«Այս ճանապարհը տանելու է պետության դեֆոլտի, սնանկության». Աշոտ Բարսեղյանը՝ «Ստուգումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Սեպտեմբերի 7-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և լիագումար նիստերի օրակարգ ընդգրկվեց «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը և Նարեկ Զեյնալյանը։
Նախագծի հեղինակներն առաջարկում են, որ գործող առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը թաքնված աշխատուժի և ոչ պատշաճ կնքած պայմանագրի բացահայտման համար ստուգումներ պետք է իրականացնի՝ առանց «Ստուգումների մասին» գործող օրենքով սահմանված 3-օրյա ծանուցման ժամկետը պահպանելու»։ Այսինքն՝ տնտեսվարողի մոտ այդ ստուգումները Տեսչական մարմինը կարող է կատարել առանց նախապես ծանուցելու։
168.am-ի հետ զրույցում «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանը պատասխանելով օրենքի այս նախագծի մասին մեր հարցերին՝ նշեց, որ օրենսդիր մարմնի իշխանական ներկայացուցիչները հավանաբար ունեն հանձնարարական՝ շատացնել բյուջեի մուտքերը, քանի որ երկրի ծախսերն ու արտաքին պարտքն ավելացել են։
«Մի ասացվածք կա՝ բարի նպատակներով է քողարկված դժոխքի ճանապարհը, այս մարդիկ ընտրել են դժոխքի ճանապարհը՝ բիզնեսի, ապրելու և այլ առումներով։ Կարծես թե մրցույթ է իրականանում, թե ով ավելի վտանգավոր ու վնասակար օրենք կընդունի կամ օրինագիծ կբերի։ Բիզնեսի նկատմամբ ճնշումները քայլ առ քայլ մեծանում ու շատանում են՝ աստիճանաբար օղակը սեղմվում է։ Այսօր աշխարհը, մեր տարածաշրջանը՝ առավել ևս, անցնում է խայտառակ ծանր ճանապարհով, սակայն այդ ամենը տեսնելու ու հասկանալու համար պետք է մասնագիտական պատրաստվածություն, առնվազն ակադեմիական գիտելիքներ և կրթություն, իսկ մենք գիտենք, որ այս հավաքված երիտասարդները նշած որևէ հատկությունը չունեն»,- նշեց Աշոտ Բարսեղյանը։
Ըստ Աշոտ Բարսեղյանի՝ այս պահին Հայաստանում ժամանակավոր էֆեկտ է ստեղծվել զբոսաշրջության, ներգաղթի և ռուսական բիզնեսի փողի պտույտի հետ կապված, ինչն էլ ժամանակավոր խաբկանք է ստեղծում, որ երկրում փող կա, այնինչ սա մի պահ է, որից պարզապես պետք է կարողանան ճիշտ օգտվել։
«Այս ամենը հաշվի առնելով՝ իշխանությունը պետք է «սեղմի» բիզնեսին, մեկ տաքսիների վրա դնել հավելյալ 100 դրամներ, բնակիչներից հավելյալ չգիտեմ ինչեր գանձել, տնտեսվարողի վրա դնել հասարակական տարածքի մաքրման և պահպանման ծախսերը, այսինքն՝ պետությունից խնայել և բիզնեսին ծախսերի առումով ավելի ճնշել, մի կողմից՝ ուռճացնել պարգևավճարային ֆոնդերը, մյուս կողմից՝ պետք է կարողանան սպասարկել պետական պարտքը, որը հասել է անմիտ սահմանների։
Միաժամանակ մենք ականատես ենք լինում ինֆլյացիայի բարձր մակարդակի և այդ ամենը հաշվի առնելով, բնական է՝ ստացվում է, որ պետական բյուջեին անհրաժեշտ են հավելյալ ներհոսքեր, ինչն էլ ապահովելու համար այս մարդիկ չունենալով ու չկարողանալով կիրառել գումարի ներգրավման ինտենսիվ մեթոդներ, ստիպված են գործածել էքստենսիվ մեթոդներ, որոնք պրոդուկտիվ չեն»,- հավելեց նա։
Շարունակելով միտքը՝ Աշոտ Բարսեղյանը նկատեց՝ այս ամենը տնտեսվարողի համար ամենաանցանկալի ու ամենատհաճ քայլն է, հատկապես, երբ հարկայինի վերաբերյալ օրենքները կատարյալ լինելուց բավականին հեռու են և դրանք ստուգող մարմնին թույլ են տալիս իրենց տրամադրությունից ելնելով՝ մեկնաբանել այս կամ այն դրույթները։
«Փողոցներում, սրճարաններում աժիոտաժ է, ինչը խաբուսիկ է, քանի որ ծախսերն այնքան են աճել՝ հարկերը, կոմունալները և այլն, որ եկամտաբերությանը սա չի ազդում։ Եթե ես համեմատում եմ անձամբ մեր բիզնեսի եկամտաբերությունը 5-10 տարի առաջ և այժմ, դրանք շատ կտրուկ տարբեր թվեր են։ Առաջ մենք շատ հանգիստ վաստակում էինք նորմալ գումարներ, հիմա մենք չենք կարող դա մեզ թույլ տալ նույնիսկ ամենաշատ աշխատանքի արդյունքում:
Մեր պետությունն այս իշխանությունների գործողությունների հետևանքով ունի շատ մեծ ծախսեր, և այդ ծախսերն ինչ-որ մեկը պետք է հոգա, և ընտրել են այս ճանապարհը՝ ավելացնել հարկերը և տնտեսվարողին անակնկալներ անելով՝ այցելել նրանց։ Այս ճանապարհը տանելու է պետության դեֆոլտի, սնանկության»,- եզրափակեց Աշոտ Բարսեղյանը։