Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ հայտնեց դատավոր Նախշքարյանի վերաբերյալ վարույթից. Դիլիջանում շփվել է դատավորի հետ

Փետրվարի 5-ին հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ)՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ։

Միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Ա.Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ 2022թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ դատավոր Ա.Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել էին՝ գերբեռնվածության պայմաններում աշխատելիս չորս գործով վճիռները տևական ժամանակով ուշացնելու համար։

Այսօր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջին նիստն է ԲԴԽ-ում: Դատավորի ներկայացուցիչներն են իրավապաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Սիրանուշ Սահակյանը: Վերջիններս ավելի վաղ հրապարակեցին նաև դատավորի վերաբերյալ կարգապահական միջնորդության բովանդակությունը:

Հիշեցնենք, որ Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը 2021 թվականին Բարձրագույն դատական խորհրդի առջև ներկայացրել էին դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերը Արդարադատության նախարարության միջնորդությամբ երեք կարգապահական վարույթներով։ Միջնորդություններից երկուսը մերժվել էին, իսկ մեկը՝ բավարարվել, և դատավորին հայտարարվել էր խիստ նկատողություն։

Կարդացեք նաև

Նիստի սկզբում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց՝ նշելով, որ ինքը այս վարույթով չի կարող անաչառ լինել, քանի որ նախկինում թեմայի վերաբերյալ դատավոր Նախշքարյանի հետ քննարկում է ունեցել Դիլիջանում:

Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Վերադառնալով՝ հայտարարվեց, որ Կարեն Անդրեասյանի ինքնաբացարկի միջնորդությունը ընդունվել է. նիստը նախագահում է ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը:

Հաջորդիվ Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Սուջյանը ներկայացրեց կարգապահական միջնորդության բովանդակությունը, ապա նշեց, որ դատավոր Նախշքարյանը միջնորդել է կարճել այս վարույթը, սակայն նախարար Գրիգոր Մինասյանը գտել է, որ վարույթի կարճման հիմքեր առկա չեն:

Այնուհետև դատավորի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը հարցեր ուղղեց նախարարության ներկայացուցչին:

Դատավորի մյուս ներկայացուցիչը՝ Սիրանուշ Սահակյանը, միջնորդեց դրսում մնացած փաստաբաններին նույնպես հնարավորություն տալ ներկա գտնվել դահլիճում, ապա նույնպես հարցեր ուղղեց նախարարի ներկայացուցիչներին: Նրանից հետո Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին հարցեր ուղղեց դատավոր Զարուհի Նախշքարյանը:

«Ի՞նչն է պատճառը, որ Դուք ֆեյսբուքյան տարբեր գրառումներ, մտքեր ծաղկաքաղ եք արել ու մատուցում եք Ձեզ հարմար սոուսով»,- մասնավորապես հարցրեց Զարուհի Նախշքարյանը՝ իր ասածը հիմնավորելով տարբեր օրինակներով: Նա խնդրեց անդրադառնալ դրվագներից յուրաքանչյուրին:

Նախարարի ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը երկար պատասխանում էր, բայց ոչ ըստ էության: Ի վերջո, նախագահող Նաիրա Հովսեփյանը խնդրեց ասել այն բառերը, որոնք ներկայացուցչի համար խնդրահարույց են: Վերջինս հրաժարվեց. բառեր առանձնացնել հնարավոր չէ: Միայն շարունակ կրկնում էր՝ դատավորը կասկածի տակ է դրել դատարանի կայացրած ակտը:

«Ես կանգնած եմ իմ լիազորությունների դադարեցման վտանգի առաջ և իրավունք ունեմ բոլոր հարցերս հնչեցնել»,- ասաց դատավոր Նախշքարյանը, երբ փորձ արվեց սահմանափակել նրա արտահայտվելու իրավունքը:

Հաջորդիվ նախարարի ներկայացուցիչներին հարցեր առաջադրեցին ԲԴԽ անդամները: Մասնավորապես ԲԴԽ դատավոր անդամին հետաքրքիր էր՝ ինքը՝ Նախշքարյանը, նույնպես դատավոր է, ով նույնպես ծանրաբեռնվածության խնդիր ունի: Չէ՞ր կարող խնդրի վերաբերյալ կարծիք հայտնել:  Ըստ նախարարի ներկայացուցչի՝ չէր կարող:

Հարցուպատասխանից հետո հայտարարվեց 5 րոպե ընդմիջում, որ դատավորի ներկայացուցիչները մարտավարական հարցեր քննարկեն:

Ընդմիջումից հետո Սիրանուշ Սահակյանը միջնորդեց կարճել Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ քննվող միջնորդությունը:

Ծավալվեց քննարկում, ինչից հետո դատավոր Նախշքարյանը միջնորդեց հետաձգել վարույթի քննությունը՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ ԲԴԽ-ն որոշեց հետաձգել վարույթի քննությունը: Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 22-ին՝ ժամը 9:30-ին:

Տեսանյութեր

Լրահոս