Բաժիններ՝

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

ԱՄՆ-ի իշխանությունները WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ գործարքի պայմանների համաձայն՝ պարտավորվել են հետագայում նրա դեմ ոչ մի կարգի նոր մեղադրանքներ:

«Միացյալ Նահանգները համաձայնվում է որևիցե նոր մեղադրանք չառաջադրել պատասխանողի դեմ նրա այն գործողությունների հիման վրա, որոնք կատարվել են մինչև մեղքի ընդունման այս համաձայնության կնքումը, եթե միայն պատասխանողը չխախտի սույն համաձայնությունը», – ասված է փաստաթղթում։

Սա ենթադրում է նաև, որ Միացյալ Նահանգներն Ասանժից չի պահանջի փոխհատուցում այն «ֆինանսական կորուստների» համար, որոնք կապված են «պատասխանողի կողմից ազգային պաշտպանությանը վերաբերող տեղեկատվության բացահայտման հետ»:

«Մինչ այս համաձայնությունը կհասնի դատարան, պատասխանողը պետք է ձեռնարկի հասանելի բոլոր գործողությունները՝ նպաստելու իր, WikiLeaks-ի կամ WikiLeaksի որևէ մասնաճյուղի տիրապետության տակ գտնվող չհրապարակված տեղեկատվության՝ ԱՄՆ-ին վերադարձնելուն կամ ոչնչացնելուն»,- նշված է համաձայնության մեջ։ Բացի այդ, գործարքի համաձայն, Ասանժը հրաժարվել է դատարանի վճիռը բողոքարկելու իրավունքից։

Ավելի վաղ Սայպան կղզում (Հյուսիսային Մարիանյան Կղզիների Համագործակցություն) ԱՄՆ Դաշնային շրջանային դատարանի դատավոր Ռամոնա Մենգլոնան Ասանժին դատապարտել էր բանտարկության՝ արդեն բրիտանական բանտում կրած ժամկետով։ Նա ազատ դուրս է եկել դատարանի դահլիճից: WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կողմից մեղքի մասնակի ընդունումը դարձել է ԱՄՆ-ում նրա գործով դատավարության ավարտը։

Ինչպես նիստից հետո լրագրողներին հայտարարել է Ասանժի փաստաբան Բարրի Փոլակը, WikiLeaks-ի աշխատանքը կշարունակվի։ Ասանժն ինքը դուրս է եկել դատարանի շենքից՝ հրաժարվելով մամուլի համար մեկնաբանություններից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս