Փաշինյանը պատրաստ է այդ զիջումներին, ուղղակի ձևակերպումներ է փնտրում՝ դրանք իրականացնի ու հանրությանը համոզի. Ստեփան Դանիելյան
«Ադրբեջանն ասում է` դու ինձ չես թողել՝ ես 30 տարի ապրեմ․ ես էլ քեզ չեմ թողնելու՝ դու ապրես, ու պիտի վրեժս քեզանից լուծեմ»․ Հանքավանում ՔՊ քաղաքական ժողովին իր ելույթի ժամանակ ասել էր Նիկոլ Փաշինյանը: Այս ձևակերպումը հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ որակեցին Ադրբեջանի հին, նոր և հնարավոր հանցագործությունները լեգիտիմացնելու փորձ։
Արդյո՞ք այս արտահայտության տակ պետք է հասկանալ նաև նոր զիջումների օրակարգ՝ 168․am-ը հետաքրքրվեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանից։
«Զիջումներն անվերջ են, և հերթական զիջումը Սյունիքի մարզն է, որն Ադրբեջանը հավակնում է վերցնել։ Սա է իրականությունը,- ի պատասխան՝ նշեց քաղաքագետը՝ նկատելով, որ զիջումները կշարունակվեն այնքան, մինչև դիմադրության կհանդիպեն,- Հիշյալ գործող անձը պատրաստ է այդ զիջումներին, ուղղակի նա ձևակերպումներ է փնտրում, որպեսզի դրանք իրականացնի ու հանրությանը համոզի»։
Ինչպիսի՞ դիմադրություն է անհրաժեշտ, և արդյո՞ք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դեռևս հնարավորություն ունի դառնալու այդ դիմադրությունը՝ մեր հաջորդ հարցմանը քաղաքագետը պատասխանեց հիշեցմամբ, որ՝ շարժման առաջին իսկ օրերից նա կարևորել է շարժումը, բայցև անհրաժեշտ է համարել քաղաքական բաղադրիչի ներգրավումը։
«Երբ շարժումը նոր էր սկսվել, առաջին իսկ օրերին ասել էի՝ շարժումը բարոյական խնդիրներ է դնում, արժանապատվության խնդիրներ է դնում, և պատահական չէ, որ հոգևորական է այն առաջնորդում, որովհետև արժեքների խնդիր է լուծում։ Բայց նաև հենց առաջին օրերին հրապարակայնորեն ասել եմ, որ այն չունի քաղաքական բաղադրիչ, մինչդեռ ցանկացած շարժում պետք է ունենա քաղաքական բաղադրիչ, հրապարակային հայտարարված թիմ,- մանրամասնեց Ստեփան Դանիելյանը՝ նկատելով, որ շարժումը պետք է անդրադառնար «ովքե՞ր են շարժման մեջ, ովքե՞ր են որոշում և ինչպե՞ս են որոշումներ ընդունում, ո՞րն է լինելու իրենց քաղաքականությունը, ինչպե՞ս են տեսնում ապագան, ի՞նչ են առաջարկելու հանրությանը» և այլ քաղաքական հարցերին,- Քանի որ շարժումն ուղղված է հանրությանը, այն պետք է լինի մաքսիմալ թափանցիկ, և նույնիսկ չմտածես՝ քեզ գաղտնալսում են, չեն գաղտնալսում։
Սա ես չեմ տեսել մինչև հիմա․ եթե քաղաքական բաղադրիչը, թափանցիկությունը, հրապարակային հայտարարված կազմը չկա, ապա սա քաղաքական շարժում չէ, այլ բարոյական շարժում է։ Իսկ բարոյական շարժումը քաղաքական այլընտրանք չի կարող լինել»։