Բաժիններ՝

ՉԺՀ-ն ԱՄՆ-ին նախազգուշացրել է Տայվանին աջակցելու պատճառով երկկողմ հարաբերությունների հիմքերի խարխլման մասին

Վաշինգտոնի քաղաքականությունը, որն ուղղված է Տայվանին աջակցելու եւ կապերը զարգացնելու միջոցով Չինաստանի վրա ճնշում գործադրելուն, ոչ միայն դատապարտված է ձախողման, այլեւ կարող է խարխլել չին-ամերիկյան հարաբերությունների հիմքը: Այդ մասին հայտարարել է Չինաստանի Կոմկուսի կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչին, որի խոսքը մեջբերում են չինական ԶԼՄ-ները:

«Չինական հարցը կապված է չին-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքի հետ եւ, եթե այն չլուծվի հարկ եղած ձեւով, ապա դա խափանարար ազդեցություն կունենա դրանց վրա»,-Յան Ցզեչին ասել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի հետ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանը:

Չին պաշտոնյան նշել է, որ «խարխլման ռիսկը ոչ միայն առկա է, այլեւ շարունակելու է մեծանալ այն չափով, թե ինչպես են Միացյալ Նահանգներն իրականացնում «Տայվանի օգտագործմամբ Չինաստանի վրա հսկողության» քաղաքականությունը», իսկ տայվանյան իշխանությունները Միացյալ Նահանգներին են ապավինում անկախության հռչակման հարցում»: Յան Ցզեչին ընդգծել է, որ «Չինաստանի դիրքորոշումն ազգային ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում միանշանակ է եւ հաստատուն», մյուս երկրները չեն կարող միջամտել Չինաստանի ներքին գործերին, եւ «ցանկացած ակտ, որը խոչընդոտում կամ վնաս է հասցնում Չինաստանի ազգային միասնությանը, լիակատար ձախողման է ենթակա»:

Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ը վերջին ժամանակներս նպատակամիտված է «ուժեղացնել Չինաստանի վրա ճնշումը եւ բազմակողմանի զսպումը», ուստի երկու երկրների միջեւ հարաբերությունները «գտնվում են կրիտիկական քառուղում»:

Ամերիկյան կողմը պետք է վերափոխի Չինաստանի նկատմամբ իր ռազմավարական ըմբռնումը, նա «չպետք է որեւէ մոլորություն կամ պատրանքներ ունենա», նշել է պաշտոնյան: Հաղորդագրությունների մեջ ասվում է, որ կողմերը նաեւ քննարկել են Ուկրաինայի եւ Հյուսիսային Կորեայի հարցերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս