Եթե ինձ առավոտյան 6–ին քնից հանեն, կասեմ՝ ՔՊ վարչությունում ով էր ԱԱԾ գործակալ. Աղազարյան․ News.am

Եթե 300 հազար փախստականների մասին փաստաթուղթը պիտի ստորագրվի, բնական է, որ 300 հազարը չեն գա, կգան 300 հոգի, Վարդենիսի գյուղերից մեկում կապրեն, խժդժություններ կառաջացնեն, Թուրքիան զորք կմտցնի Սևանի արևելյան ափ, որպեսզի թույլ չտա Հովիկի նման բանը էքստրեմիստները սեպ խրեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության մեջ, և Սևանի հյուսիսային ափը կանցնի Ադրբեջանին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամվոր, ՔՊ–ից հեռացված Հովիկ Աղազարյանը։

«Սա մեսիջ է մեզ բոլորիս, որ այստեղ հեռանկար չկա, կամաց-կամաց կթողնենք, կգնանք, իրենք կշատանան, կգան։ Էդ անհանգստությունները կան»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, թե ի՞նչ են Փաշինյանն ու Ալիևը քննարկել Աբու Դաբիում 5 ժամ տեւած հանդիպմանը, Աղազարյանն ասաց. «Լուրջ թեմա է անկլավների հարցը, լուրջ թեմա է սահմանազատման խնդիրը, ճանապարհների ապաշրջափակման հարցը և նաև փախստականների վերադարձի հարցը։

Հայաստանի օգտին լինելու է միայն խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը իմաստ էլ արդեն չի ունենա։ Մենք մեզ կխաբենք, որ վերջապես ստորագրեցինք, բայց ո՞րն է դրա գինը։ Եթե խաղաղության պայմանագիր ստորագրենք և Հայաստանում հայ չլինի, դա արժե՞ դրան, ես կարծում եմ՝ չարժի։

Եթե քո հարևան պետությունը ուզում է, որ Տիգրանաշենը լինի իրենը, ուրեմն ինքը խաղաղության չի ձգտում, ինքն ուզում է այնտեղ բերի իր զինվորներին, և այդ հսկայական տարածքը՝ Երասխավանից սկսած, կդառնա ոչ մերը»,–ասաց նա։

Անդրադառնալով ներքաղաքական կյանքին, բարձրաստիճան հոգեւորականների հետ համակարտությանը, Հովիկ Աղազարյանն ասաց. «Եկեղեցու դեմ քայլերը, նաեւ հեղաշրջման գործը, ենթատեքստերով, երբեմն ուղիղ ասում են, որ այս ամենի թիկունքում Ռուսաստանն է։ Սա շատ վատ է, որովհետև այդ ձևով ուզում են Հայաստանում հակառուսական տրամադրությունները խորացնեն, որ մենք արդեն այլընտրանք չունենք, մեզ մնում է դեպի Թուրքիա տարբերակը՝ այդտեղից բխող բոլոր արդյունքներով։

Ասում են՝ եկեղեցականները ռուսական հատուկ ծառայությունների աշխատողներ են։ Իհարկե, կարող են եկեղեցականների մեջ լինել մարդիկ, որ հատուկ ծառայությունների աշխատակիցներ են, ո՞նչ կարող է՝ չլինեն։

Երբ ես ՔՊ վարչության անդամ էի, ես գիտեի, որ մեր մեջ կա հատուկ ծառայություններից մարդ։ Ես մի երկու հոգու ասել եմ՝ եթե ինձ քնից հանեն առավոտը ժամը 6-ին, քնաթաթախ ասեն՝ պարոն Աղազարյան վարչության մեջ մի հոգի ԱԱԾ-ից է, ո՞վ է։ Ես ասել եմ, թե ով է։

Այսինքն հնարավոր չի, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները եկեղեցում մարդ չունենան, դա բացառված է»,–ասաց Աղազարյանը։

Խոսելով եկեղեցականների կուսակրոնության ուխտը չպահելու մասին, նա նկատեց, որ բոկլորն էլ գիտեն, որ եկեղեցականների 95 տոկոսը այդ ուխտը չի պահում. «Բա այդ դեպքում դու ինչի՞ չէիր դա երեք տարի առաջ անում։ Ենթադրենք, այդ 5%-ի մեջից գտնում ես կաթողիկոսի թեկնածու, բա ովքե՞ր են ընտրելու։ Բա այդ ընտրողներն էլ են խախտել այդ ուխտը։ Ուրեմն ազնիվ չես քո մղումներում»։

Տեսանյութեր

Լրահոս