«Այդքան սպասված արևմտյան ռազմական օգնությունն ի վիճակի չեղավ բեկում մտցնել ռազմաճակատում. իրավիճակն ավելի ճակատագրական է դառնում Զելենսկու համար». Գրիգոր Բալասանյան

Արդեն 3 ամսից ավելի է, շարունակվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը, և ըստ ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի՝ ռազմական տեսանկյունից Ուկրաինայում իրավիճակը շարունակում է բավականին բարդ մնալ, սակայն վերջին շրջանում  տեղի ունեցան լուրջ փոփոխություններ։

«Այդ լուրջ փոփոխությունները վկայում են այն մասին, որ հանգուցալուծումը կարծես մոտ է։ Խոսքը, իհարկե, «Ազովստալ» գործարանի մասին է, որտեղից դուրս եկան ազիստական խմբավորման մնացորդները, որոնք շրջափակման մեջ էին գտնվում։ «Ազովստալ» գործարանում տարվող գործընթացների ավարտը դա զուտ ռազմական բնույթի հաղթանակ չէ, այն հսկայական հոգեբանական նշանակություն ունեցավ, որովհետև «ազովցիները» ուկրաինական հասարակության կողմից դիտարկվում էին անպարտելի խմբավորում, որի դեմ անպարտելի գերտերություն Ռուսաստանն անգամ չի կարող որևէ բան անել։ Սա է պատճառը, որ հետևելով իրադարձություններին՝ վերջին 2-3 օրերի ընթացքում  ամբողջական քաղաքներ են հանձնվում ուկրաինացիների կողմից, և ուկրաինական զորքերը նահանջում են։ Եթե հետևում ենք պաշտոնական տեղեկատվությանը, ապա վերջին 2-3 օրերի ընթացքում հետևելով ՌԴ զինված ուժերի տելեգրամյան ալիքներին, պարզ է դառնում, որ եթե նախկինում մեկ քաղաքի համար մեկ շաբաթ պայքարում էին, ապա այսօր արդեն մեկ օրում մի քանի քաղաքներ են վերցնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Բալասանյանը։

Ըստ նրա՝ այս ամենը վկայում է, որ ռազմաճակատում ուկրաինացիների անհաջողություններն արդեն ակնհայտ են, անգամ Ուկրաինայի նախագահ Զելենսկին չի կարողանում այդ ամենը թաքցնել։ Նա ընդունում է այն փաստը, որ օրական 100 զոհ է տալիս ուկրաինական բանակը։ Ըստ էության Զելենսկին շատ քիչ թիվ է ասում, սակայն այդ ամենն ապացուցում է, որ իրականում վիճակը բավականին ծանր է։

«Արևմտյան այդքան գովաբանած և սպասված ռազմական օգնությունն ի վիճակի չեղավ բեկում մտցնել ռազմական ճակատում և գործողություններում։ Եվ իրավիճակը գնալով ավելի ճակատագրական է դառնում Զելենսկու համար։ Երեկ նա հայտարարել էր, որ եթե իրեն սպանեն, ապա իր տեղապահի անունն արդեն  կա,  և Ուկրաինան չի զգալու տարբերությունը, այսինք՝ կառավարման փոփոխություն չի լինելու և ամեն ինչ գնալու է այն գծով, որը նախանշել են»,- հավելեց Գրիգոր Բալասանյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ռուս-ուկրաինական հակամարտության արագ հանգուցալուծումն այս պահին Ռուսաստանին էլ ձեռնտու չէ, որովհետև հիմա ԱՄՆ 1 դոլարի արժեքը դարձել է 57 ռուբլուց էլ քիչ, մինչդեռ պատերազմից առաջ 70 էր։ Ռուսաստանի տնտեսությունը կարողացավ դիմանալ շոկային վիճակին, և այժմ անգամ եվրոպացիներն են ընդունում, որ օրական նավթից ու գազից մոտ 1 մլրդ եվրոյի չափով գումար է մտնում ռուսական բյուջե։

«Գազի գներն անհասկանալի բարձրացել են և անգամ անհասանելի են դառնում շարքային եվրոպացու համար։ Եվրոպայի տնտեսությունը ճաքեր է տալիս և այլևս չի դիմանում այդ քաղաքական ավանտյուրային, որ կատարվեց Միացյալ Նահանգների կողմից. սանկցիաներ կիրառվեցին ՌԴ-ի նկատմամբ։ Ըստ էության Ռուսաստանն ազատագրում է ՌԴ կայսրության հողերը, և իրենք դա արդեն  չեն էլ թաքցնում։ Խերսոնի մարզի ղեկավարության հայտարարությանն այսօր արդեն հաջորդեց Զապորոժիե մարզի քաղաքային ժամանակավոր կոմիտեի հայտարարությունն առ այն, որ Զապորոժիե մարզն առաջիկայում ամբողջությամբ ազատագրվելուց հետո այլևս երբեք չի լինելու Ուկրաինայի կազմում, և այն միանալու է Ռուսաստանին։ Կարծում եմ՝ սա հսկայական նշանակություն ունի, անկախ այն ամենից, թե Արևմուտքը, արևմտյան լրատվամիջոցները և Արևմուտքի կողմից ֆինանսավորվող փորձագետներն ինչ են ասում այս իրադարձությունների մասին, ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանն իրոք հաղթում է։ Ռուսաստանը հաղթում է ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ ապագայի համար՝ հետագայում նաև իրեն միացնելով հսկայական տարածքներ, որոնք ոչ միայն տարածք են, այլև համարվում են ուկրաինական տնտեսության հիմքը»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով,  պետք է ուշադրություն դարձնել ուկրաինական քարոզիչներին, նրանց շարքում հայտնիներից է ուկրաինացի լրագրող Գորդոնը, որը պատերազմից առաջ ծաղրանքով էր վերաբերվում ՌԴ-ին և ՌԴ նախագահին։ Իսկ երեկ ռուս բլոգերի հետ  «զումով» զրույցի ժամանակ  ռուս բլոգերը  հարց էր տվել, թե ո՞վ է հաղթում՝ Ուկրաինա՞ն, թե՞ Պուտինը։

«Գորդոնը պատասխանել է, որ եթե այսօր Խերսոնի, Խարկովի, Զապորոժիե մարզի մեծ մասը, ամբողջ Դոնեցկի և Լուգանսկի մարզերն այս պահին գտնվում են Ռուսաստանի ձեռքում, և ՌԴ-ն այս պահին իր տրամադրության տակ է պահում 125 հազ. քառ. կմ կամ Ուկրաինայի տարածքի 21 տոկոսը, ապա հարցն ու պատասխանն ակնհայտ է, որ, ցավոք, բայց հաղթում է Պուտինը։ Քիսինջերի Դավոսում արած հայտարարությունը շատ կարևոր էր, նա պատահական մարդ չէ, նա ԱՄՆ արտաքին քաղաքականության պատրիարքն է։ Նա ասել է՝ որպեսզի Ուկրաինան կարողանա հարցը լուծել, պետք է առաջին հերթին պայմանավորվի ՌԴ-ի հետ և պետք է համակերպվի տարածքային կորուստների հետ»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։

Տեսանյութեր

Լրահոս