Բաժիններ՝

«Ցավոք,  չենք կարողացել սովորել Վրաստանից, թե ինչպես կարելի է միլիոնավոր զբոսաշրջիկներ ներգրավել երկիր». Աշոտ Բարսեղյան

Հայաստանում զբոսաշրջության պիկ շրջանում, որքան էլ ռեստորաններն իրենց դրսի հյուրերին մատուցեն նորություններ, միևնույն է՝ ամեն ինչ կախված է ինֆրաստրուկտուրայի ստեղծումից, քանի որ զբոսաշրջությունը ինֆրաստրուկտուրայի բիզնես է, ինֆրաստրուկտուրան ստեղծում է պետությունը,  իսկ եթե դա չկա, ամեն ինչ մնում է մասնավոր բիզնեսի զարգացման վրա։

Ըստ «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանի, մասնավոր բիզնեսն էլ աստիճանաբար է  զարգանում և ունի մի քանի ասպեկտ՝ գիդերն են, զբոսաշրջային ընկերություններն են։

«Մենք ունենք այն, ինչ ունենք, և չեմ լսել, որ որևէ նոր բան անեն, այսինքն՝ նոր կամ լավ նախաձեռնություններ իրականացնեն։

Այսօր մենք ունենք շատ լավ հնարավորություն, որպեսզի ռուսական տուրիզմը գա Հայաստան, այսինքն՝ շատ ավելին, քան այսօր գալիս է։ Սակայն տեսնում ենք, որ այս հնարավորությունը չի օգտագործվում։

Կարդացեք նաև

Ռուսաստանը վերացնում է բիզնեսները Վրաստանի հետ, ուզում է  բացել կոմունիկացիաներ։ Վրաստանն իր պետական մարմիններով, բիզնեսով սկսել են զբաղվել ռուսական տուրիզմի ներգրավմամբ, իսկ մեզ մոտ դրա մասին չենք էլ խոսում, չենք էլ բարձրաձայնում, որ դա մեզ պետք է»,- 168.am հետ զրույցում ասաց Աշոտ Բարսեղյանը։

Նրա գնահատմամբ՝ ռուսական տուրիզմը Հայաստանին օդ ու ջրի նման անհրաժեշտ է, քանի որ ավելի հեշտ է Հայաստանի բարիքները վաճառել ռուս զբոսաշրջիկին։

«Ռուս զբոսաշրջիկներն ամենավճարունակն են, այսպես ասեմ՝ ռեստորաններում ամենամեծ հաշիվը փակում են ռուսական տուրիստները։ Ռուսական տուրիզմի խթանումը մեր սպասարկման բնագավառին կտա հավելյալ խթան, որպեսզի ոլորտը զարգանա։ Օրինակ, տեսնում եմ, թե ինչպես են Վրաստանում գովազդվում գինու արտադրանքները և արտադրամասերը, գինու բիզնեսը, տուրերը և այլն։

Այստեղ մենք շատ սովորելու բան ունենք, ցավոք, մենք չենք կարողացել սովորել հարևան Վրաստանից, թե ինչպես է կարելի միլիոնավոր զբոսաշրջիկներ ներգրավել երկիր։ Երազում եմ, որ մի օր մենք դառնանք զբոսաշրջային երկիր, որովհետև դրա համար բոլոր նախադրյալները Հայաստանն ունի։ Սակայն դրանով պետք է զբաղվի ոչ թե փոքր վարչություն նախարարության ներսում, այլ պետք է լինի մեծ պետական գերատեսչություն և պետք է տուրիզմին շատ մեծ ուշադրություն դարձվի պետական մակարդակով, մեծ ներդրումներ արվեն՝ ինչպես տուրիզմի, այնպես էլ՝ ինֆրաստրուկտուրաների զարգացման համար»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Այդ համատեքստում՝ նա նաև ընդգծեց՝ եթե ենթակառուցվածքները զարգացած չեն, ապա դժվար է պատկերացնել տուրզիմի զարգացում։ Օրինակ՝ Վրաստանը ներդրումներ կատարեց ինֆրաստրուկտուրաների զարգացման գործում, ինչը պետական ճիշտ մոտեցում է։

«Իսկ Հայաստանում շատ փոքր բյուջեով փոքր տուրիզմի վարչություն են պահում, որը միայնակ չի կարող կռիվ տալ զբոսաշրջության զարգացման համար։ Նման ճանապարհով հնարավոր չի լինի զարգացնել զբոսաշրջությունը»,- եզրափակեց Աշոտ Բարսեղյանը։

Տեսանյութեր

Լրահոս