Համայնքների հերթական խոշորացումը. այս անգամ արդեն խոշորացված 13 համայնքը կդառնա 5
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ներկայացրեց «Վարչատարածքների բաժանման», ՏԻՄ-երի և «Հանրային ծառայության» մասին օրենքները և առաջարկեց այդ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարել։
«Առաջարկում ենք այս փաթեթը համարել անհետաձգելի և ուղարկել ԱԺ, հաշվի առնելով, որ ժամկետների որոշակի խնդիր ունենք»,- նշեց նախարարը։
Ըստ Գնել Սանոսյանի՝ 2016 թվականին, երբ սկսվեց համայնքների միավորման, խոշորացման գործընթացը, մինչև այսօր ՀՀ 908 բնակավայր միավորվել են 72 համայնքների մեջ։
«Այժմ մենք ունենք 72 խոշորացված համայնք և 7 համայնքներ, որոնք խոշորացված չեն։ Դրանք Երևանը, Գյումրին են և ազգային փոքրամասնություններով բնակեցված առանձին բնակավայրեր։ Առաջարկում ենք այս պահին 13 խոշորացված համայնքները միավորել 5 համայնքների մեջ, նկատի ունենալով, որ վերջին տարիներին քննարկումների արդյունքում ավելի արդյունավետ կլինի շրջանային մոդելի տարբերակը։ Այս որոշումներով վերադառնում ենք շրջանային մոդելի, այդ փոփոխություններով Արագածոտնի մարզում Թալին և Արագածավան համայնքներն առաջարկում ենք միավորել, որոնք կընդգրկեն 34 բնակավայր։ Գեղարքունիքի մարզում էլ միավորել Ճամբարակ և Շողակաթ համայնքները, Լոռու մարզում էլ ունենալ Ալավերդի խոշորացված համայնք, որը կընդգրկի Օձունը, Շնողը, Աղթալան և Ալավերդին 28 բնակավայր, Սյունիքում էլ Սիսիանն ու Գորայք համայնքները միավորենք»,- շեշտեց Գնել Սանոսյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ խոշորացված 13 համայնքներում կա 141 բնակավայր, որի արդյունքում Հայաստանում կլինի 64 խոշորացված համայնքներ, իսկ ընդհանուր առմամբ այժմյան 79-ը կդառնա 71։ Այս փոփոխությունները նախատեսված է իրականացնել սեպտեմբերի 25-ին նախատեսված ընտրություններով։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում