«Զարմանում եմ, թե դատավորը որտեղի՞ց գիտի՝ մենք ինչ ունենք ասելու, իսկ մենք շա՜տ բան ունենք ասելու․․․»․ Կարին Տոնոյան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները հավաքվել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց և պահանջում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցվի, և, որ դատավարությունը դռնբաց ռեժիմով անցկացվի։

44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ՝ հերթական դատական նիստի ժամանակ, ականատես են եղել դատարանի կողմից զոհվածների ծնողների նկատմամբ կամայական մոտեցման․

«Նախ հենց սկզբից դատավորն այնպիսի վերաբերմունք էր արտահայտում, որից ընկալելի էր, որ մեր ներկայությունը, առավել ևս՝ դատին մասնակից լինելու մեր պահանջն ընդունելի չէ։ Մեր փաստաբանի միջնորդությանը, որ ծնողները՝ որպես տուժող կողմ, դառնան երրորդ անձ, դատավորը պատասխանեց՝ իսկ ի՞նչ պետք է ասեն ծնողները, որ դուք դեռ չեք ասել։

Ես զարմանում եմ, թե դատավորը որտեղի՞ց գիտի՝ մենք ինչ ունենք ասելու, իսկ մենք շա՜տ բան ունենք ասելու, և այն փաստերը, որոնց տիրապետում են ծնողները, ո՛չ փաստաբանները, ո՛չ էլ դատավորը չեն տիրապետում, որովհետև յուրաքանչյուր ծնող գնացել է իր երեխայի հետևից, իր երեխայի հետ կատարվածի հետևից, և ծնողները շատ-շատ ապացույցներ ունեն, որոնք ապացուցում են, որ կատարվել է պետական դավաճանություն, և մեր երեխաները ոչ թե զուտ պատերազմի զոհ են, այլ նախապես կազմակերպված, դավադիր պատերազմի և պետական դավաճանության հետևանքի զոհ են։ Մենք չէինք էլ մտածում, որ մեզ մի օր կարող են արգելել մասնակցել դատական նիստերին․․․»։

Կարին Տոնոյանը նկատեց, որ դատավարությունն այլ ուղղությամբ տանելու միտում են տեսնում․

«Սովորաբար դատախազները դատի ժամանակ ավելի շատ տուժողի կողմն են պահում, բայց մենք ականատես եղանք դատավոր-դատախազ փոխադարձ պաշտպանության, ավելի շատ իրար էին պաշտպանում, քան թե դատախազները կոչված էին մեզ պաշտպանելու։

Սա մեզ մտածելու տեղիք տվեց, որ այս դատը, հնարավոր չէ՝ լիարժեք իրավական դաշտում տեղի ունենա։ Այսինքն՝ արդեն կա կանխամտածվածություն, արդեն կա միտում, թե ո՛ր ուղղությամբ տանել դատը։ Սա, իհարկե, մեր ենթադրություններն են, որոնց հիմքը տվել են իրենք՝ դատավորը և դատախազը․․․»։

Անդրադառնալով երեկ դատարանի դահլիճում ծնողների և դատավորի միջև տեղի ունեցած վիճաբանությանը, ապա դատավորի՝ դրան հաջորդած որոշմանը, որ դատավարությունն այսուհետ դռնփակ ռեժիմով է անցկացվելու, Կարին Տոնոյանն ասաց, որ հենց այս որոշման դեմ են այսօր հավաքվել ԲԴԽ-ի շենքի մոտ․

«Հայաստանը շատ փոքրիկ երկիր է, բոլորս գիտենք՝ ով ով է և ով որտեղից է հրահանգներ ստանում։ Շատ ցավում ենք, որ մեր դատական համակարգն այսօր այս վիճակում է գտնվում։ Բացի նրանից, որ եկել ենք մեր պահանջը ներկայացնելու, ուզում ենք ասել, որ մենք՝ ծնողներս, պայքարելու ենք, որպեսզի դատական վիճակը ստանա ազատություն և չկատարի երկրի վարչապետի կամքը, որովհետև դա ակնհայտ է։

Պետք է փոխվի այդ որոշումը, ինչպես բոլոր հրահանգներն այստեղից են գնում, ինչպես այստեղի հրահանգով դատավորն ապօրինի է ընտրվել, որովհետև մեզ չեն ներկայացրել ապացույցներ, որ այբբենական կարգով է ընտրված մեր դատավորը, ասում են՝ արձանագրություն չկա, որը ծիծաղելի է, անգամ դպրոցի ուսուցիչն օրվա դասի արձանագրությունը պահում է։

Մենք պահանջում ենք, որ այստեղից՝ ԲԴԽ-ից, իջեցվի այդ հրահանգը, որ այդ որոշումը չեղարկվի։ Եվ քանի որ այս դատը հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ և՛ ծնողներին թույլատրվի մասնակցել, որպես երրորդ անձ՝ մասնակից կողմ, և՛ պահանջում ենք, որպեսզի լրատվամիջոցներն անպայման ներկա լինեն, որպեսզի բավարարվի նաև հանրային հետաքրքրությունը, հանրությունը տեսնի, թե ինչպես է անցկացվում այս դատը, և լսի բոլոր այն սահմռկեցուցիչ հանգամանքները, որոնց պայմաններում զոհվել են մեր զավակները․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս