Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումները չինական 1.5 միլիարդանոց շուկան սպասարկելու լավ շանս է. տնտեսագետ

Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։

Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով այս պայմանավորվածությանը, տնտեսագետ Նարեկ Զաքարյանը նշեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումների մասին Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների միջև ձեռք բերված պայմանավորվածության կյանքի կոչման արդյունքում Հայաստանը կարող է ստանալ 1.5 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստան ապրանքներ արտահանելու շատ լավ հնարավորություն։

Ըստ նրա՝ մենք պետք է ոչ թե մեր տնտեսության զարգացման համար դիտարկենք զուտ թուրքական շուկան, այլ հենց չինականը։

«Այս ճանապարհը բացելը կարող է Հայաստանը դարձնել դեպի Չինաստան գյուղատնտեսական արտադրանք արտահանելու մի տարբերակ։

Եկեք հիշենք, որ Չինաստանում քանի գնում` գյուղատնտեսական արտադրանքը նվազում է՝ փոխարենը ավելանում է պահանջարկը։ Չինաստանից եկող պահանջարկն այնքան մեծ է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան, թե՛ այլ երկիր չեն կարող սպասարկել, իսկ Չինաստանը շատ վճարունակ շուկա և աճող տնտեսություն ունի. համեմատության համար նշեմ, որ այդ երկրում օրական աղքատ խավից միջին խավ անցումը 800 հազար մարդ է։ Այդ երկիրը իր ՀՆԱ-ով աշխարհում երկրորդն է, այնպես որ՝ Չինաստանից եկող պահանջարկը վերացնում է ռիսկը, որ թուրքական ապրանքը կարող է տեղական արտադրողին դուրս հանել շուկայից։ Այնպես որ, Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումները չինական 1.5 միլիարդանոց շուկան սպասարկելու լավ շանս է»,- ասաց Զաքարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս