Բաժիններ՝

«Չեմ հասկանում՝ Փաշինյանը խորհրդական չունի՞, որպեսզի նրան ասի՝ նման բաներ մի՛ խոսի, մի՛ ասա բաներ, որոնք դժվար իրագործելի են». Աշոտ Բարսեղյան

Օրերս խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը դժգոհել էր, թե հանրային վայրերում ծխելու դեմ արգելքը գրեթե չի գործում։

«Պետք է ցավով արձանագրեմ, որ, ցավոք, սրճարաններում ծխելու արգելքը բավարար ձևով ու բավարար չափով չի գործում։ Եթե որևէ մեկը մտածում է, որ ես դրա մասին չգիտեմ, չարաչար սխալվում է։ Ոստիկանության առջև խնդիր եմ դրել, որ այդ հարցում մենք պետք է լինենք հետևողական, և սա չափազանց կարևոր է»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

168.am«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանից հետաքրքրվեց, թե ոստիկանությունն ինչպե՞ս է հսկելու, որպեսզի սրճարաններում ու ռեստորաններում հաճախորդները չծխեն, այդ մեթոդը կաշխատի՞։

«Մենք հերթական անգամ գործ ունենք հախուռն մտքերի ու գործողությունների հետ։

Կարդացեք նաև

Ուզում եմ հիշեցնել, որ պարոն Բաբկեն Թունյանը ՔՊ անունից խոստացել էր, որ մենք կհանդիպենք, իրենք պատրաստ են վերանայելու իրենց վերաբերմունքն այս օրենքին ու այս հարցին, բայց հանդիպում չեղավ։ Իրենք ևս հասկացել են, որ Արսեն Թորոսյանի լոբբինգ արած ու էյֆորիայի տակ անցկացրած օրենքը չի աշխատում և չի էլ կարող աշխատել, որովհետև օրենքի պահանջներն անիրականանալի են։ Դժվար է  պատկերացնել, թե պետական ինչ ռեսուրսներ պետք է վատնվեն, որպեսզի աշխատեցնեն չաշխատող օրենքը։ Այսինքն՝ իրենք էլ գիտեն, որ ընդունել են օրենք՝ ընդունելու համար։ Թորոսյան Արսենը Առողջապահության համաշխարհային կազմակերպության առջև պարտավորություն ուներ նման բան անելու՝ արեց,  ստացավ իր գովասանագրերը, իսկ հետո մենք վերադարձանք իրականություն։

Բաբկեն Թունյանը շատ ընկերական միջավայրում խոստացավ, որ կանդրադառնան այդ հարցին և կլինի վերանայում մի քանի կետերով, որոնք այսօր, բնական է՝ չեն աշխատում։ Տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանին իրենց կողմից որևէ մեկը չի ասել, որ՝ ընկեր Փաշինյան, գործ ունեք չաշխատող օրենքի հետ։ Բնավ պետք չէ, որ ոստիկանական ուժերն ուղղեն չաշխատող օրենքն աշխատեցնելու համար, այլ պետք է ուղղեն 30 տոկոս աճ գրանցած հանցավորության կանխարգելման դեմ»,- նշեց Աշոտ Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ եթե ոստիկանությունն անիրականանալի օրենքն իրական դարձնելու համար պետք է աշխատանքներ տանի, ապա դա կլինի պարզապես պետական միջոցների վատնում։ Արդեն մի քանի տարի է՝ մեկ ամբողջ ինդուստրիա սպասում է, թե երբ է ՔՊ-ն առանց անիմաստ էմոցիաների անդրադառնալու նման հարցերի։

«Այս տարի մենք առիթ ունեցանք ամբողջ ինդուստրիայով գնալ ԱԺ մի քանի հանձնաժողովներ, պարոն Բաբկեն Թունյանը մեզ միացավ միայն ավարտին, այնուհետև այդ գործընթացը սառեց։

Հիմա Հայաստանում կա 3000 սննդի օբյեկտ, պետք է ամեն տեղում մի ոստիկան կանգնի՞, չեմ հասկանում՝ Նիկոլ Փաշինյանը խորհրդական չունի՞, որպեսզի նրան ասի՝ նման բաներ մի՛ խոսի, մի՛ ասա բաներ, որոնք դժվար իրագործելի են։ Եթե ունեն քաղաքական կամք, ապա թող վերադառնան խնդրի քննարկմանը, եթե չեն քննարկում, ապա ի՞նչ է նշանակում՝ օրենքը չի աշխատում։ Երևի տուգանք քիչ են գրել, պետական բյուջե քիչ է փող մտել, դրա համա՞ր չի աշխատում օրենքը»,- եզրափակեց Աշոտ Բարսեղյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս