Փաշինյանի հայտարարությունից հետո ՀՀ պատվիրակությունը այս տարի չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին

Ի նկատի ունենալով Հայաստանի հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև պաշտոնական հարաբերությունների դադարեցման մասին Նիկոլ Փաշինյանի  հայտարարությունը, մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը որոշում է կայացրել  չմեկնել Բելառուս և մասնակցություն չունենալ այս տարի հուլիսի 8-18-ը Բելառուսում տեղի ունեցող «Սլավյանսկի բազար 2024» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթին:

Այս մասին հայտնում է «Սլավյանսկի բազար» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակության ղեկավար, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:

«Աշխարհի բոլոր ժողովուրդներին միավորում է մեկ լեզու՝ մշակույթը, ուստի անհնար է չգնահատել տարիներով ստեղծված հայ  բելառուսական մշակութային  հարաբերությունները:

Լիահույս ենք, որ ստեղծված քաղաքական թնջուկը մոտ ապագայում սիրո և համերաշխության ճանապարհով կունենա իր հանգուցալուծումը և կշարունակվեն երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները:

Հիշեցնենք, որ «Սլավյանսկի բազար» մրցույթում այս տարի Հայաստանի պատվիրակներն էին բազմաթիվ մրցույթների դափնեկիր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը և 9-ամյա Յանա Ստեփանյանը»,- հայտնել է Կիրակոսյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս