Կապիտալի մուտքը դանդաղել է. Ի՞նչ է տեղի ունեցել մասնավոր փոխանցումների հետ, և ի՞նչ սպասել առաջիկայում

Մինչև Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելը և քաղաքացիների հերթական ակտիվ ներհոսքը, այդ երկրից կապիտալի մուտքը Հայաստան սկսել էր կրճատվել։ Երկու ամիս անընդմեջ արձանագրվեց հոսքերի նվազում։

Ինչպե՞ս կփոխվի իրավիճակը հերթական ակտիվ ներհոսքից հետո, շատ բան դեռ անորոշ է։ Հատկապես վերջին ամիսներին նկատվող դրսևորումների ֆոնին։

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով, օգոստոսին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց իրականացրած փոխանցումները կազմել են 472 մլն դոլար։ Սա անհամեմատ մեծ է անցած տարվա նույն ամսվա ցուցանիշից, բայց զգալիորեն զիջում է նախորդ ամսվա մուտքերին։

Հուլիսին մասնավոր փոխանցումները Հայաստան կազմել էին ավելին քան 567 մլն դոլար։

Կարդացեք նաև

Նախորդ ամսվա համեմատ օգոստոսին կապիտալի հոսքերը կրճատվել են 95 մլն դոլարով։

Հուլիսին ևս ֆիզիկական անձանց մասնավոր փոխանցումների կրճատում էր գրանցվել հունիսի նկատմամբ։ Այդ ամիսն էլ մուտքերը նվազել էին 30 միլիոնով։

Նվազման տեմպն օգոստոսին ոչ միայն պահպանվել է, այլև էապես մեծացել է։

Նշենք, որ մասնավոր ֆինանսական փոխանցումների պիկը գրանցվել է հունիսին։ Այդ ամիսն ստացվել էր ավելի քան 597 մլն դոլար, որն աննախադեպ ցուցանիշ էր տրանսֆերտների ամբողջ պատմության ընթացքում։ Երբևէ մեկ ամսվա ընթացքում այդքան գումար չէր եկել Հայաստան մասնավոր փոխանցումների տեսքով։

Նվազել են հիմնականում Ռուսաստանից ստացվող ֆինանսական միջոցները։

Հայտնի է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստան մտնող կապիտալի բարձր ակտիվությունը պայմանավորված էր գերազանցապես ռուսական ներհոսքով։ Բայց ինչպես հուլիսին, այնպես էլ օգոստոսին այս երկրից ստացվող մուտքերը սկսել են դանդաղել։

Հուլիսին Ռուսաստանից ստացվել էր 442 մլն դոլար։ Արդեն օգոստոսին բանկային համակարգով այս երկրից կատարված մասնավոր փոխանցումները կազմել են 327 միլիոն։

Հուլիսի համեմատ օգոստոսին Ռուսաստանից ֆիզիկական անձանց կատարած փոխանցումները բավական կտրուկ անկում են գրանցել։ Մեկ ամսում դրանք կրճատվել են 115 մլն դոլարով կամ ավելի քան 26 տոկոսով։

Օգոստոսի նվազումն անհամեմատ մեծ է, քան գրանցվել էր հուլիսին։ Այն ժամանակ ռուսական տրանսֆերտների հոսքերը կրճատվել էին 10 միլիոնով։

Օգոստոսին անկման տեմպը կտրուկ արագացել է։ Պետք է ենթադրել է, որ դա պայմանավորված է եղել Ռուսաստանից տեղափոխված քաղաքացիների մի մասի վերադարձով, ինչպես նաև այլ նպատակներով Հայաստանը՝ որպես կապիտալի տեղակայման հարթակ դիտարկելու հանգամանքով։ Պատահական չէ, որ հուլիսին Հայաստանից նաև բավական խոշոր գումարի արտահոսք է տեղի ունեցել։ Այդ ամսին մասնավոր փոխանցումների անվան տակ երկրից դուրս է եկել 432 մլն դոլար։

Չնայած այդ գումարները ստացվել են հիմնականում Ռուսաստանից, դրանք կրկին չեն վերադարձել Ռուսաստան։

Օգոստոսին թեև արտահոսքի ծավալները համեմատաբար նվազել են, այնուհանդերձ շարունակել են գտնվել բավական բարձր դիրքում։ Այդ ամիս ֆիզիկական անձինք երկրից հանել են 181 մլն դոլար։ Ու կրկին գումարը հիմնականում շրջանցել է Ռուսաստանը։ 181 միլիոնից միայն 30 միլիոնն է գնացել ՌԴ։

Տրանսֆերտների շուկայում հուլիս-օգոստոսին տեղի ունեցած այս փոփոխությունները վկայում են, որ ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո դիտարկված կապիտալի ակտիվ հոսքերի աճը դադարել է։ Դրանք բավականաչափ կրճատվել են՝ հունիսին արձանագրված պիկից հետո։ Բայց դեռ վաղ է ասել, թե ինչպիսին կլինեն առաջիկա զարգացումները։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարվեց՝ քաղաքացիների հոսքերը կրկին ակտիվացան։ Քիչ չեն այն քաղաքացիները, ովքեր նախընտրում են տեղափոխվել Հայաստան։

Ենթադրվում է, որ դա իր հետ ֆինանսական միջոցների ներհոսքի նոր ակտիվություն կարող է բերել։ Այլ հարց, թե այդ ակտիվությունը մինչև ուր կարող է հասնել։

Նախորդ շրջանում տրանսֆերտային փոխանցումների անվան տակ ստացվող գումարների մեջ քիչ չէին առևտրային և այլ կարգի փոխանցումները։ Այլ կերպ ասած՝ դրանք ամբողջությամբ կապված չէին քաղաքացիների տեղափոխումների և Հայաստանում իրենց սոցիալական խնդիրները լուծելու հետ։ Այժմ, երբ մարդկային հոսքերը կրկին ակտիվացել են, դա որոշակի ազդեցություն կունենա նաև ֆինանսական հոսքերի վրա։ Բայց ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի այդ ազդեցությունը։

Ամեն դեպքում, քիչ հավանական է, որ ազդեցություն կգերազանցի հունիսի պիկը, երբ տրանսֆերտային ընդհանուր հոսքերը հասան գրեթե 600 մլն դոլարի։

Այսօր էլ, իհարկե, չնայած հուլիս-օգոստոսին արձանագրված կրճատմանը՝ դրանք շարունակում են էապես գերազանցել նախորդ տարվա մուտքերին։ Եթե անցած տարվա օգոստոսին ֆիզիկական անձանց փոխանցումները կազմել էին 198 մլն դոլար, ապա այս տարի կազմել են 472 միլիոն. 278 միլիոնով ավելի, քան անցած տարի։

Գրեթե 4 անգամ աճել են Ռուսաստանից մուտք եղող գումարները։ Անցած տարվա օգոստոսին դրանք 85 մլն դոլարի սահմաններում էին, այս տարի հասել են 327 միլիոնի։

Ընդհանուր առմամբ տարեսկզբի 8 ամիսներին ֆիզիկական անձանց փոխանցումների տեսքով Ռուսաստանից Հայաստան է եկել 1 մլրդ 820 մլն դոլարից ավելի գումար։ Նախորդ տարվա ցուցանիշը 548 միլիոն էր։ Ութ ամսում մուտքերը 3,3 անգամով աճել են, ինչի արդյունքում տրանսֆերտային հոսքերում Ռուսաստանի մասնաբաժինն անցել է 68 տոկոսից։ Անցած տարի 40-41 տոկոսն էր։ Այսպիսի կտրուկ փոփոխությունը եղել է գերազանցապես Ռուսաստանի քաղաքացիների կատարած փոխանցումների հաշվին։

Սոցիալական նշանակություն ունեցող այն տրանսֆերտները, որոնք գալիս են Հայաստանի քաղաքացիներին՝ արտագնա աշխատանքի մեկնողների միջոցով կամ այլ եղանակներով, նույնիսկ կրճատվել են։ Ու եթե չլինեին նշված հանգամանքները, ապա այս տարի մասնավոր փոխանցումների առնվազն աճ չէր լինելու։ Այնինչ՝ փաստացի ունենք հոսքերի կրկնակի ավելացում։

Միայն բանկային համակարգով 8 ամսում ֆիզիկական անձինք Հայաստան են փոխանցել 2 մլրդ 654 մլն դոլար՝ անցած տարվա 1 մլրդ 340 միլիոնի դիմաց։ Մուտքերը կրկնակի ավելացել են, ինչն էլ դարձել է Հայաստանում տնտեսական աճի ապահովման հիմնական գործոններից մեկը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս