Փողը գալիս է այն ժամանակ, երբ դնում ես նպատակ, հավատում դրան և իրագործում. Կարեն Մարգարյան

168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրը «Մարգարյան բիզնես գրուպի»-ի սեփականատեր Կարեն Մարգարյանն է։

Նշենք, որ «Մարգարյան բիզնես գրուպի»-ի կազմի մեջ են մտնում «Չինար», «Ալյասկա», «Ազուրա», «Ոստան» «Լուի Շարդեն», «Հանս&Ֆրանս» ռեստորանները։

Հարցազրույցի կարևոր թեզերը՝ ստորև.

Կարդացեք նաև

– Շնորհակալ եմ ճակատագրին, որ ինձ բերեց և կանգնեցրեց այս ուղու վրա։ Ես հիմա զբաղվում եմ այն աշխատանքով, որի մասին երազել եմ փոքրուց։ Դեռ վաղ տարիքից էի ցանկանում զբաղվել բիզնեսով։

– Իմ ծնողներն ինձ երբեք չեն ասել՝ դարձի՛ր գործարար. դա իմ որոշումն էր, որին եկա՝ կյանքում տարբեր փուլեր անցնելով։ Հասկացա, որ ինձ հոգեհարազատ է սննդի ոլորտը. հասկացա՝ իմը սնունդն է։

– Կյանքիս երազանքն է եղել մուլտիբրենդային ընկերություն ունենալը. ես այսօր այն ունեմ։

– Ռեստորանային բիզնեսով զբաղվելու համար կարևոր է դրանով զբաղվող մարդու բնավորությունը. եթե չեք սիրում համով բաներ պատրաստել և հյուրասիրել, ավելի լավ է՝ ռեստորանային բիզնեսով չզբաղվեք։ Ավելին, եթե մարդը ստեղծագործ չէ, ավելի լավ է չմտնի այդ ոլորտ։

– Ավելի վաղ հասակում առևտրով եմ զբաղվել, հիշում եմ՝ խանութ ունեի «Փեթակ»-ում։ Իրականում փող աշխատել սկսել եմ 10 տարեկանից. հայրս օղու արտադրամաս ուներ, այնտեղ բանվոր էի աշխատում։

– Յուրաքանչյուր բիզնես նման է իր սեփականատիրոջը. դա չգրված օրենք է։

– Իմ միսիան հայկական խոհանոցի զարգացումն է, ռեստորանների բացումն ամբողջ աշխարհում։ Ասեմ ավելին, մի քանի երկրների հետ արդեն բանակցություններ եմ վարում այդ նպատակով։

– Փողը գալիս է այն ժամանակ, երբ դու կարողանում ես դնել նպատակ, հավատալ դրան և իրագործել։

– Ուզում եմ ազատվել բնավորությանս որոշ գծերից. օրինակ՝ շատ բարի լինելուց, բայց չի ստացվում։

– Բիզնեսի հաջողությունը լավ թիմ ունենալն է։ Չունես լավ թիմ, չունես հաջողակ բիզնես. դա էլ չգրված օրենք է։

– Աշխատակիցներին աշխատանքի ընդունելիս՝ առաջինն ուշադրություն եմ դարձնում քիմիա ասվածին, հետո՝ մյուս որակներին։

– Ռեստորանային բիզնեսը փողի մասին չէ, ստեղծագործելու մասին է։

– Ես էներգա եմ ստանում ոչ թե քարտիս փողի չափից, այլ՝ իրականացրած նոր պրոյեկտներից։

– Ռեստորան բացելը թանկ հաճույք է. Օրինակ, 600.000 դոլար է պետք մոտ 200 քառակոսի տարածքով ռեստորան ունենալու համար, իսկ հիմա վիճակն այնպիսին է, որ, եթե ներդրողը 5 տարում այդ գումարը կարողանա հետ բերել, ուրեմն՝ օլիմպիական չեմպիոն է։

Անհաջողությունն է կոփում մարդուն, եթե դա չկա, դու երբեք չես դիմի ռիսկի։

– Իմ երեխաներից պահանջում եմ միայն մեկ բան՝ ինչ անում եք, արեք ամենալավը, և եղեք հասարակության համար պիտանի մարդիկ։

– Խելացի կին ունենալը բախտի բան է։

 Վերջում ներկայացնում ենք Կարեն Մարգարյանի հարցը հաղորդաշարի հաջորդ հյուրին։

«Ինչքանո՞վ եք կարևորում թիմը՝ ընկերության գործունեության համար։ Ի՞նչ եք անում, որ թիմը լինի մոտիվացված, ի՞նչ կառուցվածքային փոփոխությունների եք դիմում բիզնեսում, որպեսզի թիմն աշխատի մոտիվացված»։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս