«Արևմտյան Ադրբեջանը» քարոզչական թեզ չէ. կա Ադրբեջանի թելադրանք, որը Փաշինյանն օգտագործում է հանրությանը նոր զիջումների տանելու համար. Տաթևիկ Հայրապետյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների 10-րդ փաթեթը։

«Գործընթացը դինամիկ է, երբեմն ունենում ենք առաջընթաց, երբեմն չենք ունենում։ Կշարունակենք աշխատել այն նպատակով, որ հնարավորինս արագ վերջնականացնենք»,- նշել է ԱԽ քարտուղարը, վերահաստատելով նաև մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ Հայաստանի պատրաստակամությունը։

Բանակցային այս ողջ փուլում Արևմուտքի բազմաթիվ պատգամավորներ ՀՀ իշխանություններին և Ադրբեջանին կոչ են անում խաղաղության պայմանագրում ներառել նաև արցախահայերի՝ Արցախ վերադառնալու հարցը։

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունը նման կետ կներառի պայմանագրում, Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ ո՞ր հարցերի շուրջ համաձայնության չեն գալիս։

Կարդացեք նաև

168.am հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադառնալով այս հարցերին, նախ նշեց, որ այն հայտարարությունները, թե այս կամ այն հարցի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը եկել են համաձայնության, այդպես չէ՝ այս հարցերն Ադրբեջանը լուծել է պատերազմով կամ պատերազմի սպառնալիքով։

«Արցախահայերի իրավունքների ու անվտանգության թեման դուրս է եկել այդ պայմանագրի քննարկումներից այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Դրանից հետո Ադրբեջանը սկսել է Արցախի բլոկադան, որը շարունակվել է Հակարիի կամրջի վրա ապօրինի անցակետի տեղադրմամբ։ Իսկ այս ամենի կուլմինացիան եղել է 2023 թվականի սեպտեմբերի ագրեսիան, ինչն էլ հանգեցրել է արցախահայերի բռնի տեղահանմանն ու էթնիկ զտմանը։ Այսինքն՝ երբ ասում են՝ այս հարցերը լուծել ենք, դրանք Ադրբեջանը պատերազմով լուծել է, ու օրակարգից դուրս են մղվել»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը։

Փորձագետն անդրադարձավ նաև  Տավուշում տեղի ունեցած սահմանային վերջին զարգացումներին, որոնք փորձում են ներկայացնել՝ որպես սահմանազատում ու սահմանագծում։ Իրականում որևէ կոմպրոմիս ձեռք չի բերվել ո՛չ քարտեզի, ո՛չ տրամաբանության շուրջ։

«Ադրբեջանը պահանջ է ներկայացրել, պահանջը ներկայացնելուց հետո սկսել է ագրեսիվ հռետորաբանություն և ապատեղեկատվություն այդ տարածքում լարվածության մասին։ Այդ տեղեկատվական ֆոնին Նիկոլ Փաշինյանը գնացել է և Տավուշում ապրող մարդկանց համոզել՝ եթե չգնան զիջումների, ապա պատերազմ է լինելու, և կրկին պատերազմի սպառնալիքի ներքո արվել է միակողմանի զիջում։ Եվ այս ամենը ներկայացնում են՝ որպես ձեռքբերում։ Արդյունքում՝ այդ ամբողջ գործընթացն իրականացվել է պատերազմի, ուժի և ուժի սպառնալիքի տրամաբանության մեջ, չկա բանակցություն և չկա մի հարց, որը լուծվել է բանակցությունների միջոցով։ Ուղղակի կա Ադրբեջանի թելադրանք, որը Նիկոլ Փաշինյանն օգտագործում է հայ հանրությանը նոր զիջումների տանելու համար»,-հավելեց մեր զրուցակիցը։

Փորձագետի խոսքով՝ տրամաբանական է, որ բարձրաձայնում են, որպեսզի խաղաղության պայմանագրում ներառվի Արցախ արցախահայերի վերադարձի հարցը, բայց հակատրամաբանական է, երբ ժողովրդին բռնի տեղահնման ու էթնիկ զտման ենթարկեն ու դա որևէ հետևանք չունենա։

«Ինչ վերաբերում է տարբեր դիվանագետների, նախկին ու գործող պաշտոնյաների հայտարարություններին, ապա դրանք սրերով են ընդունվում Բաքվում։ Սա է պատճառը, որ Բլինքենի՝ Փաշինյանին արած զանգից հետո, որտեղ նա կոչ էր անում առանց ավելորդ ձգձգման կնքել խաղաղության պայմանագիրը, նաև խոսում էր պահվող անձանց ազատ արձակման մասին,այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, Ադրբեջանը մեծ աղմուկ բարձրացրեց, պատերազմական հռետորաբանության նոր ալիք բարձրացվեց ու դրան զուգահեռ՝ Ադրբեջանի դատախազը հայտարարեց, որ այդ գործի քննությունն ավարտվում է։ Ինքս տպավորություն ստացա, որ իրենք փորձում են արագացնել այդ դատավարության գործը, որպեսզի փորձեն այդ մարդկանց պահել Բաքվում։ Այսինքն՝ ստացվում է, որ Միացյալ Նահանգների բարձրագույն ղեկավարներից եկող կոչերն Ադրբեջանը բոլորովին հակառակ ձևով է օգտագործում։ Եթե ԱՄՆ բարձագույն պաշտոնյաները կոչ են անում խաղաղության պայմանագիր ստորագրել անհապաղ, Բաքուն սկսում է  պատերազմական հռետորաբանություն բանեցնել։ Այդ կոչերն իրենք օգտագործում են Միացյալ Նահանգների հեղինակությունը տարածաշրջանում վտանգելու տեսանկյունից»,- շեշտեց Տ. Հայրապետյանը։

Վերջերս Ադրբեջանում  «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն էր անցկացվել, որի շրջանակներում հնչել էին կոչեր, որ «մի օր վերադառնալու են իրենց պատմական հայրենիք», մեր հարցին թե նման տրամադրվածությամբ, Ադրբեջանն ինչպե՞ս է գնալու խաղաղության, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց.

«Այդ ամենի հետ կապված ամենօրյա ռեժիմով են միջոցառումներ իրականացնում։ Ինչ վերաբերում է  վերադարձի թեմաներին, ապա այստեղ շատ կարևոր խնդիր կա, որ փախստականների թեման առհասարակ քննարկվել է նախորդիվ՝ Մինսկի խմբի ձևաչափով ընթացող բոլոր բանակցություններում։ Բայց խոսքը վերաբերել է բոլորին՝ Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ, այս քաղաքներում ջարդերի ենթարկված հայերին, ո՞վ է իրավունք վերապահել Ադրբեջանին այդ ամենն օգտագործել միակողմանի։

Այդ «Արևմտյան Ադրբեջան» թեզն իրականում ճիշտ օգտագործելու դեպքում ամբողջությամբ կարելի է ուղղել Ադրբեջանի դեմ, սա հստակ տարածքային նկրտում է Հայաստանի նկատմամբ։ Սա քարոզչական թեզ չէ, պետական մակարդակով տարածվող թեզ է, Ալիևի կողմից հստակ արված հրահանգ՝ այդ ուղղությամբ աշխատելու։ Սրա ուղղությամբ ՀՀ իշխանությունն աշխատանք չի տանում, դրա առաջ բոլորն առհասարակ աչք են փակում, և դրա ֆոնին Ադրբեջանն ավելի է  ակտիվացնում իր քաղաքականությունը։ Եթե դրա դեմ հստակ քայլեր ձեռնարկվեին, Ադրբեջանն այդ թեզի տարածման հարցում երբեք այսքան հեռուն չէր գնա, որովհետև սա ամբողջությամբ զավթողական թեզ է»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս