«Ամեն ինչ պարզ է, Ադրբեջանի նպատակը լավ գիտենք». Մետաքսե Հակոբյանը՝ Ստեփանակերտում տեղի ունեցած «միջադեպի» մասին

Նախորդ շաբաթ Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Ստեփանակերտում 2023 թվականից հետո գոյատևող հայերից մեկին՝ Կարեն Ավանեսյանին, հռչակեց «ահաբեկիչ» ու կալանավորեց։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Կարեն Ավանեսյանը, ով օկուպացված Ստեփանակերտից դուրս չի եկել զուտ այն պատճառով, որ ունի հոգեկան  առողջության խնդիրներ, իբրև թե զինված հարձակման փորձ է արել Ստեփանակերտում անցկացվող միջոցառման ժամանակ, որին ներկա է եղել Ալիևը։  Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր էին հրապարակել, ցույց տալով, թե Կարեն Ավանեսյանն ինչպես է իբրև թե թաքցրած տեղից հանում ինչ-որ տոպրակ ու սկսում քայլել, որի մեջ, ըստ նրանց՝ զենք է եղել։ Թե հետո ինչ է անում նա.  ադրբեջանական լրատվամիջոցները ցույց չեն տալիս, միայն ցույց էին տալիս, որ նա գետնին արդեն պառկած է, այնուհետև հաղորդում են, որ վերջինս կալանավորված է, հավելելով, որ «Կարեն Ավանեսյանի գործողությունների հետևանքով ադրբեջանցի ոստիկան է վիրավորվել, անձամբ Ավանեսյանը վնասազերծվել ու կալանավորվել է»։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ օկուպացված Ստեփանակերտում մնացած Կարեն Ավանեսյանը հոգեկան առողջության խնդիրներ ունի, չի բացառվում, որ տեսանյութերում երևացող անձը նա չէ, այլ մեկ ուրիշը։

«Ի վերջո, ամեն ինչ պարզ է, Ադրբեջանի նպատակը լավ գիտենք՝ որն է։ Ադրբեջանն այս ամենով մեսիջ է ուղղում միջազգային հանրությանը, թե՝ «տեսեք, Արցախում խաղաղ բնակիչներ չէին ապրում, այլ ահաբեկիչներ», որովհետև եթե երբեմն-երբեմն աղմուկ կամ պահանջ է լինում Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու մյուս գերիների ազատության համար, Ադրբեջանն այս միջադեպով արդարանում է։ Ցույց է տալիս, թե իբր Արցախում մնացած հայերին լավ են վերաբերվում, բայց այդ հայն «ահաբեկիչ» է։

Կարդացեք նաև

Ադրբեջանը վստահ է, որ 1,5 տարի առաջ իրենց նկարահանած տեսանյութը մոռացվել է ու պետք է մի բան անեն։

Վերջին շրջանում նաև արցախահայերի ակտիվությունը՝ վերադարձի հարցի բարձրացման հարցի հետ կապված, Ադրբեջանը սրանով ուզում է ցույց տալ, թե վերադարձի բոլոր ճանապարհները փակ են, կամ, եթե ուզում եք վերադառնալ, տեսեք՝ ինչ է լինում հայի հետ»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորը նաև փոխանցեց, որ այն մի քանի հայերը, որոնք մնացել են օկուպացված Ստեփանակերտում, ունեցել են կա՛մ կախվածություն ալկոհոլից, կա՛մ հոգեկան առողջության խնդիրներ։

Ստեփանակերտում մնացած Կարեն Ավանեսյանն այն հատուկենտ հայերից է, որին ադրբեջանական կողմն օգտագործում է՝ որպես քարոզչամիջոց, ցույց տալու, թե Ադրբեջանը հանդուրժող է հայի նկատմամբ։ Մոտավորապես մեկ տարի առաջ Կարեն Ավանեսյանի մասնակցությամբ ռեպորաժ էր պատրաստվել, որտեղ նա պատմում էր, որ կերակրում է Ստեփանակերտում մնացած կատուներին և «ադրբեջանցի է»։

Տեսանյութեր

Լրահոս