Պատմությունը կրկնվում է․ Նորից սկսել են համաշխարհային մակարդակի աճերից խոսել

Երկնիշ տնտեսական աճի վերաբերյալ էկոնոմիկայի նախարարի նախորդ տարվա կանխատեսումը չարդարացավ, ինչը նրան շատ անհարմար դրության մեջ դրեց ու ստիպեց երբեմն անհեթեթ բացատրություններ տալ և արդարացումներ փնտրել։ Այս տարվա համար նախարարն այլևս երկնիշ տնտեսական աճ չկանխատեսեց, փոխարենը՝ պաշտոնական վիճակագրությունը երկնիշ տնտեսական աճեր է գրանցում։

Նախարարը յոթերորդ երկնքում է։

«Հայաստանն այս տարվա առաջին կիսամյակում լավ արդյունքներ է գրանցել տնտեսության մեջ. ունենք վերջին 15 տարվա մեջ ամենամեծ աճը` ՀՆԱ-ի աճը կազմել է 11,1 տոկոս»,- հպարտանում է Վահան Քերոբյանը։ Թեև ինչպես նա, այնպես էլ կառավարությունը դրա հետ կապ չունեն։ Տնտեսական աճը գրանցվել է հիմնականում սպառողական պահանջարկի ավելացման հաշվին։ Բայց կառավարությունը չէ, որ մեծացրել է սպառողական պահանջարկը։

Սպառողական ակտիվությունը, որը վերջին մի քանի ամիսներին նկատվում է Հայաստանում, պայմանավորված է այլ գործոններով։ Դրանցից առաջին զբոսաշրջային հոսքերի ավելացումն է։ Առաջին կիսամյակում զբոսաշրջիկների քանակը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 2,4 անգամով, չնայած դեռևս շատ հեռու է նախկին մակարդակներին հասնելուց։

Սպառողական պահանջարկի վրա ազդող մյուս գործոնն էլ դրամական հոսքերի կտրուկ ավելացումն է։

Վերջին շրջանում հսկայական գումարներ են գալիս Հայաստան, ու դրանք խթանում են սպառողական պահանջարկն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են առևտուրն ու ծառայությունները։ Տնտեսության մեջ արձանագրվող աճի 80-85 տոկոսը հենց այս 2 ոլորտների հաշվին են։

Բայց առևտուրն ու ծառայությունները չեն կարող անվերջ աճել։ Գալու է մի պահ, որ այդ աճը կանգ է առնելու, ու սկսելու է անիվը հետ պտտվել։

Հրապարակված հուլիս ամսվա տնտեսական ցուցանիշներում արդեն նման երևույթներ նկատվում են։ Նշված գործոնների ազդեցությունը տնտեսության աճի վրա սկսել է թուլանալ։ Դրա հետևանքով տեղի է ունեցել տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղում։

Նախորդ ամսվա համեմատ՝ դադարել է ծառայությունների աճը, որն էական դեր ուներ վերջին ամիսների տնտեսական ակտիվության աճի գործում։ Անկումը մեծ չէ՝ 0,3 տոկոսային կետ, բայց փաստ է։ Ու դա առաջիկա ամիսներին կարող է ավելի խորանալ։

Թե որո՞նք են եղել հուլիսին ծառայությունների ոլորտում արձանագրված անկման պատճառները, պաշտոնական բացատրություն չկա։

Տնտեսական աճի վերաբերյալ վերամբարձ հայտարարություններ անելու փոխարեն՝ լավ կլիներ, որպեսզի կառավարությունում փորձեին հասկանալ ու բացատրել, թե դա ինչի հետևանք է։

Հուլիսին աճի տեմպի դանդաղում ունենք նաև ներքին առևտրի ոլորտում, իսկ արտաքին առևտրի շրջանառությունը նույնիսկ նվազել է։ Հուլիսին ավելին քիչ արտահանում ենք արել, քան հունիսին։ Բացառապես արտահանման հաշվին է տեղի ունեցել արտաքին առևտրի կրճատումը։ Արտահանումը հուլիսին հունիսի նկատմամբ կրճատվել է գրեթե 5 տոկոսով։

Ներմուծումն այդ ամսին շարունակել է աճել, բայց աճի տեմպն էապես ընկել է և կազմել է ընդամենը 2,5 տոկոս։

Հիշեցնենք նաև, որ տարվա կտրվածքով արտաքին առևտրի ու արտահանման այն բարձր աճերը, որոնք արձանագրվում են պաշտոնական վիճակագրության մեջ, մեծապես կապված են վերարտահանման հետ։ Դրա շնորհիվ մի կողմից՝ ներմուծումն է ավելանում, մյուս կողմից՝ արտահանումը, ինչն էլ խթանում է մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը, բայց ոչ բուն տնտեսությունը։ Մեր տնտեսության աճի պոտենցիալը շատ ավելի ցածր է, քան այն աճը, որը գրանցվում է այս տարի։ Դա նշանակում է, որ այդ աճը կապված չէ տնտեսության իրական զարգացումների հետ։ Թեև ֆինանսական մեծ հոսքեր են գալիս Հայաստան, դրանք շարունակում են շրջանցել տնտեսության իրական հատվածը։

Ֆինանսական միջոցները կուտակվում են բանկային համակարգում ու չեն կարողանում մտնել տնտեսություն։ Տնտեսությունն ի վիճակի չէ դրանք կլանել, ինչի պատճառով գումարները խցանվում են բանկերում ու դառնում անաշխատ կապիտալ։

Աբսուրդային իրավիճակ է ստեղծվել. բանկային ավանդների ծավալը գերազանցում է վարկերի ծավալներին։ Այսինքն՝ բանկերում զուտ ավանդների տեսքով ներդրված գումարներն ավելի շատ են, քան այնտեղից դուրս եկողները։

Այսպիսի իրավիճակներ բանկային համակարգում հաճախ չէ, որ հանդիպում ենք։

Տնտեսության լավ վիճակից չէ, որ գումարները մնում են բանկերում։ Կառավարության ու իշխանությունների խնդիրն է տարբերակներ գտնել այդ գումարները մեր տնտեսության զարգացումներին ծառայեցնելու համար։ Բայց այդ տարբերակները չեն երևում։ Կառավարությունը թմբիրի մեջ է։ Նրան թվում է, թե արտաքին հատվածից մեր տնտեսության համար թելադրված այս նպաստավոր իրավիճակը հավերժ պահպանվելու է, ու իրենք էլ մշտապես վայելելու են տնտեսության բարձր աճն ու աճի պտուղները։

Սա ժամանակավոր դրական շոկ է, որը մի օր դադարելու է։ Ուստի, հարկավոր է այսօրվանից մտածել դրա հաշվին բարձիկներ ստեղծելու մասին, որպեսզի տնտեսությունը կարողանա հնարավորինս քիչ ցնցումներով հաղթահարել սպասվող բացասական շոկը։ Իսկ կառավարությունը հայտնի չէ, թե ինչո՞վ է զբաղված։

Էլի սկսել են համաշխարհային մակարդակի տնտեսական աճերից խոսել։

«2022թ. առաջին յոթ ամիսների տվյալներով՝ Հայաստանը գրանցել է ԵԱՏՄ ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշը՝ 13,1 տոկոս։ Այս ցուցանիշը նաև լավագույններից է աշխարհում»,- օրերս այսպիսի գրառում էր արել էկոնոմիկայի նախարարը։

2019թ. էլ, երբ մի շարք ոչ տնտեսական գործոններով պայմանավորված՝ Հայաստանում արձանագրվեց 7,6 տոկոս հաշվարկային աճ, սկսեցին խոսել տնտեսության աննախադեպ զարգացումներից։ Այդ «զարգացումների» իրական պատկերը երևաց հաջորդ տարի, երբ տնտեսությունը նույնքան ակտիվ անկում արձանագրեց՝ ի տարբերություն ԵԱՏՄ ու աշխարհի շատ երկրների։ Վերականգնումն էլ շատ ավելի դանդաղ տեղի ունեցավ, քան այդ երկրներում։

Հիմա պատմությունը կարծես կրկնվում է. կրկին սկսել են համաշխարհային մակարդակի աճերից խոսել։ Չստացվի այնպես, որ այս աճերին էլի հաջորդի խորը անկումը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս