Հայելային հետքաշման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը սեղանին է՝ քննարկումների փուլում. փոխարտգործնախարար

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանին Հայաստանի  ներկայացրած 6 առաջարկների վերաբերյալ որևէ պաշտոնական պատասխան չեն ստացել։

«Մամուլում տարբեր շահարկումներ ու արտացոլումներ կային, սակայն որևէ պաշտոնական դիրքորոշման մասին ինքս տեղյակ չեմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պարույր Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ բանակցությունների հիմնական նպատակն է՝ համադրել երկու կողմերի մոտեցումները, թե որքանով դա կհաջողվի՝ կերևա բանակցությունների ընթացքից։

«Դուք ծանոթ եք այդ բանակցությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններին, սակայն այս պահին, թե երբ տեղի կունենա այդ բանակցությունները, «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ որևէ որոշում չկա։ Դուք գիտեք, որ կա կողմերի նախնական պայմանավորվածությունը, սակայն ամեն ինչ դեռևս քննարկումների փուլում է, նաև բանակցությունների օրը, սկիզբը և բոլոր այլ էլեմենտները»,- նշեց ԱԳ նախարարի տեղակալը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ ժամանակին արված հայտարարությանը, թե պետք է սահմանին երկու կողմերի զորքերի հայելային հետքաշում տեղի ունենա, որից հետո միայն տեղի կունենա սահմանազատման և սահմանագծման գործընթաց,  Պարույր Հովհաննիսյանը նշեց, որ այդ հարցը ևս  քննարկումների փուլում է։

«Գիտեք, որ քննարկումներ են սկսվել, այդ առաջարկը նույնպես սեղանին է։ Այդ առաջարկի վերաբերյալ մեր միջազգային մի շարք գործընկերներ հայտնել են իրենց դիրքորոշումը։ Բանակցությունների ընթացքում կտեսնենք՝ ինչպես կլինի։

Բանակցային գործընթացը գաղտնի է, և մենք չգիտենք՝ ինչպես է ընթանում բանակցությունը, չեմ կարող բացահայտել, ինքս էլ բանակցային թիմի մաս չեմ»,- շեշտեց նախարարի տեղակալը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ բանակցությունները սկսվել են առանց նախապայմաների, և չի կարելի ասել, որ հայկական կողմը զիջել է, կամ մյուս կողմը չի զիջել։

«Այս պահին կարևորն այն է, որ բանակցությունները սկսվել են»,- եզրափակեց Պարույր Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս