Ինչո՞ւ իշխանական պատգամավորները չեն արձագանքում Ադրբեջանի կողմից հայկական դրոշն անարգելու փաստերին

Այս տարի ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշտակին նվիրված ջահերով երթից առաջ, երիտասարդները, Թուրքիայի դրոշի հետ միասին, այրեցին նաև Ադրբեջանի դրոշը՝ ի նշան բողոքի Ադրբեջանի վայրագությունների և Թուրքիայի կողմից մինչև օրս Հայոց ցեղասպանությունը չճանաչելուն։

Երկու երկրների դրոշներն այրելուց հետո իշխանական պատգամավորները սկսեցին քննադատել հայ երիտասարդների այդ քայլը։ Թուրքիայի դրոշը պաշտպանեց նաև Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ ֆեյսբուքյան ծավալուն գրառմամբ։

Ըստ նրանց մեկնաբանությունների, դրոշների այրումը խանգարում է Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանը» բացելուն։

Օրինակ, ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ Թուրքիայի արտգործնախարարը Ուրուգվայում հայ համայնքի ներկայացուցիչների բողոքի ժամանակ հեգնանքով ցույց էր տվել «Գորշ գայլեր» խմբավորման նշանը, քանի որ Հայաստանում երիտասարդներն այրել են Թուրքիայի դրոշը՝ մոռանալով, որ հայ համայնքի պահանջն արդարացի է, քանի որ նրանք պահանջում են, որպեսզի Թուրքիան ընդունի 1915 թվականին իր կատարած ոճրագործությունը։

Սակայն իշխանական պատգամավորներն ու իշխանության այլ ներկայացուցիչներ նույն ջերմեռանդությամբ չքննադատեցին և որևէ կերպ չանդրադարձան նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին Գորիս-Կապան ճանապարհին, որն այս պահին գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանցի զինված ու դիմակավորված զինվորների կողմից  արցախցի պատանիներին տեղափոխող ավտոբուսի կանգնեցնելն ու ավտոբուսի վրայից Արցախի դրոշը մաքրելու դեպքը։ Ադրբեջանցիները հենց պատանիների մոտ, մեծ դանակով քերելով հեռացրել էին Արցախի դրոշը ավտոբուսի վրայից, նրանց մոտ կես ժամ պահել էին ճանապարհին և բաց էին թողել այն բանից հետո, երբ եկել էին ռուս խաղաղապահները։

Այսօր Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ Բաքվում ադրբեջանցի երեխան Հայաստանի դրոշը ոտքերի տակ էր գցել, իսկ շուրջը հավաքված երիտասարդ աղջիկները նկարահանում էին։ Այս ամենի վերաբերյալ ևս իշխանական պատգամավորներից որևէ մեկը ֆեյսբուքյան գրառում չարեց ու չդատապարտեց՝ հավանաբար, որպեսզի չխանգարեն «խաղաղության դարաշրջանին»։

168.am-ի հետ զրույցում Գառնիկ Դավթյանը նախ ասաց, որ Ադրբեջանի կողմից տարվող հայատյացությունը նոր երևույթ չէ, հայ հանրությունը դրան տեղյակ է։ Սակայն վերջին տարիներին իշխանությունների կողմից ՀՀ պետական խորհրդանիշների նկատմամբ ոչ սրտացավ վերաբերմունքը ոչ միայն մտածելու տեղիք է տալիս, այլև լավ տեսանելի է Ադրբեջանի իշխանությունների և այնտեղի հասարակության շրջանում։

«Ադրբեջանում ոչ միայն վերը նշած հանգամանքը կարող է առիթ հանդիսանալ մեր խորհրդանիշների նկատմամբ նման մոտեցում ցուցաբերելուն, այլև այնտեղ խորը արմատներ ունի հայտայացությունը, հային ոչնչացնելը, նրանք հայերից ազատվելու հոգեբանական բարդույթ ունեն։ Առհասարակ հայատյացությունն Ադրբեջանի ազգային գաղափարախոսությունն է, հետևաբար՝ ադրբեջանցիների մոտ նման դրսևորումները՝ սկսած մանկապարտեզից մինչև հասուն տարիք, մասսայական բնույթ է կրում։

Այս ամենի դեմ պետք է աշխատի Հայաստանը, այնպես անի, որպեսզի հայտյացության բոլոր դրսոևորումները տեսանելի դարձնի ամբողջ միջազգային հանրությանը։ Պետք է մշակել նաև այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորություն կտան հայ հասարակությանը ճիշտ ժամանակին, ճիշտ գնահատել նման երևույթները»,- նշեց Գառնիկ Դավթյանը։

Նա իրատեսական չի համարում, որ Հայաստանի գործող իշխանությունները կարող են արձագանքել այս և դրա նման ադրբեջանական մյուս երևույթներին։

«Սպասել, որ թուրք-ադրբեջանական գաղափարախոսությանը հարող իշխանությունը, որն ամեն ինչ անում է հայկական տարածքներն ադրբեջանական դարձնելու համար, կարձագանքի այս ամենին՝ իրատեսական չէ։ Այսինքն՝ իշխանությունից  որևէ տրամաբանական, ազգային, գաղափարական քայլ չեմ սպասում»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։

Նշենք, որ 2020 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ, նույնպես քննադատել էր Թուրքիայի դրոշի այրելը, մասնավորապես ասել էր, որ Դաշնակցությունը ապրիլի 24-ին սովոր է վառել Թուրքիայի դրոշը:

Տեսանյութեր

Լրահոս