«Եթե թշնամու ոտքը մտավ Աղավնո կամ Բերձոր՝ այն հիմնահատակ ավերելու է. Աստված չանի, որևէ մեկը հայտնվի այն վիճակում, որում հայտնվել են Բերձորի, Աղավնոյի ու Ներքին Սուսի բնակիչները». Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեղին չի համարում  քննադատությունները՝ ուղղված Աղավնոյում իրենց տներն այրող բնակիչներին: Նրանք դա անում են սրտի կսկիծով, անզորությունից ու ցավից դրդված։

«Եթե թշնամու ոտքը մտավ Աղավնո կամ Բերձոր, ապա այն հիմնահատակ ավերելու է, ինչպես ավերում է Շուշին։ Հայը ավերող, վառող չէ, հայի համար դժվար է պատկերացնել, որ մարդը կարող է իր տունը վառել։ Բայց այս դեպքում մարդիկ այնպիսի վիճակում են հայտնվել, որ որևէ բանում նրանց մեղադրելն ուղղակի ապիկարություն կլինի։ Իրենց բոլոր քայլերը սրտի կսկիծից են, անզորությունից, և որևէ մեկն իրավունք չունի այնտեղ որևէ մեկին քննադատել, Աստված չանի, որևէ մեկը հայտնվի այն վիճակում, որում այսօր հայտնվել են Բերձորի, Աղավնոյի ու Ներքին Սուսի բնակիչները։

Մյուս կողմից էլ՝ նման տրամադրություններ առաջացան, երբ Բերձոր այցելեց Արցախի սուպերնախարարը՝ Հայկ Խանումյանը, նա Արցախի համար անընդունելի է, քանի որ նրան ընկալում են՝ որպես Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ։ Մարդկանց ասել՝ տները մի վառեք, որ գումար ստանաք, կամ խաբել ասել, որ եթե  Աղանուսում տները չայրեին, բնակիչները կվերադառնային՝ աբսուրդ է։ Կամ, օրինակ, խաբել մարդկանց ու ասել, թե միջանցքի կարգավիճակ ունի Բերձորի այլընտրանքային ճանապարհը՝ մանկամտություն է»,- 168.am հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ պատգամավորի, Բերձորի այլընտրանքային ճանապարհը չի կարող որևէ կարգավիճակ ունենալ, քանի դեռ չկա եռակողմ հայտարարություն, նույն ձևաչափով, ինչը եղել է նոյեմբերի 9-ին, այսինքն՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան։

Կարդացեք նաև

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ նման հայտարարությունները բնակիչների շրջանում վատ տրամադրություններ են առաջացնում։

«Երեկ խոսում էի Աղավնոյի բնակիչներից մեկի հետ, ասաց, որ տարբեր կառույցներից հետաքրրքվում են, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, թեկուզ սոցիալական առումով։ Դիմել են Արցախի Սոցապ նախարարություն, ասել են՝ դիմեք Հայաստանի Սոցապ նախարարությանը, այնտեղից էլ ասել են՝ դիմեք Երևանում Արցախի շտաբին, այնտեղից էլ ասել են, որ սեպտեմբերի 1-ից իրենց ներառելու են  ցուցակներում, որպեսզի կարողանան տրամադրել 40 հազարական դրամները:

Տեսնելով տների շուկայակական գները և այն գումարը, որը խոստացել են տալ Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին՝ 8 կամ 12 մլն դրամ,  հնարավոր չէ, որ դրանով տուն գնեն։ Ստացվում է, որ Ներքին Սուսի, Բերձորի ու Աղավնոյի բնակիչները ևս բռնի տեղահանվածներ են և նույն ճակատագրին են արժանացել, ինչ Հադրութի, Շուշիի և մյուս բնակավայրերից տեղահանված բնակիչները։ Հետևաբար, յուրաքանչյուրին պետք է տրամադրվի 40 հազար դրամ, որպեսզի կարողանան իրենց բնակարանների վարձավճարները տան»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա գնահատմամբ, Բերձորում ու Աղավնոյում մարդիկ ավելի շատ են զգում հայրենիքը կորցնելու ցավը, քանի որ նրանք այն մարդիկ են, որոնք 44-օրյա պատերազմի օրերին տեղահանվելուց հետո, կրկին վերադարձան ու հաստատվեցին իրենց տներում։

«Երեկ էլ ՌԴ դեսպանորդը հայտարարեց, որ Բերձորի ճանապարհը հայերի կողմից դեռևս օգտագործվելու է այնքան ժամանակ, մինչև նոր ճանապարհը պատրաստ լինի։ Մենք այս մասին որոշակի տեղեկատվություն ունեինք։ Ըստ էության մինչև օգոստոսի 25-ը ճանապարհն այնպես պետք է լիներ, որ Ստեփանակերտից դուրս եկող ճանապարհը պետք է Շուշին շրջանցեր, միանար Բերձորի ներկայիս միջանցքին։ Ճանապարհը դեռևս 250 օր օգտագործվելու էր՝ ըստ ՀՀ կառավարության, քանի որ այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի 250 օրվա ընթացքում, այսինքն՝ հաջորդ տարվա մայիսին։ Այսինքն՝ քանի դեռ ճանապարհը պատրաստ չէ, հնարավոր չէր՝ ռուս խաղաղապահները դուրս գային, բայց Հայաստանի իշխանությունները շտապեցին հանձնել Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը, գուցե ինչ-որ պայմանավորվածություններ ունեն»,- եզրափակեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովն «Ազատությանն» ասել էր, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել։

Տեսանյութեր

Լրահոս