Կատաստրոֆիկ անհամաչափություն

Տնտեսական աճին զուգահեռ՝ ավելացել են նաև պետական բյուջեի եկամուտները։ Ենթադրվում է, որ դրան համահունչ պիտի ավելանային նաև բյուջեի ծախսերը։ Բայց եկամուտների ավելացումը ոչ մի կերպ չի համապատասխանում ծախսերի ավելացմանը։

Եկամուտների աճի տեմպն անհամեմատ ավելի բարձր է, քան ծախսերինը։ Եթե եկամուտները տարեսկզբի 7 ամիսներին աճել են 25,7 տոկոսով, ապա ծախսերը՝ ընդամենը 4,1 տոկոսով։

Այս թվերի տարբերությունն առավել ակնհայտ է երևում, երբ ցուցանիշները բերում ենք գումարային տեսքի։

Նախորդ տարվա համեմատ՝ ավել է հավաքվել գրեթե 237 մլրդ դրամի եկամուտ։ Փոխարենը՝ նույն ժամանակահատվածում բյուջեի ծախսերն աճել են ընդամենը 43,2 մլրդ դրամով։

Կարդացեք նաև

Եկամուտների աճը 194 միլիարդով գերազանցել է ծախսերի աճին։

Սա խոսում է բյուջեն կատարելու կառավարության կարողության մասին։ Ունենք բյուջեի եկամուտների ու ծախսերի կատարման կատաստրոֆիկ անհամաչափություն։

Կառավարությունը չի կարողացել ժամանակին կատարել նախատեսված ծախսերը՝ կարևոր չէ, թե ինչ պատճառով։ Բյուջեի ծախսերի յուրաքանչյուր դրամ չկատարումն ի վնաս տնտեսության է ու հասարակության։ Դա նշանակում է, որ հետաձգվում են նաև այդ գումարների շրջանակներում իրականացվող ծրագրերը՝ դրանք կլինեն տնտեսության թե սոցիալական հատվածում։

Այն 4,1 տոկոսանոց աճն էլ, որն ունենք ծախսերի պարագայում, երբեմն հարկադրված ծախսեր են։

Ասենք՝ կենսաթոշակային ֆոնդերին կատարվող վճարումները։ Ավելացել են ֆոնդերին կառավարության կողմից վճարվող գումարները։ Դրանք շուրջ 12 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը։

Ավելացել են բյուջեի ծախսերը նաև պարտքի սպասարկման ոլորտում, որը ևս հարկադրված ծախս է և ենթակա պարտադիր կատարման։

Աճել են՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին տոկոսավճարները՝ պայմանավորված արտարժութային և գանձապետական պարտատոմսերի ծավալների աճով։

Ավելացրել է պարտքը՝ մեծացնելով պարտքի սպասարկման բեռը։

Հիշեցնենք, որ վերջին 4 տարիներին կամ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանի պետական պարտքը 6,8 մլրդ դոլարից հասել է գրեթե 10 միլիարդի։

Պարտքն աննախադեպ բարձր տեմպերով ավելացել է՝ հանգեցնելով սպասարկման նպատակով հատկացվող բյուջետային միջոցների աճին։

Ոչ մի իշխանության ժամանակ այսպիսի կարճ ժամանակահատվածի կտրվածքով պետական պարտքը նման ակտիվ աճ չի գրանցել։ Չորս տարում պարտքը աճել է գրեթե մեկ երրորդով։ Դրան զուգահեռ՝ տեղի է ունեցել նաև պարտքի թանկացում։

Այս տարվա առաջին 7 ամիսներին պետական պարտքի տոկոսավճարների վճարման համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 104 մլրդ դրամ։

Ընդամենը մեկ տարվա ընթացքում միայն տոկոսավճարների սպասարկման գծով կառավարության ծախսերն ավելացել են 7 մլրդ դրամով։

Բյուջեի ծախսերի արձանագրված 4,1 տոկոս աճի մեջ առկա է նաև կապիտալ ծախսերի ավելացման դերը։ Նախորդ տարվա համեմատ՝ այդ ծախսերն աճել են 30 տոկոսով։ Թվում է, թե կառավարությունը կապիտալ ծախսերի գծով այս տարի շտկել է նախկինում եղած տխուր իրավիճակը։ Բայց բոլորովին այդպես չէ։ Մի բան էլ՝ խնդիրները խորացել են։ Չնայած կապիտալ ծախսերի արձանագրված աճին, նախատեսված և կատարված ծախսերի միջև ճեղքվածն ավելի է մեծացել։

Առաջին երեք եռամսյակների ընթացքում, ճշգրտված պլանով, կառավարությունը որոշել է կատարել 299 մլրդ դրամի կապիտալ ծախս։ Բայց հասցրել է 7 ամսում կատարել ընդամենը 119 միլիարդը։ 180 մլրդ դրամի կապիտալ ծախսեր մնացել են օդում կախված։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ իրավիճակ ունենք այս տարվա կապիտալ ծախսերի առումով։ Պարզ է, որ 2 ամսում անհնարին է լինելու 1,5 անգամ ավելի շատ կապիտալ ծրագրեր կատարել, ինչը հնարավոր չի եղել անել 7 ամսում։

Ծախսերի կատարման առումով ունենք կատարյալ ձախողում։ Բյուջեի եկամուտները գերազանցում են ծախսերը, թեև հակառակը պիտի լիներ։ Յոթ ամսում 62 մլրդ դրամով ավելի շատ գումար է մուտք եղել բյուջե, քան կատարված ծախսերն են։ Արդյունքում՝ ծրագրավորված շուրջ 234 մլրդ դրամ դեֆիցիտի փոխարեն՝ 62 միլիարդի հավելուրդ է գրանցվել։

Մի կողմից՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրում ծախսեր անելու տեղ չկա, մյուս կողմից՝ կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պաշտպանությունից ու անվտանգությունից, վերջացրած տնտեսական ու սոցիալական ոլորտներով, որոնք սպասում են լուծման։ Դրանք հետաձգվում են, որովհետև կառավարությունը չունի անհրաժեշտ կարողություններ՝ ժամանակին կատարելու ստանձնած պարտավորությունները։

Եկամուտները, ի տարբերություն ծախսերի, այս տարի շատ ավելի բարձր տեմպերով են աճել։ Բայց այնպես չէ, որ դա կառավարության փայլուն աշխատանքի արդյունքն է։ Բյուջեի եկամուտների ավելացման գործում մեծ է հիմնականում գնաճի և հարկային բեռի ծանրացման ազդեցությունը։

Գնաճի ազդեցությունը երևում է հատկապես ԱԱՀ վճարներում, որոնք տարվա ընթացքում ավելացել են գրեթե 56 մլրդ դրամով։ Թանկացել են ապրանքներն ու ծառայությունները՝ մեծացնելով գանձվող հարկերը։ Դա արտահայտվել է՝ ինչպես ներմուծման, այնպես էլ՝ ներքին արտադրության պարագայում։

Բյուջեի եկամուտներն ավելացել են նաև ենթաակցիզային ապրանքների հարկային բեռի մեծացման հետևանքով։

Կան նաև ոչ ուղղակի տնտեսական ազդեցություններ՝ բյուջեի եկամուտների աճի գործում։ Ասենք՝ կենսաթոշակային ֆոնդերի վճարումները, որոնք այս տարի ավելացել են իրականացված օրենսդրական փոփոխությունների պատճառով։ Մասնավորապես այն, որ հունվարի 1-ից ֆոնդերի շահառուների մասնաբաժինը, վճարվելիք գումարների տեսքով, 1 տոկոսով ավելացել է՝ 3,5-ից դառնալով 4,5 տոկոս, բյուջեում լրացուցիչ 11 մլրդ դրամի ավելի մուտք է ապահովել։ Այդ գումարը երևում է բյուջեի մուտքերում, բայց այն ընդամենը բյուջեի խողովակով տեղափոխվում է ֆոնդերի հաշիվների վրա։ Այն իրականում բյուջեի հետ կապ չունեցող գումար է, չնայած հաշվարկվում է եկամուտների մեջ։

Բյուջեի մուտքերի վրա ազդեցությունը մեծ է պետական տուրքի գծով։ Խոսքը հատկապես մետաղների արտահանման տուրքերի մասին է, որը նախորդ տարվա սկզբին սահմանված չէր։ Միայն այդ գործոնի արդյունքում այս տարի պետական բյուջեն ստացել է ավելի քան 45 մլրդ դրամ։

Այսպիսին են հիմնականում բյուջեի եկամուտների ավելացման պատճառները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս