«Ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի իշխանությունն իրավունք չունի ոչ հայանպաստ բանակցություններ վարելու՝ խորհուրդ կտայի հանդես գալ այդ դիրքերից». Սեյրան Հայրապետյան
Կառավարությունից արդեն հաստատել են, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ։ Թեպետ Կառավարությունը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ օրակարգով են հանդիպելու երկու երկրների ղեկավարները, սակայն Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևն օկուպացված Շուշիում օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ միջոցառմանն ասել էր, որ հանդիպման գլխավոր օրակարգը «Խաղաղության պայմանագիրն է»։
Նշենք, որ այսօր Մոսկվայում էլ տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը՝ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում։
Արցախն ի՞նչ սպասելիքներ ունի Փաշինյանի բրյուսելյան հանդիպումից, այցի ընթացքում արդյո՞ք կարող է անդրադարձ կատարվել Արցախի հարցին։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանն անդրադառնալով այդ հանդիպումից սպասելիքներին՝ նշեց, որ իր տեսակետը վաղուց ներկայացրել է թե՛ հարցազրույցներում, թե՛ ծրագրերում։
«Ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի իշխանությունն իրավունք չունեն ոչ հայանպաստ բանակցություններ վարելու։ Մենք նման ակնկալիքներ ունենք և առաջարկություններով ենք հանդես գալիս՝ ինչպես մեր խմբակցության, այնպես էլ՝ կուսակցության մակարդակով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի, պետականությունը պահպանելու վերաբերյալ։ Իմ ակնկալիքները միայն դրա վերաբերյալ են, և խորհուրդ կտայի հանդես գալ այդ դիրքերից։
Քանի որ այդ հանդիպումը դեռ չի կայացել, չարժե կոնկրետ մեկնաբանություններ և կարծիքներ հայտնել, հանդիպումը կկայանա, դրանից հետո մեր տեսակետը կհայտնենք»,- նշեց Սեյրան Հայրապետյանը։
Ինչ վերաբերում է այսօր Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպմանը, ապա, ըստ պատգամավորի՝ նույն տրամաբանությամբ անհրաժեշտ է հայանպաստ որոշումներով փորձել ամրապնդել պետականությունն ու անվտանգությունը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում Ալիևի օգնական Հաջիևի այն հայտարարությանը, թե Մինսկի խումբ գոյություն չունի, իսկ արցախցիներն ու ադրբեջանցիները կարող են կողք կողքի ապրել՝ որպես մեկ երկրի քաղաքացիներ, Սեյրան Հայրապետյանը նկատեց՝ Ադրբեջանը հետևողական իր քաղաքականությունն է առաջ տանում։ Սկզբում խախտեց ուժի չկիրառման մեթոդը, և հասնելով ինչ-որ հաջողությունների, այժմ էլ փորձում է արցախցիների վզին փաթաթել համակեցության գաղափարը։
«Եթե հարցը վերաբերում է Արցախի Հանրապետության պետական սահմանից այն կողմ գտնվող Ադրբեջանին, ապա մենք դատապարտված ենք ունենալ նման հարևան։ Իսկ համատեղ կեցությունը Արցախի Հանրապետությունում ոչ ժողովուրդը, ոչ իշխանությունն իրավունք չունեն նույնիսկ մտածել։ Մենք նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ տեսել ենք՝ Ադրբեջանը վարել է ագրեսիվ քաղաքականություն՝ մարդկանց առևանգել, սպանել, խոշտանգել, կան բազմաթիվ դեպքեր։
Մերը հին պատմական հայկական գյուղ էր, 80-ականներին ադրբեջանցի մի ընտանիք եկել է մեր գյուղ, որպեսզի ապրի ու անասնապահությամբ զբաղվի։ Այդ պատրվակով մեկ ընտանիքը դարձել է 5, հետո դարձել են 50 հոգի։ Այսինքն՝ ուզում եմ փաստերով խոսել, որ մենք դատապարտված ենք ունենալ նման հարևան, սակայն համատեղ կեցության մասին մենք չենք կարող խոսել, այդ ամենը կհանգեցնի Արցախի հայաթափման»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Մինսկի խմբի վերաբերյալ Հաջիևի հայտարարությանը, Սեյրան Հայրապետյանը շեշտեց, որ Ադրբեջանը ցանկանում է հողով ծածկել Մինսկի խումբը, իբր թե նման խումբ գոյություն չունի, բայց եթե նման խումբ չկա, ապա ինչպե՞ս է Միացյալ Նահանգները նոր համանախագահ նշանակում, ինչպե՞ս է՝ Ռուսաստանն ունի համանախագահ։
«Իհարկե, Մինսկի խումբը որոշ ժամանակ որդեգրել է պասիվ գործունեություն օբյեկտիվ պատճառներով, բայց դրա մեջ մեր սխալները պետք է փնտրենք։ Բերեք հասկանաք, որ 1994 թվականի հաղթանակից հետո մենք նույն կերպ պետք է ամրապնդեինք Արցախի կարգավիճակը, քանի որ խոսում էինք ուժեղի դիրքերից, սակայն նման բան չենք արել։ Իսկ Ադրբեջանը փորձում է, այսպես կոչված, իր հաղթանակի գինը ստանալ, մենք պետք է դրան հակազդենք, փորձենք նորից ուժեղ բանակ ունենալ, քանի որ որևէ մեկն իրավունք չունի մեզ զրկել ինքնապաշտպանվելու բացառիկ հնարավորությունից։ Այդ դեպքում մեզ հետ նորից հաշվի կնստեն, և նման հոխորտանքներ չեն հնչելու։ Տարբեր քննարկումներ են ընթանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների՝ Շուշիում չգտնվելու վերաբերյալ, մեկ ասում են՝ նման բան արել են ի աջակցություն Արցախի, մյուս մասն ասում է՝ արել են Ռուսաստանի համար։ Մենք պետք է հստակ ձևակերպենք ազգային օրակարգ, առաջ տանենք մեր ազգային շահը՝ պետականության ամրապնդման համար»,- եզրափակեց Սեյրան Հայրապետյանը։