, որոնք նպաստել են այս տարվա հարկային եկամուտների ավելացմանը։ Բայց դրանք ոչ միշտ են կապված բուն տնտեսական զարգացումների, արձանագրվող աճերի, հարկային եկամուտների հավաքագրման բարելավումների ու հարկային վարչարարության հետ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ