
Իսրայելն ու ԱՄՆ-ը Իրանին նվիրված հանդիպումը կանցկացնեն հուլիսին

Իսրայելը և ԱՄՆ-ը որոշել են անցկացնել Իրանին նվիրված հանդիպումը, որն ավելի վաղ չեղարկվել էր Սպիտակ տան կողմից: Այդ մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։
Հանդիպման ստույգ ժամկետը դեռ նշանակված չէ։ Սպասվում է, որ այն կկայանա հուլիսի կեսերին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի` ԱՄՆ-ի Կոնգրեսում հուլիսի 24-ին պլանավորված ելույթից առաջ։
Բանակցություններին մասնակցելու համար ԱՄՆ կժամանի Իսրայելի բարձրաստիճան պատվիրակությունը՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցախի Հանեգբիի և ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերի գլխավորությամբ։
Պորտալը հիշեցնում է, որ Իրանին նվիրված հանդիպումներ չեն անցկացվել 2023 թվականի մարտից։
Իրանի հարցի շուրջ Իսրայելի և ԱՄՆ-ի հանդիպումը պետք է կայանար հունիսի 20-ին, սակայն Սպիտակ տան կողմից չեղարկվել է այն բանից հետո, երբ Նեթանյահուն հրապարակեց տեսանյութ, որտեղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմին մեղադրել է Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու մեջ: