
Իրան-Իսրայել պատերազմի շարունակությունը կախված է նաև ԱՄՆ-ից. Հայաստանը պետք է թիվ մեկ պատրաստության բերի ԶՈՒ-ն. Նուբար Չալըմյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կառավարության նիստից հետո ասել է, որ Իրանի դեմ Իսրայելի գործողությունը ոչ միայն խնդիր է Թեհրանի համար, այլև ազդում է ողջ տարածաշրջանի վրա:
«Ամեն օր ավելի պարզ է դառնում, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու պատրվակով Իսրայելի հարձակումն ավելի մեծ և նենգ նպատակներ ունի: Իսրայելն այդ հարձակումներն իրականացնելիս գործում է Արևմուտքի անսահմանափակ աջակցությամբ և իրեն ագրեսորի պես է պահում»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիան որքանո՞վ կարող է ազդել ստեղծված իրավիճակի վրա, արդյոք առիթը կօգտագործի՞ Սյունիքի վրա հարձակվելու համար։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանի գնահատմամբ՝ խնդիրը բարդ է, և այն պետք է դիտարկել մի քանի կողմերից։
«Մենք դեռևս չգիտենք, թե այս պատերազմը որքան կարող է շարունակվել։ Եթե երկար շարունակվեց, այն չի կարող բխել մեր շահերից։ Հետևաբար՝ մեզ պետք է, որ այս պատերազմը որքան հնարավոր է շուտ կանգնեցվի, և կողմերը գան կոնսենսուսի։ Այսինքն՝ այն, ինչն Իսրայելը պահանջում էր, որ Իրանը դադարեցնի միջուկային ծրագրի հարստացումը, Իրանը պետք է իր մեջ ուժ գտնի և անի, որովհետև այս ամենը վնասակար է ոչ միայն Իսրայելի, այլև Իրանի համար։
Պատերազմի շարունակությունը կախված է նաև Միացյալ Նահանգների դերակատարությունից, այդ երկիրը Մերձավոր Արևելքում միշտ էլ մեծ դեր է կատարել։ Նախկինում ԱՄՆ-ը Իրանը վերածել էր Մերձավոր Միջինին Արևելքի «ոստիկանի»։ Նման եզրույթ կար, այսինքն՝ Իրանը հսկում էր ամբողջ Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները։
Շահի ժամանակ Իրանը համարվում էր Միացյալ Նահանգների խարիսխը՝ կենտրոնատեղին։ 1979 թվականի իրանական հեղափոխությունից հետո այդ ամենը Միացյալ Նահանգները կորցրեց և մինչև օրս չի կարողանում իր ուժերը վերականգնել։ Հիմա Միացյալ Նահանգներին ձեռնտու է, որ որքան հնարավոր է շուտ պատերազմը դադարի։ Ամերիկյան տեսակետից պատերազմի դադարեցումը ձեռնտու է նաև Իսրայելին, քանի որ այն ահավոր վիճակում է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նուբար Չալըմյանը։
Ըստ նրա, հնարավոր է՝ ստեղծված իրավիճակից օգտվեն Ադրբեջանն ու Թուրքիան, սակայն այս պահին որևէ սպառնալից խոսք, քայլ նրանց կողմից տեսանելի չէ։
«Կարծում եմ՝ Միացյալ Նահանգները գաղտնի սաստել է Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանն այս իրավիճակից չօգտվի՝ լինի կարճաժամկետ, թե երկարաժամկետ պատերազմի դեպքում։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգների շրջանակի մեջ գտնվող երկիր է, ինքնագլուխ՝ առանց ԱՄՆ-ի ցուցումի չի կարող օգնել Ադրբեջանին՝ ՀՀ-ի դեմ ագրեսիա նախաձեռնելու համար»,- շեշտեց Նուբար Չալըմյանը։
Խոսելով Հայաստանի մասին, Նուբար Չալըմյանն ասաց.
«Հայաստանը պետք է թիվ մեկ պատրաստության բերի իր Զինված ուժերը և դրա մասին հայտարարի, ինչը կարող է լինել զսպաշապիկ։ Կարծում եմ՝ այսօր պահը ձեռնտու չէ Թուրքիային՝ որևէ քայլի դիմելու»,- ընդգծեց մեր զրուցակիցը։