«Սոցցանցերում խուճապային իրավիճակ ստեղծելու դեմ դժվար թե կարողանանք պայքարել առանց պետական մեքենայի հետևողական մասնակցության»․ Հոգեբան
Հայկական սոցիալական տիրույթում և լրատվադաշտում հաճախ են խուճապ առաջացնող տեղեկություններ և գրառումներ տարածվում:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր նախագահ, ղեկավար Վարուժան Մելքոնյանի հետ զրույցում փորձեցինք պարզել, թե ինչպես է հնարավոր զսպել այս ամենը:
Նա նշեց, որ երկու աղբյուր կա՝ դիվերսիոն, այլ երկրների կողմից տարածվող նպատակային ինֆորմացիա, երբ անընդհատ խուճապային «տեղեկություններ» են տարածում, որպեսզի ժողովրդի մեջ պանիկա լինի, և երկրորդը՝ հետաքրքրասեր, առաջինը տեղեկացված լինելու ցանկությամբ տառապող «սրտացավ» անհատների կողմից տարածվում են տարաբնույթ բացասական նյութեր։
«Հայաստանի քաղաքացիների մոտ հիմա հոգեվիճակը շատ լարված է, բարձր է հուզական ֆոնն ու այս դեպքում շատ հեշտ է տարածել թյուր, վախեցնող ինֆորմացիա: Նման վիճակում գտնվող մարդկանց ուղեղը չի հասցնում անալիտիկ մտածողություն դրսևորել և վերլուծել՝ միանգամից հուզականորեն ընդունում է այն, ինչ ասվում է: 2020թ. պատերազմի ամբողջ ընթացքում պարբերաբար շարունակվում էր ահաբեկող նյութերի տարածումը: Սեպտեմբերի 27-ի հարձակմանը հաջորդող օրերին տարբեր աստիճանի բարձրագույն պաշտոնատար անձանց ելույթներում և ուղերձներում ակտիվ տարածվում էր հետևյալը՝ բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկջոկատայիններ:
Երբ հակառակորդին դարձնում ես անպարտելի, գերհզոր՝ դու թուլացնում ես քո բանակի և ժողովրդի ոգին, ճնշում դիմադրողականությունը: Սկսեցին գովազդել թուրքական անօդաչուները՝ դրանց «դարձնելով անպարտելի», որը նույնպես քո բանակում և ժողովրդի մոտ վախի մթնոլորտ ձևավորող գործոն է։ Պատերազմող երկրի համար մեկ այլ վտանգավոր գործոն է, երբ հայտարարվում է, որ «մեր շարքերում դավաճաններ կան»: Դա նույնպես մարտնչող ոգին թուլացնող գործոն է։ Պատերազմող երկրների շարքերում միշտ էլ լինում են դավաճաններ, բայց ի լուր աշխարհի այդ մասին երբեք չեն հայտնում: Այս բոլորը հոգեբանական ճնշման խոր էլեմենտներ են պարունակում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարուժան Մելքոնյանը:
Մեր զրուցակիցը շեշտեց՝ սոցցանցերում խուճապային իրավիճակ ստեղծելու դեմ դժվար թե կարողանանք պայքարել առանց պետական մեքենայի համառ և հետևողական մասնակցության։ Նման իրավիճակներում հուզականությունն ավելի ակտիվ է լինում, քան մտածողությունը, տրամաբանականը, և ամեն մարդ ինքն իրեն չի կարող հաղթահարել խուճապը, կառավարել հույզերը։ Անհատական մակարդակով այդ վիճակները հաղթահարվում են հոգեբանի օգնությամբ, հիմա շատ են դիմում հոգեբաններին, բայց զանգվածային վախերը, խուճապը հաղթահարելու համար պետք է գործել համատեղ ուժերով: Պետական մեքենան պետք է գործի, ռազմաքաղաքական իշխանությունները պետք է այդ ուղղությամբ աշխատեն: Բոլոր մակարդակներում շրջանառությունից պետք է հանել այնպիսի խոսակցությունները, ինչպիսիք՝ «մենք թույլ ենք, Ադրբեջանը որ հարձակվի՝ չենք կարող պատերազմել»։ Դրանք շատ վտանգավոր են դառնում, երբ Ադրբեջանն էլ ասում է՝ «եթե խոսքս չլսեցիք, զորքով եմ գալու»,- ընդգծեց Վարուժան Մելքոնյանը:
Նա կարևորեց թե՛ այս պահին ծառայող զինվորների, թե՛ կամավոր մեկնողների՝ հոգեբանորեն պատրաստ լինելու հանգամանքը: