Հերթական թիրախը. կարգապահական վարույթ է հարուցվել դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ
Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրեց դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով:
Ըստ Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան զույգի՝ դատավորն իրավունք չուներ համակարգային խնդիրների մասին բարձրաձայնել, ինչն արել էր դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ քննվող կարգապահական վարույթի ժամանակ:
Հիշեցնենք՝ Աննա Փիլոսյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրեց, որովհետև տարեկան 5000 գործ քննող դատավորն ուշացրել էր տրամադրել դատական ակտերը:
Հենց այդ առիթով էր Զարուհի Նախշքարյանը հերթական անգամ խոսել դատավորների անմարդկային ծանրաբեռնվածության մասին:
Արդարադատության նախարարությունն ու ԲԴԽ-ն, սակայն, չեն թողնում, որ դատական համակարգը գեթ մեկ օր առանց ցնցումների գոյատևի:
168.am-ին այսօր հայտնի դարձավ, որ արդեն իսկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի աջակցությամբ նրանք գտել են հերթական թիրախին՝ Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին: Վերջինիս նկատմամբ արդեն 3-րդ կարգապահական վարույթն է հարուցվում:
Արման Հովհաննիսյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, այն եզակի դատավորներից է, ովքեր չեն տրվում ոչ գործադիր, և ոչ էլ դատական իշխանության կողմից գործադրվող ճնշումներին, կայացնում է հիրավի արդար դատական ակտեր: Այդ է պատճառը, որ մշտապես փաստաբանների կողմից արժանանում է բարձր գնահատականի՝ անկախ վերջիններիս պաշտպանյալների վերաբերյալ դատավորի կայացրած ակտերից:
«Help Court» դատավորների վարկանիշային սանդղակի՝ նախորդ տարվա քվեարկության արդյունքներով Արման Հովհաննիսյանը տարվա լավագույն դատավորն էր:
168.am-ի տեղեկություններով՝ այս անգամ դատավոր Հովհաննիսյանի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթի առիթը Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումն է:
Խնդրո առարկան ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ Արման Հովհաննիսյանի կայացրած դատական ակտն է: Վճռաբեկ դատարանը համարել է, որ դատավորը քննել է ոչ վերաբերելի գործ:
Հենց Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումն էլ առիթ է հանդիսացել, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելու հատկանիշներ տեսնի, ու դիմել է արդարադատության նախարարին: Դե, իսկ մնացածն, ինչպես ասում են, дело техники:
Թե ինչ ճակատագիր կունենա դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի ճակատագիրը, դժվար է ասել, որովհետև եթե ստացվի քաղաքական հրահանգ, ամեն ինչ կընթանա կանխատեսելի սցենարով, իսկ ԲԴԽ դատավոր-անդամները հերթական անգամ 10 վայրկյանով կընկղմվեն խորը վշտի մեջ: