«Զորավոր համայնք» դաշինքի անդամները ծաղիկներ են խոնարհել նահատակված հերոսների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողին

Ի թիվս այլ համայնքների՝ սեպտեմբերի 25-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված նաև Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում, որի համայնքապետ Հարություն Մանուչարյանը շուրջ մեկ տարի ազատազրկված է: Հարություն Մանուչարյանը, սակայն, կրկին առաջադրվելու է այս ընտրություններին և գլխավորելու է «Զորավոր համայնք» անվանումով նորաստեղծ դաշինքը։

Բերդում նախընտրական հանդիպումների մեկնարկից առաջ՝ «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու անդամության թեկնածուները Մայրիվանքի բակում ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողին:

Կարդացեք նաև

Խաչքարը, ինչպես տեղեկացրեց դաշինքի ավագանու անդամի թեկնածուներից Գևորգ Չոբանյանը, տեղադրվել է համայնքի երիտասարդների նախաձեռնությամբ 2021 թվականին:

«Խաչքարը տեղադրել ենք Բերդ համայնքի երիտասարդներով: Սա նվազագույնն էր, ինչ կարողացել ենք անել մեր հերոսների համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գևորգ Չոբանյանը:

Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի հանդիսապետությամբ կատարվեց նահատակների հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ:

«Մենք եկել ենք մեր գլուխը խոնարհեցնելու և ասելու, որ մենք մեր զինվորներին հաղթանակ ենք պարտք, մենք մեր հերոսներին ամբողջական Արցախ ենք պարտք, մենք մեր հերոսներին հզոր Հայաստան ենք պարտք: Եվ այս պատասխանատվությունը մեր ուսերին է»,- իր խոսքում նշեց հոգևորականը:

Բերդի մշակույթի տանն արդեն համայնքի հարյուրավոր բնակիչներ սպասում էին նորաստեղծ դաշինքի ավագանու թեկնածուների հետ հանդիպմանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս