Միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն․ Իրանի դեսպանը՝ ՀՀ–ի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների մասին. news.am
Հայ–իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հարցազրույց է տվել NEWS.am–ին։
– Միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումն է, որը տարբեր մակարդակներում վերահաստատվել է բոլոր պաշտոնյաների կողմից: Եվ դժվար թե որևիցե մեկը կասկածի այդ հարցում: Իհարկե, մենք ողջունում ենք երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու շրջանակում հարևան երկրների միջև ձեռք բերված համաձայնեցումների իրագործումը և դա օգտակար ենք համարում տարածաշրջանում կայունության մակարդակի բարձրացման և տարածաշրջանի ժողովրդների բարեկեցության համար։
– Ադրբեջանը փակել է Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածը եւ հայտարարել, որ մինչեւ ձմեռ այն չի բացելու։ Այս պարագայում Երեւան հասնելու համար իրանական բեռնատարների համար միակ ճանապարհը մնացել է Տաթեւ-Աղվանո այլընտրանքային ճանապարհը, որը, հատկապես եղանակային անբարենպաստ պայմաններում դժվարանցանելի է դառնում հատկապես կցորդիչով բեռնատարերի համար։ Հաշվի առնելով հանգամանքը, որ իրանական բեռնատարները հաճախ օգտվում էին այդ ճանապարհից, արդյոք Ադրբեջանը Իրանին տեղեկացրել է իր մտադրության մասին, ինչպես դա կանդրադառնա Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությանը։
– Ստեղծված իրավիճակի մասին նախապես տեղեկացված չենք եղել, թեև փորձագիտական ուսումնասիրությունների առումով այն հավանական էր համարվում։ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հետևանքով առևտրի ոլորտին հասցված վնասը կարճատև ենք համարում։ Օգտագործվող և բարեկարգվող ներկայիս այլընտրանքային ճանապարհի ստեղծումը գրեթե լուծել է խնդիրը, սակայն հիմնական լուծումը, որը մեծապես կնպաստի երկու երկրների տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, Հայաստանի տարածքում «Հյուսիս-հարավ» ճանապարհի նախագծի ավարտն է, որը միջազգային նշանակություն կունենա։
– Իրանը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Որոնք են որոշման հիմնական պատճառները, ե՞րբ սպասենք գործընթացի ավարտին։
– Գլխավոր հյուպատոսության հիմնումը տարբեր տեսանկյուններից անհրաժեշտ էր և այդ նախաձեռնությունը վկայում է և՛ տարածաշրջանային խնդիրների նկատմամբ Իրանի լուրջ ուշադրության, և՛ երկու երկրների միջև հարաբերությունները դյուրացնելու, հատկապես՝ Իրանի քաղաքացիներին և տնտեսվարողներին ծառայություններ մատուցելու անհրաժեշտության մասին: Հուսով ենք, որ առաջիկայում գլխավոր հյուպատոսության աշխատանքի մեկնարկի ականատեսը կլինենք։ Այս առումով մեծ աշխատանք է կատարվել, համապատասխան այլ աշխատանքները ևս ընթացքի մեջ են և վերջնական տեսքի են բերվում:
– Աշխարհաքաղաքական նոր իրավիճակում, երբ Ռուսաստանի Դաշնությունը արեւմտյան պատժամիջոցների տակ է եւ Հայաստանը կարող է բախվել արտահանման եւ ներմուծման դժվարությունների, ի՞նչ նոր հնարավորություններ է Իրանը տեսնում՝ Հայաստանի հետ առեւտրի ծավալները մեծացնելու համար։
– Այս ճգնաժամի ծագումը, այն երևույթը չէ, որ մարդկային տեսանկյունից ուրախության պատճառ դառնա: Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետը հստակորեն ներկայացվել է, և այն ռազմական հակամարտության անհապաղ դադարեցման անհրաժեշտությունն է: Սակայն ոչ ոք չի կարող հերքել այն պայմանների փոփոխությունը, որը վերջին ամիսների ընթացքում ստեղծվել է տարբեր շուկաներում: Իրավիճակը, հատկապես էներգետիկ և առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում, ենթարկվել է զգալի փոփոխությունների, որոնք կբարդացնեն իրավիճակը շատ երկրների համար։ Չնայած այս բոլոր զարգացումներին, մենք ձգտում ենք ընդլայնել տնտեսական և առևտրային հարաբերությունները մեր բարեկամ և հարևան երկրի՝ Հայաստանի հետ։