«Ժողովրդավարական մեխանիզմներով ընտրված առաջնորդը ժողովրդավարացող երկրում ի վիճակի եղավ ոտքի կանգնել ռազմական պարտությունից հետո և վերընտրվել»․ Ջոն Հեֆերնը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. «Առավոտ»

«Իմ դիվանագիտական առաքելության ավարտից հետո՝ 2014-ից հետո այնքան բան է տեղի ունեցել, սակայն երկու կարևոր հարց կա, որ պետք է քննարկել Հայաստանի հետ կապված»,- ԱՄՆ Ատլանտյան խորհրդում անցկացված «Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եզրին են» թեմայով քննարկման ժամանակ իր խոսքն այսպես սկսեց ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը:

Նա, անդրադառնալով ՀՀ ներքաղաքական հարցերին, նշեց․ «2021-ին Փաշինյանը վերընտրվեց 2020-ի ռազմական պարտությունից հետո։ Սա բավականին զարմանալի է, որ ժողովրդավարական մեխանիզմներով ընտրված առաջնորդը ժողովրդավարացող երկրում ի վիճակի եղավ ոտքի կանգնել ռազմական պարտությունից հետո և վերընտրվել։ Ինձ համար սա ցուցիչ է, որ հայ ժողովուրդն իրականում հանձնառու է այն ժողովրդավարական ուղուն, որով այժմ ընթանում է»։ Խոսելով ՀՀ արտաքին քաղաքականությունից՝ Ջոն Հեֆերնն ասաց․ «Իմ՝ դեսպան եղած տարիներին և, կարծում եմ, ԱՄՆ բոլոր դեսպանների նպատակն է Հայաստանին տանել դեպի Արևմուտք։ Մենք աշխատում էինք այն ուղղությամբ, որ Հայաստանը հենվի Բրյուսելի և Վաշինգտոնի վրա, ոչ թե Մոսկվայի։ Փաշինյանի կողմից այն կոշտ որոշումը, հեռանալ Մոսկվայից և դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ մեծ ու դրական զարգացում է։ Ակնհայտ է, որ Հայաստանը գտնվում է բավականին վտանգավոր հարևանությամբ, իսկ նրա անվտանգության երաշխավորը վերջին տարիներին նրան մեծ աջակցություն չցուցաբերեց։
Մյուս կողմից երկիրը պոկել անվտանգության երաշխավորից, բարդ ու կտրուկ հարց է։ Չէի ասի, որ Արևմուտքում մենք պարգևատրում ենք Փաշինյանին դրա համար, բայց մենք ուզում ենք Հայաստանը տեսնել որպես գործընկեր ժողովրդավարության և տարածաշրջանային կայունության դաշտում։ Մենք կշարունակենք Հայաստանին աջակցել և առաջ մղել այս ուղղությամբ, որով այն այժմ շարժվում է։ Ես համարում եմ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը և Մոսկվայից պոկվելը շատ դրական քայլ է։ Մենք Արևմուտքում պետք է ցույց տանք հայ ժողովրդին, որ դեպի արևմուտք անցումն իրոք արժեք ունի»։ Հարցին՝ ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն աջակցել Հարավային Կովկասում ենթակառուցվածքների զարգացմանը, Ջոն Հեֆերնը պատասխանեց․ «Այս հարցին պետք է նայել տարածաշրջանային կտրվածքով՝ Թուրքիային և այլ տարածաշրջանային խաղացողներին հաշվի առնելով։ Ա

րևմուտքը պետք է առաջ մղի հաղորդակցության ուղիների, միջանցքի հարցերը, սահմանների բացման հարցը տարածաշրջանային համատեքստում։ Օրինակ՝ 2023-ի Թուրքիայի երկրաշարժը, երբ Հայաստանը ուղարկեց հումանիտար օգնություն, սահմանները բացվեցին այս օգնությունը ստանալու համար, բայց այնուհետև փակեցին սահմանը։ Սա ի՞նչ մոտեցում է։ Կարծում եմ՝ ԱՄՆ-ն պետք է Հարավային Կովկասում հարևան երկրներին դրդի, որ այս հարցերին տրվեն լուծումներ տարածաշրջանային համատեքստում․ միայն երկկողմ համագործակցությունն ու բանակցությունները բարդ կլինեն»։

Տեսանյութեր

Լրահոս