Շվեդիայից եկած մասնագետներն ապշած էին
Երեկ Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագրի շրջանակներում դատական իշխանության և ԶԼՄ-ների միջև վստահության ամրապնդման վերաբերյալ կլոր-սեղան քննարկում տեղի ունեցավ, որին ներկա էին Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի իրավախորհրդատու Լյուդվիգ Բեքինգը, Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի ավագ դատավոր Բյորն Լինդենը, Շվեդիան ներկայացնող ավագ դատավոր Պատրիկ Ալմ-ը, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամներ Դավիթ Խաչատուրյանը, Անի Մխիթարյանն ու Գրիգոր Բեքմեզյանը, ՀՀ դատական իշխանության այլ ներկայացուցիչներ, լրագրողներ:
Քննարկման ընթացում Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի ավագ դատավոր Բյորն Լինդենը մասնավորապես ներկաներին ծանոթացրեց ԶԼՄ-ների հետ շփվելու՝ շվեդական փորձին. Շվեդիայում կան ընտրված 25 դատավորներ, որոնք կարող են շփվել լրատվամիջոցների հետ, և յուրաքանչյուր վճռից հետո այն հնարավորինս մատչելի մեկնաբանվում է հանրության համար:
Ըստ ամենայնի այս փորձը ցանկանում են ներդնել նաև Հայաստանում, սակայն դժվար թե այն Հայաստանի դատական համակարգի իրողության պայմաններում կենսունակ լինի, որովհետև դժվար է պատկերացնել, որ տարեկան շուրջ 5000 գործ քննող դատավորը կարողանալու է ժամանակ պեղել ու ամեն դատական ակտից հետո ասուլիս տալ ու մեկնաբանել այն:
Բացի դրանից, մեր օրենսդրության պայմաններում յուրաքանչյուր դատավոր ամեն նմանատիպ ասուլիսից հետ անխուսափելիորեն կանգնած կլինի կարգապահական պատասխանատվության ենթարկվելու տհաճ հեռանկարի առջև:
Հանդիպման ընթացքում նաև շվեդ մասնագետներն անդրադարձան Շվեդիայում դատական գործերի լուսաբանման կարգին, պատասխանեցին լրագրողների հարցերին:
Հարցին՝ արդյո՞ք Շվեդիայում դատավորներն ընդունում են, որ, օրինակ, քաղաքական գործ են քննում, որովհետև մեզ մոտ ոչ ոք դա չի ընդունում, շվեդները պատասխանեցին՝ Շվեդիայում առհասարակ նոնսենս են քաղաքական գործերը, և նման գործեր այնտեղ պարզապես չկան:
168.am-ի հարցին՝ իսկ մտաբերո՞ւմ են արդյոք դեպք Շվեդիայում, երբ դատավորները կարող են, ասենք, Շվեդիայի կառավարության ղեկավարի մոտ խորհրդակցության հրավիրվել ու կոնկրետ քրեական գործեր քննարկել, շվեդ մասնագետները պատասխանեցին՝ չի՛ կարող նման բան լինել, որևէ պարագայում դա անթույլատրելի է:
Նրանց խոսքով՝ Սահմանադրությունն արգելում է, որ կառավարությունը կամ ինչ-որ այլ պետական մարմին որևէ ազդեցություն ունենան կոնկրետ գործերի վրա: Հետևաբար՝ նման հանդիպումներ կամ խորհրդակցություններ պարզապես չեն կարող լինել:
Շվեդիայում արգելված է նաև կոնկրետ գործերով դատավորներին ցուցումներ տալը, և փաստացի, եթե Շվեդիայի կառավարության ղեկավարը, ինչպես Նիկոլ Փաշինյանը, դատավորներին հարցնի՝ ինչո՞ւ կոնկրետ գործով 42 ձերբակալվածներից միայն, ենթադրենք, 20-ն են կալանավորված, դա լուրջ խնդիր կլինի Շվեդիայի վարչապետի համար:
Շվեդների համար նաև հասկանալի չէր, թե, օրինակ, երեխաների առք ու վաճառքով որպես մեղադրյալ անցնող անձը ինչպես կարող է առհասարակ պետական բարձր պաշտոն զբաղեցնել:
«Իսկ արդյո՞ք այդ պետական մարմնում վստահում են այն մարդուն, ով կարող է անցնել երեխաների առքուվաճառքի գործով»,- հարցին հարցով պատասխանեցին նրանք: