
Գավառում ցուցադրվել է Մաքենյաց վանքում 1496 թվականին ստեղծված ձեռագիր մատյան

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախաձեռնությամբ և Գեղարքունիքի մարզպպետի աշխատակազմի աջակցությամբ Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել հայագիտական միջազգային կոնգրեսի ամփոփիչ նիստը, որի ընթացքում միջոցառման մասնակիցներին է ներկայացվել Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփենիկ Ղազարոսյանի «Գեղամա երկրի գրչության կենտրոնները և ձեռագրական ժառանգությունը» մենագրությունը։
Միաժամանակ ցուցադրվել է բացառիկ ձեռագիր Ավետարան, որն ստեղծվել է Մաքենյաց վանքում 1496 թվականին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնից, գրքում ներկայացված են Սևանի ավազանի գրչության կենտրոնների պատմությունը և մեզ հասած ձեռագրական հարուստ ժառանգությունը։
Հատուկ ընդգծվել է Սևանավանքի՝ որպես ուսումնական և գրավոր մշակույթի կենտրոնի նշանակությունը։ Մենագրությունը նախատեսված է հայ մշակույթի պատմությամբ զբաղվող մասնագետների, ուսանողների և հայոց պատմությամբ հետաքրքրվողների համար։
Միջոցառմանը մասնակցել են Երևանի Մեսրոպ մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, սփյուռքն ու Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող հայագետներ, Գավառի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, Գավառի պետական համալսարանի աշխատակիցներ, ուսանողներ և շրջանավարտներ։Գրքի մեկ օրինակ հանձնվել է Գավառի պետական համալսարանի գրադարանին։