«Իշխանությունը հայելային հետքաշման օրինակը տեսնելով Փառուխում ու Քարագլխում, պետք է առհասարակ հրաժարվեր նման գաղափարից». Ռազմական փորձագետ

Հունիսի 6-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի՝ ժամանակին արված հայտարարությանը, թե պետք է սահմանին երկու կողմերի զորքերի հայելային հետքաշում տեղի ունենա, որից հետո միայն տեղի կունենա սահմանազատման և սահմանագծման գործընթաց։ Այն ժամանակ փոխնախարարը վստահեցրել էր, որ այդ հարցը քննարկման փուլում է։

«Գիտեք, որ քննարկումներ են սկսվել, այդ առաջարկը նույնպես սեղանին է։ Այդ առաջարկի վերաբերյալ մեր միջազգային մի շարք գործընկերներ հայտնել են իրենց դիրքորոշումը։ Բանակցությունների ընթացքում կտեսնենք՝ ինչպես կլինի։

Բանակցային գործընթացը գաղտնի է, և մենք չգիտենք՝ ինչպես է ընթանում բանակցությունը, չեմ կարող բացահայտել, ինքս էլ բանակցային թիմի մաս չեմ»,- ասել էր Պարույր Հովհաննիսյանը։

Ի՞նչ ռիսկեր է պարունակում այս առաջարկը, հայելային հետքաշումն իրականում որքանո՞վ է հայկական կողմին ձեռնտու։

168.amը թեմայի շուրջ զրուցել է Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանի հետ։ Նա մասնավորապես ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու են ՀՀ իշխանություններն անընդհատ բարձրաձայնում հայելային հետքաշման մասին։

«Պետք է հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ում է պետք այն սարը, որի վրա տարին 12 ամիս ձյուն է։ Հիմա տեսեք, թե թշնամին ինչքան է խորացել Սյունիքում։ Մենք այսքանից հետո այլևս հետքայլ անելու տեղ չունենք, էլ ո՞ւր հետ գնաք՝ թշնամին ՀՀ սուվերեն տարածքում է։

Հայելային հետքաշման մեկ օրինակը ՀՀ իշխանությունը տեսնելով Փառուխում ու Քարագլխում, պետք է առհասարակ հրաժարվեր նման գաղափարից։

Կան զարգացումներ, որոնք կապված են Ուկրաինայի հետ, և եթե Արևմուտքին թվում է, որ իրենց համար դրական ելք է լինելու, այդպես չէ, շուտով այլ բան ենք տեսնելու։ Կարող եմ հստակ ասել, որ Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի»,- նշեց Մարտին Եսայանը։

Մինչդեռ, ըստ ռազմական փորձագետի, Հայաստանի իշխանությունն այդ գաղափարից հրաժարվելու փոխարեն՝ այն դարձնում է քննարկման առարկա։

«Այս համատեքստում նաև մեկ դիտարկում անեմ Փառուխի և Քարագլխի վերաբերյալ։ Կարծում եմ՝այդ բացթողումը եղել է ռուսական կողմից։ Այսինքն՝ իրենք ասել են՝ հայելային հետքաշում արեք, ու եկել մտել են դիրքեր, ռուսական կողմն էլ կտրուկ քայլերի չի դիմել։ Բայց դե հստակ կարող եմ ասել, որ թշնամին այդ ժամանակ զոհեր է ունեցել՝ 50-ից ավելի։ Կարծում եմ՝ այդ սխալը կշտկվի, ու ադրբեջանական զորքը պետք է հետ գնա իր դիրքեր»,- ընդգծեց ռազմական փորձագետը։

Միաժամանակ նա նկատեց՝ այն, ինչ պետք է լիներ, արդեն եղել է՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների գաղտնի պայմանավորվածության արդյունքում։

«Թերևս, այդ պայմանավորվածություններն են պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս ԱԺ-ում հայտարարեց, թե նույնիսկ այդ քայլերը և պայմանագիրը խաղաղության վերաբերյալ չեն կարող երաշխավորել, որ իսկապես խաղաղ կլինի։ Այսինքն՝ նա հստակ ասաց, որ տալու ենք ամեն ինչ, բայց փոխարենը խաղաղություն ու անվտանգություն չենք երաշխավորում։

Հիմա մենք բոլորս մեկ մարդու նման պետք է կանգնենք, որպեսզի ինքներս մեր խաղաղությունն ապահովենք։

Միայն մեկ բան կասեմ՝ կարճ ժամանակ է մնացել, զարգացումներ են սպասվում, և որքան շուտ հեռանա այս իշխանությունը, այնքան մեր երկրի օգուտն է։ Պարզ եմ ասում՝ այս իշխանությանը՝ իր նախարարներով ու այլ պաշտոնյաներով, տեսնելուց հետո, կտեսնեք, թե ինչ անլուրջ են վերաբերվում մեր երկրին, որևէ մեկն իր տեղում չէ, որևէ մեկը»,- եզրափակեց Մարտին Եսայանը։

Տեսանյութեր

Լրահոս