«Հեռու չէ այն օրը, երբ Հայաստանի ու Թուրքիայի միջև կհաստատվի դիվանագիտական հարաբերություններ, որոշ ժամանակ անց նույնը կլինի նաև Ադրբեջանի հետ». Նուբար Չալըմյան

Հայաստանի կառավարությունն առավոտյան հաղորդագրություն է տարածել է Պրահայում Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման վերաբերյալ։

Ըստ հաղորդագրության՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և, որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում Պրահայում կայացած հանդիպումների մասին գրել է․

«Այս գիշեր Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին, որոնց համաձայն՝ երկուսն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Կարդացեք նաև

Հայաստանը համաձայնում է նպաստել Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության ձևավորմանը, Ադրբեջանը համաձայնում է համագործակցել։ Այս առաքելության նպատակն է՝ վստահություն ձևավորել և իր զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին»:

168.amի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանն ասաց, որ ի սկզբանե պարզ էր, որ Փաշինյան-Էրդողան հանդիպում լինելու է։

«Կարծում եմ՝ Պրահայում Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավելի արդյունավետ է եղել, քան Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Ըստ իս, հեռու չէ այն օրը, երբ Հայաստանի ու Թուրքիայի միջև կհաստատվի դիվանագիտական հարաբերություններ, որոշ ժամանակ անց նույնը կլինի նաև Ադրբեջանի հետ։ Այս ամենի մեջ, ինչպես արդեն նկատեցինք, մեծ դեր է խաղալու Ֆրանսիան՝ նախագահ Մակրոնի գլխավորությամբ։ Ադրբեջանի հետ Հայաստանի ղեկավարությունը դեռ որոշակի բաներ ունի ճշգրտելու, նկատի ունեմ սահմանագծումը և կարծում եմ, որ Թուրքիան կարող է հորդորել Ադրբեջանին գնալու նման համաձայնության»,- նշեց Նուբար Չալըմյանը։

Հարցին՝ այս ամենն ի՞նչ գին է ունենալու Հայաստանի համար, Նուբար Չալըմյանը պատասխանեց, որ գինը հետևյալն է՝ այսօր Հայաստանի իշխանությունների համար կարևոր է ունենալ Խորհրդային Հայաստանի տարածքը՝ 29.800 քկմ։

Ըստ նրա, գուցե Ադրբեջանը գնա դրան, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը Ալիևի գլխավորությամբ առաջնորդվում են Միացյալ Նահանգների 1970-ականների վերջերին Պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող Հենրի Քիսինջերի սկզբունքով կամ ուսմունքով՝ պահանջիր շատ, որպեսզի ստանաս այնքան, որը քեզ կբավարարի։

«Այսինքն՝ պահանջում են ավելի շատ, որպեսզի դիմացինը գնա զիջումների և այդ զիջումներով հասնի մի այնպիսի կետի, որն արդեն պահանջողին կբավարարի։ Հիմա եթե 29.800 քկմ ամբողջովին ու առանց «անկլավների» մնա, քանի որ Ադրբեջանի կողմից ներկայացվող քարտեզները կեղծ են, և դրանք որևէ մեկի կողմից չեն վավերացվել, ապա գուցե այստեղ գնան այդ խաղաղությանը»,- հավելեց նա։

Հետաքրքրվեցինք, թե այս համատեքստում ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախին, և արդյոք Թուրքիան ու Ադրբեջանն առանց Արցախի կգնա՞ն Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման, Նուբար Չալըմյանը պատասխանեց՝ եթե հերթը հասնում է Արցախի կարգավիճակին, ճիշտ կլինի, որպեսզի այս իրավիճակում Հայաստանի հետ հարցերը զատվեն Արցախի խնդրից։

«Այս պահին ցանկալի կլինի, որ Արցախի իշխանություններն ուղիղ բանակցությունների մեջ մտնեն Ադրբեջանի իշխանությունների հետ։ Արցախը կոնֆլիկտի կողմ է եղել, եթե չեմ սխալվում՝ մինչև 1998-99 թվականները, այն ժամանակ ՀՀ նախագահը ծագումով Արցախից էր, և ինչպես այն ժամանակ էին գիտակցում, եթե ոչ ծագումով արցախցին, ապա էլ ո՞վ կարող է լավագույնս բանակցել Արցախի անունից։

Այս առումով եթե իսկապես Արցախը դառնա առանձին միավոր բանակցող Ադրբեջանի հետ, այստեղ Հայաստանը մի կողմ քաշված կլինի։ Մյուս կողմից էլ՝ Արցախի հետ կապված ռուսները պետք է մտնեն «խաղի» մեջ։

Կարծում եմ՝ Արցախն առանձին միավոր կա՛մ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ, կա՛մ  չգիտեմ, եթե միջազգային ուժերն ընդառաջ գնան Արցախի ղեկավարության հորդորներին, որն այսօր մենք հստակ չենք տեսնում, գուցե Արցախին տրվի չեզոքության կարգավիճակ։

Ելնելով ազգերի կամ ժողովուրդների ինքնորոշման իրավունքից, Արցախի մնացած այս հատվածին տրվի չեզոքության կարգավիճակ։ Իսկ ի՞նչ է նշանակում այդ ստատուսը՝ ո՛չ ինձ, ո՛չ քեզ, ոչ մյուսներին։ Կանգնեցվում են տարբեր խաղաղապահ ուժեր, թեպետ դեռևս պետք չէ կանխատեսումներ անել, քանի որ գործընթացները շարունակվում են»,- եզրափակեց Նուբար Չալըմյանը։

Տեսանյութեր

Լրահոս